ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

Ընդունված Ազգային ժողովի կողմից
1998 թվականի մայիսի 5-ին

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

 

Հոդված 1. Քաղաքացիական օրենսդրությամբ և քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունները

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը կազմված է սույն օրենսգրքից և քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ օրենքներից:

Այլ օրենքներում պարունակվող քաղաքացիական իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին:

2. Քաղաքացիական օրենսդրությունը, ինչպես նաև քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները (այսուհետ` այլ իրավական ակտեր) սահմանում են քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավական վիճակը, սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ բացառիկ իրավունքների (մտավոր սեփականություն) ծագման հիմքերն ու իրականացման կարգը, կարգավորում են պայմանագրային և այլ պարտավորություններ, ինչպես նաև այլ գույքային ու դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերություններ:

Քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունների մասնակիցները` ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիներ) ու իրավաբանական անձինք են, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը և համայնքներն են (հոդված 128):

Քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կանոնները կիրառվում են օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

3. Քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը կարգավորում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց միջև կամ նրանց մասնակցությամբ հարաբերությունները:

4. Ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ:

5. Մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների և մյուս ոչ նյութական բարիքների իրականացման ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան չի բխում այդ հարաբերությունների էությունից:

6. Մեկ կողմի` մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային` ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:

 

Հոդված 2. Ձեռնարկատիրական գործունեություն

 

Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:

 

Հոդված 3. Քաղաքացիական օրենսդրության սկզբունքները

 

1. Քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

2. Քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

Քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար:

3. Ապրանքները, ծառայությունները և ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տեղաշարժվում են ազատորեն:

Ապրանքների և ծառայությունների տեղաշարժման սահմանափակումներ կարող են մտցվել օրենքին համապատասխան, եթե դրանք անհրաժեշտ են մարդկանց անվտանգության ապահովման, կյանքի և առողջության պաշտպանության, բնության ու մշակութային արժեքների պահպանության համար:

 

Հոդված 4. Այլ իրավական ակտեր

 

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78 հոդվածին համապատասխան` սույն օրենսգրքի 1 հոդվածում նշված հարաբերությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սահմանած ժամկետում կարող են կարգավորվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներով:

2. Սույն օրենսգրքի և այլ օրենքների հիման վրա ու ի կատարումն դրանց` Հայաստանի Հանրապետության Նախագահն իրավունք ունի ընդունել քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող հրամանագրեր:

3. Սույն օրենսգրքի և այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի հիման վրա ու ի կատարումն դրանց` Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ընդունել քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող որոշումներ:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, սույն օրենսգրքին կամ այլ օրենքի հակասելու դեպքում, կիրառվում է սույն օրենսգիրքը կամ համապատասխան օրենքը:

5. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերում և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներում պարունակվող քաղաքացիական իրավունքի նորմերի գործողությունն ու կիրառումը որոշվում են սույն գլխի կանոններով:

6. Նախարարությունները և գործադիր իշխանության այլ մարմինները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները կարող են քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող ակտեր հրապարակել միայն սույն օրենսգրքով, այլ օրենքներով և իրավական ակտերով նախատեսված դեպքերում ու սահմաններում:

 

Հոդված 5. Քաղաքացիական օրենսդրության և այլ իրավական ակտերի գործողությունը ժամանակի մեջ

 

1. Քաղաքացիական օրենսդրության ակտերը և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն ու կիրառվում են ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

Օրենքի գործողությունը մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում է միայն այն դեպքերում, երբ դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

2. Մինչև քաղաքացիական օրենսդրության ակտի կամ այլ իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերություններով այն կիրառվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավունքների և պարտականությունների նկատմամբ: Մինչև քաղաքացիական օրենսդրության ակտի կամ այլ իրավական ակտի ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրի կողմերի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 438 հոդվածին համապատասխան:

 

Հոդված 6. Քաղաքացիական օրենսդրությունը, այլ իրավական ակտերը և միջազգային պայմանագրերը

 

1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը սույն օրենսգրքի 1 հոդվածում նշված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են անմիջականորեն, բացի այն դեպքերից, երբ միջազգային պայմանագրից բխում է, որ դրա կիրառման համար պահանջվում է ներպետական ակտի հրատարակում:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

 

Հոդված 7. Գործարար շրջանառության սովորույթներ

 

1. Գործարար շրջանառության սովորույթ է համարվում ձեռնարկատիրական գործունեության որևէ բնագավառում ձևավորված և լայնորեն կիրառվող օրենսդրությամբ չնախատեսված վարքագծի կանոնը, անկախ դրա` որևէ փաստաթղթում ամրագրման հանգամանքից:

2. Օրենսդրության պարտադիր դրույթներին կամ պայմանագրին հակասող գործարար շրջանառության սովորույթները չեն կիրառվում:

 

Հոդված 8. Քաղաքացիական իրավական նորմերի մեկնաբանումը

 

Քաղաքացիական իրավական նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ:

Քաղաքացիական իրավական նորմերի տեքստում կիրառվող բառերի և արտահայտությունների տարբեր ձևերով մեկնաբանման դեպքում, նախապատվությունը տրվում է սույն օրենսգրքի 3 հոդվածի 1-ին կետում շարադրված` քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին համապատասխանող մեկնաբանմանը:

 

Հոդված 9. Քաղաքացիական իրավական նորմերի կիրառումն անալոգիայով

 

1. Այն դեպքերում, երբ սույն օրենսգրքի 1 հոդվածում նախատեսված հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, և բացակայում է դրանց նկատմամբ կիրառելի գործարար շրջանառության սովորույթը, նման հարաբերությունների նկատմամբ, եթե դա չի հակասում դրանց էությանը, կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող քաղաքացիական օրենսդրության նորմերը (օրենքի անալոգիա):

2. Օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում կողմերի իրավունքները և պարտականությունները որոշվում են` ելնելով քաղաքացիական օրենսդրության սկզբունքներից (իրավունքի անալոգիա):

3. Քաղաքացիական իրավունքները սահմանափակող և պատասխանատվություն սահմանող նորմերի կիրառումն անալոգիայով չի թույլատրվում:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ: ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 10. Քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմքերը

 

1. Քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են`

1) օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմք.

3) քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից.

4) օրենքով թույլատրվող հիմքերով գույք ձեռք բերելու հետևանքով.

5) գիտության, գրականության, արվեստի ստեղծագործություններ, գյուտեր և մտավոր գործունեության այլ արդյունքներ ստեղծելու հետևանքով.

6) այլ անձին վնաս պատճառելու հետևանքով.

7) անհիմն հարստացման հետևանքով.

8) քաղաքացիների և իրավաբանական անձանց այլ գործողությունների հետևանքով.

9) այնպիսի իրադարձությունների հետևանքով, որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է քաղաքացիական իրավական հետևանքների առաջացում:

2. Գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:

 

Հոդված 11. Քաղաքացիական իրավունքների իրականացումը

 

1. Քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

2. Քաղաքացիների և իրավաբանական անձանց հրաժարվելն իրենց իրավունքներն իրականացնելուց չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 12. Քաղաքացիական իրավունքներն իրականացնելու սահմանները

 

1. Քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես այլ անձի վնաս պատճառելու մտադրությամբ, ինչպես նաև իրավունքն այլ ձևով չարաշահելը չի թույլատրվում:

Մրցակցության սահմանափակման նպատակներով քաղաքացիական իրավունքներն օգտագործել, ինչպես նաև շուկայում գերիշխող դրությունը չարաշահել չի թույլատրվում:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջները չպահպանելու դեպքում դատարանը, տնտեսական դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը (այսուհետ` դատարան) կարող է մերժել անձին նրան պատկանող իրավունքի պաշտպանության հարցում:

(12-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-68-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 13. Ընդհանուր դրույթներ

 

1. Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:

2. Պայմանագրով կարող է նախատեսվել կողմերի միջև վեճի կարգավորում` մինչև դատարան դիմելը:

3. Վարչական կարգով քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է միայն օրենքով նախատեսված դեպքերում: Վարչական կարգով ընդունված որոշումը կարող է բողոքարկվել դատարան:

 

Հոդված 14. Քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները

 

Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`

1) իրավունքը ճանաչելով.

2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.

3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով.

4) առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելով.

5) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով.

6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով.

7) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին հակասող ակտը չկիրառելով.

8) իրավունքի ինքնապաշտպանությամբ.

9) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.

10) վնասներ հատուցելով.

11) տուժանք բռնագանձելով.

12) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.

13) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

 

Հոդված 15. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելը

 

1. Օրենքին կամ այլ իրավական ակտերին չհամապատասխանող և քաղաքացու կամ իրավաբանական անձի քաղաքացիական իրավունքները ու օրենքով պաշտպանվող շահերը խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտը դատարանով կարող է ճանաչվել անվավեր:

Դատարանի կողմից ակտն անվավեր ճանաչելու դեպքում խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության` սույն օրենսգրքի 14 հոդվածով նախատեսված եղանակներով:

2. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածին համապատասխան, որոշում է օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

 

Հոդված 16. Քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանությունը

 

Անձն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:

Ինքնապաշտպանության եղանակները պետք է համաչափ լինեն խախտմանը և դուրս չգան խափանման համար անհրաժեշտ գործողությունների սահմաններից:

 

Հոդված 17. Վնասների հատուցում

 

1. Անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

2. Վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

3. Եթե իրավունքը խախտած անձը դրա հետևանքով ստացել է եկամուտներ, ապա անձը, ում իրավունքը խախտվել է, մյուս վնասների հետ միասին բաց թողնված օգուտի հատուցման պահանջի իրավունք ունի` այդ եկամուտներից ոչ պակաս չափով:

 

Հոդված 18. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատճառած վնասները հատուցելը

 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտի հրապարակման հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

 

Հոդված 19. Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը
 (Վերնագիրը խմբ. 18.05.10 ՀՕ-97-Ն) 

 

 

1. Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

2. Քաղաքացու պատվի և արժանապատվության պաշտպանությունը շահագրգիռ անձանց պահանջով թույլատրվում է նաև նրա մահից հետո:

3. Եթե անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածած անձին պարզելն անհնար է, ապա անձը, ում մասին նման տեղեկություններ են տարածվել, իրավունք ունի դիմելու դատարան՝ տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով:

(19-րդ հոդվածը խմբ. 18.05.10 ՀՕ-97-Ն) 

 

ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ

 

ԱՆՁԻՆՔ

(ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐ)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

 

Հոդված 20. Քաղաքացու իրավունակությունը

 

1. Քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:

2. Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:

 

Հոդված 21. Քաղաքացիների իրավունակության բովանդակությունը

 

Քաղաքացիները կարող են`

1) սեփականության իրավունքով ունենալ գույք.

2) ժառանգել և կտակել գույքը.

3) զբաղվել ձեռնարկատիրական և օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեությամբ.

4) ինքնուրույն կամ այլ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ համատեղ ստեղծել իրավաբանական անձ.

5) կնքել օրենքին չհակասող գործարքներ և կրել պարտավորություններ.

6) ընտրել բնակության վայր.

7) ունենալ գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների, գյուտերի ու մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքների հեղինակի իրավունքներ.

8) ունենալ այլ գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ:

 

Հոդված 22. Քաղաքացու անունը

 

1. Քաղաքացին իրավունքներ և պարտականություններ է ձեռք բերում ու իրականացնում իր անվամբ, որը ներառում է նրա ազգանունը և անունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը:

Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քաղաքացին կարող է օգտագործել կեղծանուն (մտացածին անուն):

2. Քաղաքացին իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխել իր անունը: Քաղաքացու անվան փոխելը հիմք չէ նախորդ անվամբ ձեռք բերված նրա իրավունքները և պարտականությունները դադարելու կամ փոփոխելու համար:

Քաղաքացին պարտավոր է իր պարտապաններին և պարտատերերին տեղյակ պահել անունը փոխելու մասին ու կրում է իր անունը փոխելու վերաբերյալ այդ անձանց մոտ տեղեկությունների բացակայության հետևանքով առաջացած վնասների ռիսկը:

Անունը փոխած քաղաքացին իրավունք ունի պահանջել, որպեսզի իր հաշվին համապատասխան փոփոխություններ մտցվեն իր նախկին անվամբ ձևակերպված փաստաթղթերում:

3. Ծննդյան ժամանակ քաղաքացու ստացած անունը, ինչպես նաև նրա անվան փոփոխությունը ենթակա են գրանցման` քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված կարգով:

4. Այլ անձի անվամբ իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել չի թույլատրվում:

5. Քաղաքացու անվան ապօրինի օգտագործմամբ նրան պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն օրենսգրքին համապատասխան:

Քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը շոշափող եղանակով կամ ձևով նրա անունն աղավաղելու կամ օգտագործելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված կանոնները:

(22-րդ հոդվածը փոփ. 18.05.10 ՀՕ-97-Ն)

 

Հոդված 23. Քաղաքացու բնակության վայրը

 

1. Բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է:

2. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների բնակության վայր է համարվում նրանց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ խնամակալների բնակության վայրը:

 

Հոդված 24. Քաղաքացու գործունակությունը

 

1. Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:

2. Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը (էմանսիպացիա) կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` դատարանի վճռով:

Ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետևանքով առաջացած պարտավորությունների համար:

3. Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:

Ամուսնության հետևանքով ձեռք բերված գործունակությունը լրիվ ծավալով պահպանվում է նաև մինչև տասնութ տարեկան դառնալն ամուսնալուծվելուց հետո:

Ամուսնությունն անվավեր ճանաչելիս` դատարանը կարող է վճիռ կայացնել դատարանի կողմից որոշված պահից անչափահաս ամուսնու գործունակության լրիվ կորստյան մասին:

 

Հոդված 25. Քաղաքացուն իրավունակությունից և գործունակությունից զրկելու ու դրանք սահմանափակելու անթույլատրելիությունը

 

1. Քաղաքացու իրավունակությունը և գործունակությունը չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:

2. Քաղաքացիների գործունակությունը կամ ձեռնարկատիրական կամ այլ գործունեությամբ զբաղվելու նրանց իրավունքների սահմանափակման` օրենքով սահմանված պայմանները և կարգը չպահպանելը հանգեցնում է համապատասխան սահմանափակում սահմանած պետական կամ այլ մարմնի ակտի անվավերության:

3. Քաղաքացու իրավունակությունից կամ գործունակությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելուն և նրա իրավունակության կամ գործունակության սահմանափակելուն ուղղված գործարքներն առոչինչ են:

 

Հոդված 26. Քաղաքացու ձեռնարկատիրական գործունեությունը

 

1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը:

2. Քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքացիներն առանց պետական գրանցման կամ հաշվառման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր: Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ են հանդիսանում միայն տվյալ համատեղ գործունեության պայմանագրի սահմաններում:

3. Քաղաքացիների` առանց իրավաբանական անձ կազմավորելու իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջների խախտմամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող քաղաքացու գործարքների նկատմամբ դատարանը կարող է կիրառել սույն օրենսգրքի` ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված պարտավորությունների մասին կանոնները:

(26-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-243-Ն, փոփ., լրաց. 21.12.10 ՀՕ-217-Ն)

 

Հոդված 27. Քաղաքացու գույքային պատասխանատվությունը

 

Քաղաքացին իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:

 

Հոդված 28. Քաղաքացու սնանկությունը

 

1. Քաղաքացին, այդ թվում` անհատ ձեռնարկատերը, դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե նա ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները:

2. Քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու հիմքերը և կարգը սահմանվում են օրենքով:

3. Քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու դեպքում պարտատերերի պահանջների բավարարման կարգը և դադարման հիմքերը, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով:

(28-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-163, խմբ. 25.12.06 ՀՕ-54-Ն) 

 

Հոդված 29. Մինչև տասնչորս տարեկան անչափահասների գործունակությունը

 

1. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների (փոքրահասակների) փոխարեն գործարքները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշվածների, նրանց անունից կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:

2. Վեցից մինչև տասնչորս տարեկան փոքրահասակներն իրավունք ունեն ինքնուրույն կնքել`

1) մանր կենցաղային գործարքներ.

2) նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում չպահանջող` անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքներ.

3) օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնությամբ երրորդ անձանց կողմից որոշակի նպատակով կամ ազատորեն տնօրինելու համար տրամադրված միջոցները տնօրինելու գործարքներ:

3. Փոքրահասակի գործարքներով` ներառյալ նրա կողմից ինքնուրույն կնքված գործարքները, գույքային պատասխանատվություն են կրում նրա ծնողները, որդեգրողները կամ խնամակալը, եթե չապացուցեն, որ պարտավորությունն իրենց մեղքով չի խախտվել: Այդ անձինք, օրենքին համապատասխան, պատասխանատվություն են կրում նաև փոքրահասակի պատճառած վնասի համար:

 

Հոդված 30. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների գործունակությունը

 

1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները կարող են գործարքներ կնքել իրենց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված գործարքների:

Այդպիսի անչափահասի կնքած գործարքը վավեր է նաև նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի` հետագայում տված գրավոր հավանության դեպքում:

2. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները, առանց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության, իրավունք ունեն`

1) տնօրինել իրենց աշխատավարձը, կրթաթոշակը և այլ եկամուտները.

2) իրականացնել գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության, գյուտի կամ մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքի հեղինակի իրավունքներ.

3) օրենքին համապատասխան` ավանդներ մուծել վարկային հաստատություններ և տնօրինել դրանք.

4) կնքել կենցաղային մանր գործարքներ և սույն օրենսգրքի 29 հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ գործարքներ:

Տասնվեց տարեկան դառնալիս` անչափահասներն իրավունք ունեն նաև, կոոպերատիվների մասին օրենքներին համապատասխան, լինել կոոպերատիվի անդամ:

3. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ինքնուրույն գույքային պատասխանատվություն են կրում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կնքված իրենց գործարքներով: Այդպիսի անչափահասներն իրենց պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում սույն օրենսգրքին համապատասխան:

4. Ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է բավարար հիմքերի առկայության դեպքում սահմանափակել տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի` իր աշխատավարձը, կրթաթոշակը կամ այլ եկամուտներն ինքնուրույն տնօրինելու իրավունքը կամ զրկել նրան այդ իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ անչափահասը լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերել սույն օրենսգրքի 24 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:

 

Հոդված 31. Քաղաքացուն անգործունակ ճանաչելը

 

1. Քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն:

2. Անգործունակ ճանաչված քաղաքացու անունից գործարքներ է կնքում նրա խնամակալը:

3. Եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով քաղաքացին անգործունակ է ճանաչվել, դատարանը նրան գործունակ է ճանաչում: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է նրա նկատմամբ սահմանված խնամակալությունը:

 

Հոդված 32. Քաղաքացու գործունակությունը սահմանափակելը

 

1. Ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը կարող է դատարանով սահմանափակվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է հոգաբարձություն:

Նա իրավունք ունի ինքնուրույն կնքել միայն մանր կենցաղային գործարքներ:

Նա կարող է կնքել այլ գործարքներ, ինչպես նաև ստանալ աշխատավարձ, կենսաթոշակ և այլ եկամուտներ ու տնօրինել դրանք միայն հոգաբարձուի համաձայնությամբ: Նման քաղաքացին ինքնուրույն գույքային պատասխանատվություն է կրում իր կնքած գործարքների և պատճառած վնասի համար:

2. Եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով սահմանափակվել է քաղաքացու գործունակությունը, դատարանը վերացնում է նրա գործունակության սահմանափակումը: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը:

 

Հոդված 33. Խնամակալություն և հոգաբարձություն

 

1. Խնամակալությունը և հոգաբարձությունը սահմանվում են անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության համար: Անչափահասների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանվում է նաև նրանց դաստիարակելու նպատակով: Դրան համապատասխան, խնամակալների և հոգաբարձուների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտանիքի մասին օրենսգրքով:

2. Խնամակալները և հոգաբարձուներն առանց հատուկ լիազորության հանդես են գալիս իրենց խնամարկյալների իրավունքների ու շահերի պաշտպանությամբ` ցանկացած անձանց հետ հարաբերություններում` ներառյալ դատարանում:

3. Անչափահասների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանվում են նրանց ծնողների, որդեգրողների բացակայության, դատարանով ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու, ինչպես նաև այն դեպքերում, երբ անչափահասներն այլ պատճառներով մնացել են առանց ծնողական խնամքի, մասնավորապես, երբ ծնողները խուսափել են նրանց դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից:

 

Հոդված 34. Խնամակալություն

 

1. Խնամակալություն սահմանվում է տասնչորս տարին չլրացած անչափահասների, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:

2. Խնամակալները խնամարկյալների ներկայացուցիչներն են օրենքի ուժով և նրանց անունից ու ի շահ նրանց կնքում են բոլոր անհրաժեշտ գործարքները:

 

Հոդված 35. Հոգաբարձություն

 

1. Հոգաբարձությունը սահմանվում է տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:

2. Հոգաբարձուները համաձայնություն են տալիս այնպիսի գործարքներ կնքելու համար, որոնք հոգաբարձության ներքո գտնվող անձինք իրավունք չունեն ինքնուրույն կնքել:

Հոգաբարձուներն աջակցում են հոգաբարձության ներքո գտնվող անձանց` իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս, ինչպես նաև պաշտպանում են նրանց երրորդ անձանց չարաշահումներից:

 

Հոդված 36. Խնամակալության և հոգաբարձության մարմինները

 

1. Խնամակալության և հոգաբարձության մարմինները սահմանվում են օրենքով:

2. Դատարանը պարտավոր է քաղաքացուն անգործունակ ճանաչելու կամ նրա գործունակությունը սահմանափակելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երեք օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել քաղաքացու բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին` նրա նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու համար:

3. Խնամարկյալների բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը հսկողություն է իրականացնում խնամակալների ու հոգաբարձուների գործունեության նկատմամբ:

 

Հոդված 37. Խնամակալներ և հոգաբարձուներ

 

1. Խնամակալ կամ հոգաբարձու նշանակում է խնամակալության ու հոգաբարձության կարիք ունեցող անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը` մեկ ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ նշված մարմնին հայտնի է դարձել քաղաքացու նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու անհրաժեշտությունը: Խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող անձի նկատմամբ, մինչև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններն իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:

Խնամակալի կամ հոգաբարձուի նշանակումը շահագրգիռ անձանց կողմից կարող է բողոքարկվել դատարան:

2. Խնամակալներ և հոգաբարձուներ նշանակվում են չափահաս գործունակ քաղաքացիները: Խնամակալներ և հոգաբարձուներ չեն կարող նշանակվել ծնողական իրավունքներից զրկված քաղաքացիները:

3. Խնամակալը կամ հոգաբարձուն նշանակվում է իր համաձայնությամբ: Ընդ որում, պետք է հաշվի առնվեն նրա բարոյական և անձնական այլ հատկանիշները, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններ կատարելու ունակությունը, նրա ու խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող անձի միջև եղած հարաբերությունները, իսկ հնարավորության դեպքում` նաև խնամարկյալի ցանկությունը:

4. Խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող և համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նման այլ հաստատություններում գտնվող կամ տեղավորված քաղաքացիների խնամակալներն ու հոգաբարձուներն այդ հաստատություններն են:

 

Հոդված 38. Խնամակալների և հոգաբարձուների պարտականությունները

 

1. Խնամակալության և հոգաբարձության պարտականությունները կատարվում են անհատույց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Անչափահաս քաղաքացիների խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են իրենց խնամարկյալների հետ ապրել համատեղ: Տասնվեց տարին լրացած խնամարկյալից հոգաբարձուի առանձին ապրելը թույլատրում է խնամակալության և հոգաբարձության մարմինը, եթե դա անբարենպաստ չի անդրադառնում խնամարկյալի դաստիարակության, նրա իրավունքների ու շահերի պաշտպանության վրա:

Խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են խնամակալության ու հոգաբարձության մարմիններին տեղեկացնել իրենց բնակության վայրը փոփոխելու մասին:

3. Խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են հոգալ իրենց խնամարկյալների ապրուստը, ապահովել նրանց խնամքն ու բուժումը, կրթությունը և դաստիարակությունը, պաշտպանել նրանց իրավունքներն ու շահերը:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված պարտականությունները չեն դրվում դատարանով սահմանափակ գործունակ ճանաչված չափահաս քաղաքացիների հոգաբարձուների վրա:

5. Եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով քաղաքացին ճանաչվել էր անգործունակ կամ սահմանափակ գործունակ, ապա խնամակալը կամ հոգաբարձուն պարտավոր է միջնորդել դատարան` խնամարկյալին գործունակ ճանաչելու և նրա նկատմամբ սահմանված խնամակալությունը կամ հոգաբարձությունը վերացնելու համար:

 

Հոդված 39. Խնամարկյալի գույքը տնօրինելը

 

1. Խնամարկյալ քաղաքացու եկամուտները` ներառյալ խնամարկյալին իր գույքի կառավարումից հասանելիք եկամուտները, բացառությամբ այն եկամուտների, որոնք խնամարկյալը կարող է տնօրինել ինքնուրույն, խնամակալը կամ հոգաբարձուն ծախսում են միայն ի շահ խնամարկյալի` խնամակալության և հոգաբարձության մարմնի նախնական թույլտվությամբ:

Առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի նախնական թույլտվության` խնամակալը կամ հոգաբարձուն խնամարկյալի եկամուտների հաշվին իրավունք ունի անհրաժեշտ ծախսեր կատարել խնամարկյալի ապրուստի համար:

2. Առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության` խնամակալն իրավունք չունի կնքել, իսկ հոգաբարձուն` համաձայնություն տալ կնքելու խնամարկյալի գույքի օտարման` ներառյալ փոխանակության կամ նվիրատվության, վարձակալության, այդ գույքն անհատույց օգտագործման հանձնելու կամ գրավ դնելու գործարքներ, որոնք հանգեցնում են խնամարկյալին պատկանող իրավունքներից հրաժարվելուն, բաժանել նրա գույքը կամ դրանից բաժիններ առանձնացնել, ինչպես նաև խնամարկյալի գույքի նվազեցմանը հանգեցնող ցանկացած այլ գործարք:

Խնամարկյալի գույքի կառավարման կարգը սահմանվում է օրենքով:

3. Խնամակալը, հոգաբարձուն, նրանց ամուսինները և մերձավոր ազգականներն իրավունք չունեն գործարքներ կնքել խնամարկյալի հետ, բացառությամբ խնամարկյալին որպես նվեր կամ անհատույց օգտագործման գույք հանձնելը, ինչպես նաև խնամարկյալին ներկայացնել նրա ու խնամակալի կամ հոգաբարձուի ամուսնու և նրանց մերձավոր ազգականների միջև գործարքներ կնքելիս կամ դատական գործեր վարելիս:

 

Հոդված 40. Խնամարկյալի գույքի հավատարմագրային կառավարումը

 

1. Խնամարկյալի անշարժ և արժեքավոր շարժական գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում խնամակալության ու հոգաբարձության մարմինն այդպիսի գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր է կնքում իր կողմից նշանակված կառավարչի հետ: Այդ դեպքում խնամակալը կամ հոգաբարձուն պահպանում է իր լիազորությունները խնամարկյալի այն գույքի նկատմամբ, որը չի հանձնվել հավատարմագրային կառավարման:

Խնամարկյալի գույքի հավատարմագրային կառավարչի վրա տարածվում են սույն օրենսգրքի 39 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված կանոնները:

2. Խնամարկյալի գույքի նկատմամբ հավատարմագրային կառավարումը դադարում է գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի դադարման համար օրենքով նախատեսված հիմքերով, ինչպես նաև խնամակալությունը կամ հոգաբարձությունը դադարելու դեպքում:

 

Հոդված 41. Խնամակալներին և հոգաբարձուներին իրենց պարտականությունների կատարումից ազատելը

 

1. Խնամակալության և հոգաբարձության մարմինը խնամակալին կամ հոգաբարձուին ազատում է իր պարտականությունների կատարումից` անչափահասին իր ծնողներին վերադարձնելու կամ նրան որդեգրելու դեպքում:

2. Խնամարկյալին համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նման այլ հաստատությունում տեղավորելիս` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտականությունների կատարումից ազատում է նախկինում նշանակված խնամակալին կամ հոգաբարձուին, եթե դա չի հակասում խնամարկյալի շահերին:

3. Հարգելի պատճառների (հիվանդություն, գույքային դրության փոփոխություն, խնամարկյալի հետ փոխադարձ ըմբռնման բացակայություն և այլն) առկայության դեպքում խնամակալը կամ հոգաբարձուն իր խնդրանքով կարող է ազատվել պարտականությունների կատարումից:

4. Խնամակալի կամ հոգաբարձուի կողմից իր պարտականությունները անպատշաճ կատարելու` ներառյալ խնամակալությունը կամ հոգաբարձությունը շահադիտական նպատակներով օգտագործելու կամ խնամարկյալին առանց հսկողության և անհրաժեշտ օգնության թողնելու դեպքերում, խնամակալության ու հոգաբարձության մարմինը կարող է խնամակալին կամ հոգաբարձուին ազատել այդ պարտականությունների կատարումից և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրան` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար:

 

Հոդված 42. Խնամակալությունը և հոգաբարձությունը դադարելը

 

1. Չափահաս քաղաքացիների նկատմամբ խնամակալությունը և հոգաբարձությունը դադարում են խնամակալի, հոգաբարձուի կամ խնամակալության ու հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա` խնամարկյալին գործունակ ճանաչելու կամ նրա գործունակության սահմանափակումները վերացնելու մասին դատարանի վճռով:

2. Փոքրահասակ խնամարկյալի տասնչորս տարին լրանալիս նրա նկատմամբ խնամակալությունը դադարում է, իսկ խնամակալի պարտականություններ իրականացնող քաղաքացին, առանց այդ մասին լրացուցիչ որոշման, դառնում է անչափահասի հոգաբարձուն:

3. Անչափահասի նկատմամբ հոգաբարձությունն առանց հատուկ որոշման դադարում է նրա տասնութ տարին լրանալիս, ինչպես նաև մինչև չափահաս դառնալը` նրա ամուսնության և լրիվ գործունակություն ձեռք բերելու այլ դեպքերում (24 հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր):

 

Հոդված 43. Գործունակ քաղաքացիների նկատմամբ պատրոնաժը

 

1. Չափահաս գործունակ քաղաքացու խնդրանքով, որը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները, նրա նկատմամբ կարող է սահմանվել պատրոնաժ:

Պատրոնաժ սահմանելը չի հանգեցնում քաղաքացու իրավունքների սահմանափակման:

2. Խնամակալության և հոգաբարձության մարմինը չափահաս գործունակ քաղաքացու պատրոն (օգնական) նշանակում է տվյալ քաղաքացու համաձայնությամբ:

3. Չափահաս գործունակ քաղաքացու գույքը տնօրինում է պատրոնը (օգնականը)` քաղաքացու հետ կնքված հանձնարարության կամ հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա: Քաղաքացու ապրուստի ու նրա կենցաղային կարիքների բավարարմանն ուղղված կենցաղային և այլ գործարքները պատրոնը (օգնականը) կնքում է քաղաքացու համաձայնությամբ:

4. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան` չափահաս գործունակ քաղաքացու նկատմամբ սահմանված պատրոնաժը դադարում է պատրոնաժի ներքո գտնվող քաղաքացու պահանջով:

Պատրոնաժի ներքո գտնվող քաղաքացու պատրոնը (օգնականը) իր պարտականությունների կատարումից ազատվում է սույն օրենսգրքի 41 հոդվածով նախատեսված դեպքերում:

 

Հոդված 44. Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելը

 

1. Շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին:

2. Բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրը որոշելու անհնարինության դեպքում անհայտ բացակայող ճանաչելու համար ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այն ամսին հաջորդող ամսվա մեկը, երբ ստացված են եղել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա` հաջորդ տարվա հունվարի մեկը:

 

Հոդված 45. Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու հետևանքները

 

1. Անհայտ բացակայող ճանաչված քաղաքացու գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում, նրա գույքը դատարանի վճռի հիման վրա տրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի նշանակած անձին, որը գործում է այդ մարմնի հետ կնքած հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա:

2. Անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի կառավարիչը բացակայող անձի գույքի հաշվին մարում է նրա պարտքերը, գույքը կառավարում է ի շահ այդ անձի, ապրուստի միջոցներ է տրամադրում այն քաղաքացիներին, որոնց պարտավոր էր պահել անհայտ բացակայողը:

3. Խնամակալության և հոգաբարձության մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է բացակայող քաղաքացու գտնվելու վայրի մասին վերջին տեղեկություններ ստանալու օրվանից մինչև մեկ տարին լրանալը, դատարանի վճռի հիման վրա, նրա գույքի կառավարիչ նշանակել:

4. Եթե կառավարիչ նշանակելու օրվանից երեք տարի անցնելուց հետո անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը չի վերացվել, և դատարան դիմում չի ներկայացվել քաղաքացուն մահացած ճանաչելու մասին, խնամակալության ու հոգաբարձության մարմինը պարտավոր է դիմել դատարան` քաղաքացուն մահացած ճանաչելու համար:

5. Անձին անհայտ բացակայող ճանաչելու` սույն հոդվածով չնախատեսված հետևանքները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 46. Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը վերացնելու հետևանքները

 

Անհայտ բացակայող ճանաչված քաղաքացու հայտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերվելու դեպքում դատարանը վերացնում է նրան անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է այդ քաղաքացու գույքի հավատարմագրային կառավարումը:

 

Հոդված 47. Քաղաքացուն մահացած ճանաչելը

 

1. Քաղաքացին դատարանով կարող է մահացած ճանաչվել, եթե նրա բնակության վայրում երեք տարվա ընթացքում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, իսկ եթե նա անհայտ կորել է այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքի հետևանքով` վեց ամսվա ընթացքում:

2. Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո:

3. Մահացած ճանաչված քաղաքացու մահվան օր է համարվում նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: Քաղաքացուն, որն անհայտ կորել է մահվան վտանգ սպառնացող կամ այնպիսի հանգամանքներում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նրա մահը հետևանք է որոշակի դժբախտ դեպքի, մահացած ճանաչելու դեպքում, դատարանը կարող է այդ քաղաքացու մահվան օր ճանաչել նրա ենթադրյալ մահվան օրը:

 

Հոդված 48. Մահացած ճանաչված քաղաքացու հայտնվելու հետևանքները

 

1. Մահացած ճանաչված քաղաքացու հայտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերվելու դեպքում դատարանը վերացնում է նրան մահացած ճանաչելու մասին վճիռը:

2. Անկախ իր հայտնվելու ժամանակից` քաղաքացին իրավունք ունի յուրաքանչյուր անձից հետ պահանջել պահպանված գույքը, որն անհատույց անցել էր այդ անձին` քաղաքացուն մահացած ճանաչելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքի 275 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:

3. Մահացած ճանաչված քաղաքացու գույքը հատուցելի գործարքներով ձեռք բերած անձինք պարտավոր են նրան վերադարձնել այդ գույքը, եթե ապացուցվում է, որ գույքը ձեռք բերելիս նրանք գիտեին, որ մահացած ճանաչված քաղաքացին կենդանի է: Այդ գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում հատուցվում է դրա արժեքը:

4. Եթե մահացած ճանաչված քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է համայնքին և իրացվել է սույն հոդվածով նախատեսված պայմանների պահպանմամբ, ապա քաղաքացուն մահացած ճանաչելու մասին վճիռը վերացվելուց հետո նրան է վերադարձվում գույքի իրացումից ստացված գումարը:

 

Հոդված 49. Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը

 

1. Պետական գրանցման ենթակա են քաղաքացիական կացության հետևյալ ակտերը`

1) ծնունդը.

2) ամուսնությունը.

3) ամուսնալուծությունը.

4) որդեգրումը (դստերագրումը).

5) հայրությունը որոշելը.

6) անունը փոխելը.

7) քաղաքացու մահը:

2. Քաղաքացիական կացության ակտերը գրանցում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյաններում (ակտերի գրքեր) համապատասխան գրառումներ կատարելու և այդ գրառումների հիման վրա քաղաքացիներին վկայականներ տալու միջոցով:

3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, բավարար հիմքերի առկայության ու շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքերում, ուղղում և փոփոխում է քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումները:

Շահագրգիռ անձանց միջև վեճի առկայության կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից գրառման ուղղումը կամ փոփոխումը մերժելու դեպքում վեճը լուծում է դատարանը:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, դատարանի վճռի հիման վրա, չեղյալ է հայտարարում քաղաքացիական կացության ակտերի գրառումները կամ վերականգնում է դրանք:

4. Քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմինները, այդ ակտերը գրանցելու, քաղաքացիական կացության ակտերի գրառումները փոփոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու կարգը, ակտերի գրքերի ու վկայականների ձևերը, ինչպես նաև ակտերի գրքերի պահպանման կարգը և ժամկետները որոշվում են քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ 

 

§ 1. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 50. Իրավաբանական անձի հասկացությունը

 

1. Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:

2. Իրավաբանական անձի գույքի կազմավորմանը մասնակցելու կապակցությամբ` նրա հիմնադիրները (մասնակիցները) այդ իրավաբանական անձի նկատմամբ ունեն կամ չունեն պարտավորական իրավունքներ:

3. Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները (մասնակիցները) ունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են տնտեսական ընկերակցությունները և ընկերությունները:

4. Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները չունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են հասարակական միավորումները, հիմնադրամները և իրավաբանական անձանց միությունները:

 

Հոդված 51. Իրավաբանական անձանց տեսակները

 

1. Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

2. Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների ձևով:

3. Կոոպերատիվները` կախված իրենց գործունեության բնույթից, կարող են լինել շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ նման նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

4. Ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների, իրավաբանական անձանց միությունների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ձևերով:

Ոչ առևտրային կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նրանք ստեղծվել են, և համապատասխանում է այդ նպատակներին: Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից:

 

Հոդված 52. Իրավաբանական անձի իրավունակությունը

 

1. Իրավաբանական անձը կարող է ունենալ իր հիմնադիր փաստաթղթով նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված պարտականություններ:

2. Առևտրային կազմակերպությունները կարող են ունենալ օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ և կրել քաղաքացիական պարտականություններ:

Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, իրավաբանական անձը կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա:

3. Իրավաբանական անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով: Իրավաբանական անձն իր իրավունքների սահմանափակման մասին որոշումը կարող է բողոքարկել դատարան:

4. Իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է նրա ստեղծման (56 հոդվածի 3-րդ կետ) և դադարում է լուծարման ավարտի (69 հոդվածի 7-րդ կետ) պահից:

5. Իրավաբանական անձի կողմից այնպիսի գործունեություն իրականացնելու իրավունքը, որով զբաղվելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն (լիցենզիա), ծագում է նման թույլտվությունը ստանալու պահից կամ դրանում նշված ժամկետում և դադարում է դրա գործողության ժամկետի ավարտով, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:

 

Հոդված 53. Իրավաբանական անձի ստեղծումը

 

1. Իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով որոշում են իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները:

2. Պայմանագրի հիման վրա հիմնադիրները մշակում են ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը:

 

Հոդված 54. Իրավաբանական անձի հիմնադիրների պատասխանատվությունը

 

Իրավաբանական անձի հիմնադիրները համապարտ պատասխանատվություն են կրում մինչև իրավաբանական անձի պետական գրանցումը ծագած` իրավաբանական անձի ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

 

Հոդված 55. Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը

 

1. Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի հաստատած կանոնադրությունն է:  

2. Իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանվում են իրավաբանական անձի անվանումը, նրա գտնվելու վայրը, ինչպես նաև պարունակվում են համապատասխան տեսակի իրավաբանական անձանց համար` սույն օրենսգրքով և (կամ) օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:

Ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում սահմանվում են նրա գործունեության առարկան և նպատակները:

Առևտրային կազմակերպության կանոնադրությունում կարող են նախատեսվել նրա գործունեության առարկան և նպատակները:

3. Կանոնադրության փոփոխությունները երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք բերում դրանց պետական գրանցման պահից, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նման գրանցում կատարող պետական մարմնին այդ փոփոխությունների մասին տեղեկացնելու պահից: Սակայն իրավաբանական անձինք և նրանց հիմնադիրները (մասնակիցները) նման փոփոխությունները հաշվի առած երրորդ անձանց հետ ունեցած հարաբերություններում իրավունք չունեն վկայակոչել այդ փոփոխությունների գրանցման բացակայությունը:

(55-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.10 ՀՕ-217-Ն)

 

Հոդված 56. Իրավաբանական անձանց պետական գրանցումը

 

1. Իրավաբանական անձը, օրենքով սահմանված կարգով, ենթակա է պետական գրանցման: Պետական գրանցման համար տվյալները` ներառյալ առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանումը, գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար:

2. Իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու հիմքերը սահմանվում են օրենքով:

Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:

Պետական գրանցումը մերժելը, ինչպես նաև գրանցումից խուսափելը կարող են բողոքարկվել դատարան:

3. Իրավաբանական անձն ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից:

4. Իրավաբանական անձը ենթակա է վերագրանցման միայն օրենքով սահմանված դեպքերում:

(56-րդ հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-39-Ն)

 

Հոդված 57. Իրավաբանական անձի մարմինները

 

1. Իրավաբանական անձը քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում և քաղաքացիական պարտականություններ է ստանձնում իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքին, այլ իրավական ակտերին ու նրա կանոնադրությանը համապատասխան:

Իրավաբանական անձի մարմինների ընտրության կամ նշանակման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով, օրենքով և (կամ) իրավաբանական անձի կանոնադրությամբ:

2. Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձն իր մասնակիցների, ինչպես նաև ներկայացուցիչների միջոցով կարող է ձեռք բերել քաղաքացիական իրավունքներ և ստանձնել քաղաքացիական պարտականություններ:

3. Անձը, որն օրենքի կամ իրավաբանական անձի կանոնադրության ուժով հանդես է գալիս նրա անունից, պետք է գործի բարեխղճորեն և ողջամիտ` ի շահ իր կողմից ներկայացվող իրավաբանական անձի: Նա պարտավոր է իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) պահանջով հատուցել իր կողմից իրավաբանական անձին պատճառած վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

(57-րդ հոդվածը փոփ. 21.12.10 ՀՕ-217-Ն)

 

Հոդված 58. Իրավաբանական անձի անվանումը

 

1. Իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպական-իրավական ձևի մասին: Ոչ առևտրային կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի իրավաբանական անձի գործունեության բնույթի մասին:

2. Առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձը պետք է ունենա ֆիրմային անվանում:

Իրավաբանական անձը, որի ֆիրմային անվանումը գրանցված է օրենքով սահմանված կարգով, ունի դրա օգտագործման բացառիկ իրավունք:

Ֆիրմային անվանումների գրանցման ու օգտագործման կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:

3. Այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանման ներքո իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել չի թույլատրվում:

Այլ անձի ֆիրմային անվանումն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է ֆիրմային անվանման իրավատիրոջ պահանջով դադարեցնել դրա օգտագործումը և հատուցել պատճառված վնասները:

 

Հոդված 59. Իրավաբանական անձի գտնվելու վայրը

 

Իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

 

Հոդված 60. Իրավաբանական անձի պատասխանատվությունը

 

1. Իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

2. Իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը) պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը` իր հիմնադրի (մասնակցի) պարտավորությունների համար, բացառությամբ սույն օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

(60-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-69-Ն)

 

Հոդված 61. Ներկայացուցչություններ և մասնաճյուղեր

 

1. Ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը:

2. Մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները:

3. Ներկայացուցչությունները և մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա:

Ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից ու գործում են նրա լիազորագրի հիման վրա:

Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել տեղեկություններ առանձնացված ստորաբաժանումների մասին:

(61-րդ հոդվածը խմբ. 27.07.01 ՀՕ-205) 

 

Հոդված 62. Հիմնարկ

 

1. Հիմնարկ է համարվում կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձի ստեղծած կազմակերպությունը:

2. Հիմնարկն իրավաբանական անձ չէ և գործում է իրավաբանական անձի հաստատած կանոնադրության հիման վրա:

3. Հիմնարկը, օրենքով սահմանված շրջանակներում, իր գործունեության նպատակներին, իրավաբանական անձի հանձնարարություններին և իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան, տիրապետում, օգտագործում ու տնօրինում է այդ գույքը:

4. Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում այն ստեղծած իրավաբանական անձը:

5. Պետական ու այլ հիմնարկների առանձին տեսակների իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 63. Իրավաբանական անձի վերակազմակերպումը

 

1. Իրավաբանական անձի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա:

2. Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի բաժանման կամ նրա կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպումն իրականացվում է դատարանի վճռով:

Դատարանը նշանակում է իրավաբանական անձի արտաքին կառավարիչ և նրան հանձնարարում է իրականացնել իրավաբանական անձի վերակազմակերպում: Նշանակման պահից իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորություններն անցնում են արտաքին կառավարչին: Արտաքին կառավարիչն իրավաբանական անձի անունից հանդես է գալիս դատարանում, կազմում է բաժանիչ հաշվեկշիռ և վերակազմակերպման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձանց կանոնադրությունների հետ միասին ներկայացնում է դատարան: Դատարանի կողմից այդ փաստաթղթերը հաստատելը հիմք է նոր ստեղծվող իրավաբանական անձանց պետական գրանցման համար:

3. Իրավաբանական անձը, բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:

4. Իրավաբանական անձն այլ իրավաբանական անձի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված` միացած իրավաբանական անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:

(63-րդ հոդվածը խմբ. 27.07.01 ՀՕ-205)  

 

Հոդված 64. Իրավահաջորդությունն իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում

 

1. Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում նրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած իրավաբանական անձին` փոխանցման ակտին համապատասխան:

2. Իրավաբանական անձի` այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` փոխանցման ակտին համապատասխան:

3. Իրավաբանական անձի բաժանման դեպքում նրա իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած իրավաբանական անձանց` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

4. Իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնանալու դեպքում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքները և պարտականությունները նրանցից յուրաքանչյուրին են անցնում` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

5. Մեկ տեսակի իրավաբանական անձը մեկ այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորվելու դեպքում (կազմակերպական-իրավական ձևի փոփոխում) նոր առաջացած իրավաբանական անձին են անցնում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքները և պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:

 

Կարդալ շարունակությունը arlis.am կայքում
Կապվել մեզ հետ