Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագիծ, որով նախատեսվում է քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական միջավայրին հարելու կամ քրեական միջավայրին հարելու հարկադրելու, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանականության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն: «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Լևոն Սահակյանն օրինագծի վերաբերյալ մեկնաբանություն է տվել Iravaban.net-ին:
Փաստաբանի խոսքով «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ»-ի սահմանումից ակնհայտ է, որ օրենսգիրքը՝ հակառակ իր որդեգրած տրամաբանության, փորձելու է պիտակավորել անձանց:
«Քրեական օրենսգիրքն ուսումնասիրելիս հանդիպում ենք, օրինակ, «հանցագործություն», «ավազակություն», «սպանություն», «գողություն» տերմիններ, սակայն ոչ`«հանցագործ», «ավազակ», «մարդասպան», «գող» և նմանատիպ այլ տերմիններ: Այսինքն, քրեական օրենսդրությունը պետք է որակի արարքը, այլ ոչ թե անձանց»,- ասել է նա:
Լևոն Սահակյանը նշել է, որ անձին պիտակավորելով խնդիր է առաջանում մարդու իրավունքների խախտումների հետ:
«Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախագծում նշվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ, սակայն չի սահմանվում, թե այդ անձն ինչպես պետք է համարվի այդպիսին. դատարանի որոշմա՞մբ, մեկ այլ մարմնի կողմի՞ց, թե՞ առանձին դատական պրոցես պետք է լինի, որ նա այդպիսին համարվի, հետագայում նոր իրավաբանական հետևանքներ առաջ գան:
Նախագծով պատասխանատվություն է նախատեսվել նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի դիմելու համար: Փաստաբանը նշել է, որ դատավարության ընթացքում խնդիրներ կարող են առաջանալ այս հոդվածի կիրառության մասով.
«Պատկերացնենք իրավիճակ, երբ այդ դիմողի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է դատարանում: Նրան մեղավոր ճանաչելու համար անկախ ամեն ինչից պետք է քննվի այն հարցը, թե արդյո՞ք անձը, ում նա դիմել է, հանդիսանում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ: Որևէ կարգավորում չկա՝ այդ անձը այս պրոցեսում գործի մասնակից դառնում է, թե՞ ոչ»,- եզրափակել է փաստաբանը: