Զինվորականը դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն՝ հայտնելով, որ իրեն և ընտանիքի անդամներին վտարում են տնից։ Բանն այն է, որ 2017թ. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել ՀՀ տարածքում Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորային զինվորական դատարանի կողմից կայացված վճիռը ճանաչելու և դրա կատարումը թույլատրելու մասին: Դատարանի կողմից տրամադրվել էր կատարողական թերթ, որի հիման վրա ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում հարուցվել էր կատարողական վարույթ. արդյունքում ձեռնարկվել էին մեր վստահորդին և նրա ընտանիքի անդամներին վտարելու ուղղությամբ համապատասխան գործողություններ։
«AM»-ի փաստաբան Պայծառ Քոչարյանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները, պարզեց, որ օտարերկրյա դատական ակտը ենթակա չէ ՀՀ-ում ճանաչման և կատարման, և դատարանը թույլ է տվել կոպիտ խախտումներ։ Մեր վստահորդը, սակայն, բաց էր թողել ակտը վերաքննության կարգով 30-օրյա ժամկետում բողոքարկելու հնարավորությունը, ուստի փաստաբանը ներկայացրեց վերաքննիչ բողոք՝ խնդրելով դատարանից հարգելի ճանաչել բողոք ներկայացնելու ժամկետների բացթողումը: ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց միջնորդությունը բավարարելու և բողոքը վարույթ ընդունելու մասին, որից հետո ձեռնարկվեցին գործողություններ վտարման գործընթացը կասեցնելու ուղղությամբ: Արդյունքում հարկադիր կատարողի կողմից որոշում կայացվեց կատարողական վարույթը կասեցնելու մասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, սակայն, որոշում կայացրեց ուժի մեջ թողնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը՝ անտեսելով բողոքի հիմքում ընկած փաստական և իրավական հիմնավորումները։ Համաձայն չլինելով այդ որոշման պատճառաբանությունների և եզրահանգումների հետ՝ «AM»-ի փաստաբանը բողոքարկեց որոշումը ՀՀ վճռաբեկ դատարան այն հիմնավորմամբ, որ ստորադաս դատարաններն օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելիս պատշաճ քննություն չեն իրականացրել և չեն պարզել՝ արդյո՞ք օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը համապատասխանում է այն պահանջներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Մինսկի կոնվենցիայի համապատասխան դրույթներով: Մինսկի կոնվենցիան սահմանում է համապատասխան կարգավորում այն մասին, որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և գույքային այլ իրավունքների վերաբերյալ հայցերը բացառապես ընդդատյա են գույքի գտնվելու վայրի դատարաններին:
Ներկայացված բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունվեց, ապա բավարարվեց այն հիմնավորմամբ, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից թույլ է տրվել Մինսկի կոնվենցիայի պահանջների խախտում։
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումը հիմք է «AM»-ի վստահորդի նկատմամբ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում հարուցված վտարման կատարողական գործողությունները կարճելու համար։ Որոշումը նախադեպային է այն բոլոր դեպքերի համար, երբ ՀՀ-ում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ունեցած գույքային իրավունքների վերաբերյալ Մինսկի կոնվենցիան վավերացրած երկրների քաղաքացիական իրավահարաբերության մասնակիցների միջև ծագած վեճերը քննարկվում են օտարերկրյա դատական ատյաններում: