ՀՀ քաղաքացիները կեղծ ավտոներկրողների խարդախության զոհն են դարձել. «AM»-ի փաստաբանի ջանքերով քրգործ է հարուցվել

14 Սեպտեմբեր, 2020
«AM» իրավաբանական ընկերություն էին դիմել Հայաստանի երկու քաղաքացի՝ հայտնելով, որ սույն թվականի մարտ ամսին www.list.am կայքէջում տեսել են հայտարարություն ԱՄՆ-ի աճուրդից ավտոմեքենաների գնման ու ՀՀ տեղափոխման կազմակերպման վերաբերալ: Հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով կապ են հաստատել անձանց հետ, ովքեր որպես նման ծառայություններով զբաղվող ընկերության աշխատակիցներ պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ-ի աճուրդից գնել ու ՀՀ ներկրել ցանկացած տրանսպորտային միջոց:
«AM»-ի վստահորդները պայմանավորվել ու փոխանցել են շուրջ 5500 ԱՄՆ դոլար` վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար: Որոշ ժամանակ անց պարզվել է, որ վերոհիշյալ անձինք ստացված գումարով որևէ տեսակի տրանսպորտային միջոց չեն գնել ու Հայաստան տեղափոխելու մտադրություն չունեն: Ավելին, ցանկություն ունենալով քողարկելու իրենց ենթադրյալ հանցավոր գործողությունները՝ կազմել են պարտավորագրեր և «Առուվաճառքի պայմանագրեր» վերտառությամբ փաստաթղթեր, իբրև թե կողմերի միջև առկա են քաղաքացիաիրավական հարաբերություններ:
«AM»-ի փաստաբան Հայկ Բարսեղյանը, ուսումնասիրելով սույն գործի հետ կապված վստահորդների կողմից տրամադրված նյութերը, հանգել է հետևության, որ այդ անձանց գործողություններում հնարավոր է՝ առկա լինի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված արարք (այն է՝ խարդախություն), և որոշել է վստահորդների անունից կազմել հանցագործության մասին հաղորդում ու ներկայացնել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժանմունք:
Հետաքննության ընթացքում քրեական հետապնդման մարմնին տրամադրվել են լրացուցիչ ապացույցներ, ինչպես նաև կազմակերպվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձանց շահերի պաշտպանությունը: Քրեական հետապնդման մարմնի կողմից հետաքննության ավարտին որոշում է կայացվել սույն դեպքերի առնչությամբ բավարար ապացույցների համակցությամբ հարուցել քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ