19 Ապրիլ, 2021
«AM» իրավաբանական ընկերությունը «The Legal 500» EMEA (Europe, Middle East & Africa) միջազգային հեղինակավոր վարկանիշավորման համաձայն ճանաչվել է Հայաստանում իրավաբանական ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն՝ վարկանիշավորման ցանկում կրկին պահպանելով իր դիրքը Խումբ 1-ում (Tier 1):
«The Legal 500»-ը, որը միջազգային վարկանիշավորման համակարգ է, յուրաքանչյուր տարի ուսումնասիրում է շուրջ 150 երկրներում գործող իրավաբանական ընկերությունների աշխատանքը:
Միջազգային վարկանիշավորման հիմնավորման մեջ ընդգծվել է, որ «AM»-ն ունի նշանակալի փորձ իրավունքի բոլոր բնագավառներին առնչվող դատական գործերով։ «AM»-ը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի լայն շրջանակին առնչվող խնդիրների վերաբերյալ՝ հարկային և մաքսային իրավունքի, պարտքերի հետգանձման, ապրանքային նշանի գրանցման խնդիրներ, գույքային և աշխատանքային վեճեր, իրավական խնդիրներ արտերկրում և այլն:
«AM» ընկերությունը ղեկավարում է փաստաբան Գրիգոր Մինասյանը: «AM»-ի թիմ ղեկավարներից են փաստաբան Վանիկ Մարգարյանը, որը փորձառություն ունի հարկային և մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաև Դավիթ Հունանյանը, որը մասնագիտացած է քաղաքացիական և քրեական վիճահարույց դատական գործերում:
Մոնիթորինգ իրականացնելիս «The Legal 500»-ը կարևորում է իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություններում թիմային աշխատանքը:
Հարկ ենք համարում ընդգծել, որ մի շարք ընկերություններ վարկանիշավորումն իրականացնում են վճարովի սկզբունքով, մինչդեռ «The Legal 500»-ը իրավաբանական ընկերությունների վարկանիշավորումն իրականացնում է բացառապես հաշվի առնելով տվյալ ընկերության հեղինակությունը:
«AM»-ի թիմը շնորհակալություն է հայտնում իր հաճախորդներին և գործընկերներին աշխատանքը դրական գնահատելու և ընկերությանը վստահելու համար: