2021 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը բավարարեց «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Վանիկ Մարգարյանի և փաստաբան Հայկ Բարսեղյանի կողմից ներկայացված հայցադիմումը՝ պարտավորեցնելով «Արարատցեմենտ» ՓԲԸ-ին անվավեր ճանաչել թվով վեց աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին հրամանները, վերականգնել նախկին աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար սահմանված գումարը: «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի փաստաբանական թիմը, համաձայն չլինելով դատական ակտի հետ, Վերաքննիչ դատարան բողոք ներկայացրեց՝ պահանջելով բեկանել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
«AM» իրավաբանական ընկերության փաստաբանները, շարունակելով իրենց վստահորդների իրավունքների պաշտպանությունը, Վերաքննիչ դատարան ներկայացրեցին բողոքի համապարփակ պատասխան:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը սույն թվականի փետրվարի 24-ին որոշեց «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը մերժել և անփոփոխ թողնել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի որոշումը:
Արդյունքում՝ ՀՀ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրեց, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը, բավարարելով «AM» իրավաբանական ընկերության փաստաբանների հայցը, կայացրել է իրավաչափ դատական ակտ, իսկ ներկայացված վերաքննիչ բողոքն անհիմն է ու մերժման ենթակա:
Վերաքննիչ դատարանն արձանագրեց՝ «AM» իրավաբանական ընկերության փաստաբանների հայցի հիման վրա կայացրել է իրավաչափ դատական ակտ:
Այսպիսով, «AM» իրավաբանական ընկերության փաստաբանները հերթական վստահ հաղթանակը տարան ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում: