Քաղաքացին դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն ու հայտնել կասկածներ այն մասին, որ իր հարևանի կողմից կառուցված բնակելի տունը գտնվում է իրեն համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա, և մտավախություն ունի, որ տվյալ կառույցն առանց իր իմացության կարող է ապօրինաբար օրինականացված լինել:
Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավարի՝ մեզ ուղարկած փաստաթղթերի համադրումից պարզ դարձավ, որ օրինականացված կառույցը մասնակիորեն գտնվում է մեր վստահորդին պատկանող հողամասի վրա:
Դեռևս 2018 թվականին համայնքի ղեկավարը օրինական է ճանաչել տվյալ բնակելի տունը՝ ինքնակամ կառույցի սեփականատիրոջ կողմից ներկայացված ապօրինի փաստաթղթերի հիման վրա, որոնցում հայցվորին պատկանող հողամասը ևս ներկայացվել էր որպես իր սեփականություն:
ՀՀ վարչական դատարան ներկայացրեցինք հայցադիմում, որով խնդրեցինք դատարանին անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի կողմից կայացված ապօրինի վարչական ակտը: Դատարանի կողմից բավարարվեց միջնորդությունը, և հայցադիմումն ընդունվեց վարույթ:
Հայցադիմումում ներկայացրել էինք փաստարկներ առ այն, որ օրինական ճանաչված շինությունը, ներառյալ պարիսպը, գտնվում է մեր վստահորդի հողի վրա:
«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Պայծառ Քոչարյանի դիտարկմամբ, համայնքի ղեկավարն անտեսել էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» պահանջները՝ կայացնելով ոչ իրավաչափ վարչական ակտ, քանի որ օրինական էր ճանաչվել մի կառույց, որի առկայությամբ ուղղակիորեն խախտվում էր հայցվորի սեփականության իրավունքը:
ՀՀ վարչական դատարանը որոշեց բավարարել մեր կողմից ներկայացված հայցն ամբողջությամբ՝ անվավեր ճանաչելով վարչական ակտը:
Ձեռնարկվում են նաև համապատասխան գործողություններ կառույցի՝ մեր հաճախորդի հողամասում գտնվող ապօրինի հատվածը քանդելու ուղղությամբ: