Իրավական աջակցության համար դեռևս 2021 թվականին «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի վեց աշխատակից դիմել էր «AM» իրավաբանական ընկերությանը։ Ընկերության բաժնետեր, փաստաբան Վանիկ Մարգարյանը և պարտքերի հետգանձման ծառայության ղեկավար, փաստաբան Հայկ Բարսեղյանը հայցադիմում էին ներկայացրել ու ապահովել վստահորդների շահերի ներկայացուցչությունը ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանում։
Դատարանը որոշել էր բավարարել բոլոր հայցապահանջները, իսկ պատասխանողի բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում և ՀՀ վճռաբեկ դատարանում արդյունք չէին տվել՝ ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի վճիռը։
Արդյունքում «Արարատցեմենտ»-ը պարտավորվեց համահայցվորներին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող միջին աշխատավարձի գումարը աշխատանքային պայմանագրերի լուծման օրվանից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նաև վերականգնել նախկին աշխատանքում, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում և աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` միջին աշխատավարձի տասներկուսապատիկի չափով, նաև վճարել փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը:
«AM»-ի փաստաբանների արհեստավարժ աշխատանքի և ՀՀ դատարանների կողմից գործի լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում գրանցվեց հերթական հաղթանակը, ու նախկին աշխատակիցները մի քանի միլիոն ՀՀ դրամի չափով փոխհատուցում ստացան: