Ըստ ֆեյսբուքյան էջի տվյալների քաղաքական գործիչ և հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանը դեռևս 2020 թվականի հունվարի 26-ին սոցիալական անձնական էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ հրապարակում էր արել: Հրապարակման մեջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էր գրել նաև վարչապետի աղջկա՝ Շուշան Փաշինյանի մասին:
Հաշվի առնելով Շուշան Փաշինյանի անչափահաս լինելն ու անընդունելի համարելով վարչապետի գործունեությունը քննադատելը երեխային զրպարտելով՝ 2020 թվականի փետրվարին Նարեկ Սամսոնյանի դեմ հայց էր ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան:
2021 թվականի հունիսին կայացրած վճռով դատարանը մերժել էր հայցը՝ պատճառաբանելով, որ Սամսոնյանը չի զրպարտել: Դատարանի վճիռը բողոքարկվել է, և Վերաքննիչ դատարանն այն բեկանել է՝ գործն ուղարկելով ամբողջ ծավալով նոր քննության:
Շուշան Փաշինյանի շահերի պաշտպանությունը նոր քննության ընթացքում ստանձնել էր «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը: Կես տարի տևած քննության արդյունքում դատարանը, համաձայնելով Դավիթ Հունանյանի փաստարկների հետ, բավարարել է հայցապահանջը և պարտավորեցրել Նարեկ Սամսոնյանին պաշտոնապես հերքել Շուշան Փաշինյանի վերաբերյալ տարածած տեղեկությունը: