ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ

16 Հուլիս, 2014

ՀՀ օրենսդրությունը սահմանում է կատարողական վարույթում արգելադրված գույքի իրացման երկու եղանակ՝ ուղղակի վաճառք և հրապարակային սակարկություններ (աճուրդ): Գրականության մեջ նշվում է, որ կատարողական վարույթում պարտապանի գույքն իրացվում է հրապարակային սակարկություններով, որպեսզի գնման առաջարկների մրցակցություն առաջացնի և այդպիսով իրացումից առավելագույն հասույթ ստացվի[1]: Սակայն գույքի որոշակի տեսակների դեպքում դրա հրապարակային առաջարկը կամ օրենքով չի թույլատրվում (սահմանափակ շրջանառության գույք) կամ, գույքի հատկանիշներից ելնելով, նպատակահարմար չէ (շուտ փչացող, պահպանման էական ծախսեր պահանջող (օրինակ` ընտանի կենդանիներ), սակավարժեք, օգտագործմանը պիտանի դարձնելու համար էական ներդրումներ պահանջող, յուրահատուկ հատկանիշներով գույքը, ինչպես նաև օգտագործված կենցաղային իրերը), ուստի օրենսդիրը սահմանել է, որ այդ դեպքում գույքի հրապարակային առաջարկ չի կատարվում, և այն վաճառվում է ուղղակի վաճառքի ընթացակարգով որոշված գնորդի («Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենք[2], հոդված 53.1): Արգելադրված գույքի ուղղակի վաճառքը կարգավորող կանոնների ուսումնասիրությունը ցույց է տալիս, սակայն, որ օրենքով սահմանված այդ ընթացակարգը ոչ այլ ինչ է, քան փակ աճուրդ, որին մասնակցում են միայն այդ նպատակով հրավիրված անձինք (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք[3], հոդված 464, 1-ին մաս): Այսպես, ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի 53.1 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝  «Ուղղակի վաճառքի մասին որոշումը հանձնելուց (ուղարկելուց) հետո` երկշաբաթյա ժամկետում, կողմերը կամ իրենց մատնանշած անձինք իրավունք ունեն  սահմանված ժամին և վայրում որոշմամբ սահմանված գնից ավելի բարձր գնով գնելու գույքը: Գույքի ուղղակի վաճառքին մեկից ավելի անձանց մասնակցության դեպքում գույքը վաճառվում է ավելի բարձր գին առաջարկողին»: Ինչպես տեսնում ենք, արգելադրված գույքի ուղղակի վաճառքին բնորոշ են փակ աճուրդի երկու հիմնական հատկանիշները. մասնակցում են միայն հրավիրված անձինք, և գույքը վաճառվում է առավել բարձր գին առաջարկած անձին: Խնդիրը միայն տերմինաբանական չէ, այլ վերաբերում է շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանությանը: Մասնավորապես, գործող կարգավորման պայմաններում օրենքով սահմանված կանոնների խախտմամբ գույքի ուղղակի վաճառքի դեպքում կատարողական վարույթի կողմերը, ինչպես նաև ուղղակի վաճառքի ընթացակարգին մասնակցած, սակայն գույքը չգնած անձինք զրկվում են այն իրավական պաշտպանությունից, որը ՀՀ քաղ. օր. 465 հոդվածով տրամադրվում է շահագրգիռ անձանց. մասնավորապես, նրանք չեն կարող վիճարկել օրենքի խախտմամբ անցկացված ուղղակի վաճառքը (իրականում՝ փակ աճուրդը) և կնքված պայմանագիրը: Հետևաբար, անհրաժեշտ է արգելադրված գույքի ուղղակի վաճառքի ընթացակարգը վերանվանել որպես փակ աճուրդ և կարգավորել փակ աճուրդի կանոններով:

Հրապարակային սակարկություններն, իրենց հերթին, կարող են անցկացվել երկու ձևով՝ հարկադիր աճուրդների և հարկադիր էլեկտրոնային աճուրդների («Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք[4], գլուխ 4): Որպես կանոն՝ հրապարակային սակարկություններն անցկացվում են հարկադիր էլեկտրոնային աճուրդի ձևով, իսկ ոչ էլեկտրոնային աճուրդներ անց են կացվում միայն ՀՀ կառավարության 12.10.2006թ. N 1495-Ն որոշմամբ[5] սահմանված դեպքերում, այն է՝ երբ տեխնոգեն վթարների հետևանքով կամ այլ պատճառներով անհնար է դարձել հարկադիր էլեկտրոնային աճուրդ իրականացնող համակարգի շահագործումը և հնարավոր չի եղել այն վերականգնել մեկ շաբաթվա ընթացքում: Հարկ է նշել, որ օրենքում հարկադիր էլեկտրոնային աճուրդների կարգավորումից և դրանց գործնական ներդրումից հետո Հայաստանում հարկադիր աճուրդներ չեն անցկացվել:

Չնայած այն հանգամանքին, որ հենց այս փուլում է պարտապանը հարկադրաբար զրկվում իր սեփականության իրավունքից՝ արգելադրված գույքի իրացումն իրենից ներկայացնում է քաղաքացիաիրավական հարաբերությունների համակցություն: Այս տեսակետն ընդունված է խնդիրը հետազոտած իրավագետների մեծամասնության շրջանում[6]: Այդպիսի բնորոշումն էական նշանակություն ունի իրացմանն առնչվող մի շարք ինստիտուտների հետազոտման հարցում, որոնց կանդրադառնանք հետագա շարադրանքում: 

          Տեսական ու կիրառական մեծ նշանակություն ունի արգելադրված գույքի օտարման պայմանագրի հատկանիշների հետազոտությունը: Նախ հարկ է նշել, որ արգելադրված գույքի իրացումը կարող է կատարվել ոչ այլ կերպ, քան քաղաքացիաիրավական պայմանագրի միջոցով, քանի որ ՀՀ քաղ. օր. 172 հոդվածի 2-րդ մասը սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ այլ անձի սեփականության իրավունքի ծագման համար այլ հնարավորություն չի թողնում:  Միաժամանակ, գրականության մեջ նշվում է, որ արգելադրված գույքի իրացման գործարքն իրենից ներկայացնում է հանրային-իրավական հարաբերությունների շրջանակներում իրականացվող իրավաբանական ընթացակարգի մաս հանդիսացող գործարքի օրինակ[7]:

            Արգելադրված գույքի օտարման գործարքների շարքում որոշակիորեն առանձնանում է չիրացված գույքի փոխանցումը պահանջատիրոջը՝ վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնով («Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 35, 5-9-րդ մասեր, հոդված 35.4, 4-6-րդ մասեր): Այդ գործարքն իր էությամբ մոտ է առուվաճառքի պայմանագրին. տարբերությունը կայանում է միայն նրանում, որ պահանջատերը գույքի դիմաց լրիվ կամ մասնակի՝ իր պահանջի չափով չի վճարում, քանի որ ինքն էլ իր հերթին պետք է ստանա գույքի իրացումից ստացված գումարը: Այդ պայմանագրով ըստ էության տեղի է ունենում փոխադարձ պահանջների հաշվանց հարկադիր կատարողի և պահանջատիրոջ միջև[8]:

            Առանցքային է այն հարցը, թե ով է վաճառողը արգելադրված գույքի իրացման պայմանագրում և, համապատասխանաբար, ով է կրում վաճառողի իրավունքներն ու պարտականությունները: Տեսությունում այդ հարցը դեռևս վիճելի է: Վեճը երկար պատմություն ունի, և դեռևս 19-րդ դարի իրավագետ Ա. Լիվենն իրացումը դիտարկում էր որպես կառավարության անունից կատարվող գործարք[9]: Մի շարք իրավագետներ, ինչպիսիք են Դ. Ի. Մեյերը[10] և Մ. Գ. Ավդյուկովը,[11] նշում են, որ կատարողական վարույթում պարտապանի գույքի իրացման փուլն իրենից ներկայացնում է պարտապանի գույքի վաճառքի գործարք, որի արդյունքում քաղաքացիաիրավական հարաբերությունները ծագում են գույքի գնորդի և սեփականատիրոջ, այսինքն՝ պարտապանի միջև: Այդպիսով, Դ. Ի. Մեյերը գտնում է, որ վաճառողը պարտապանն է, իսկ հարկադիր կատարողը՝ նրա օրինական ներկայացուցիչը[12]: Ե. Կ. Կոստյուշինը համաձայնվում է այս տեսակետի հետ՝ ավելացնելով, որ այդպիսի ներկայացուցչության ծագման հիմքը ոչ թե քաղաքացիաիրավական, այլ հանրային-իրավական բնույթի իրավաբանական փաստն է[13]: Ա. Ռ. Գոլուբևան նշում է, որ հարկադիր կատարողի կողմից պարտապանի փոխարինումն իրենից ներկայացնում է կատարողական վարույթում քաղաքացիական իրավահարաբերությունների հատուկ տեսակ[14]:

Կ. Ի. Սկլովսկին, ընդհակառակը, գտնում է, որ քննարկվող պայմանագրում վաճառողը հարկադիր կատարողն է (հարկադիր կատարման ծառայությունը)[15]: Սկլովսկին հետևյալ փաստարկներն է ներկայացնում այդ տեսակետի օգտին: Առաջին, հարկադիր կատարողը չի կարող լինել պարտապանի ներկայացուցիչը, քանի որ ներկայացվողի կամքին հակառակ ներկայացուցչությունը, ընդհուպ մինչև ներկայացուցչի կողմից նրա նկատմամբ վարչական հարկադրանքի կիրառմամբ, որևէ կերպ չի համապատասխանում մասնավոր իրավունքի հիմունքներին: Արգելադրված գույքն իրացնելու՝ հարկադիր կատարման ծառայության իրավունքը բխում է ոչ թե մասնավոր, այլ հանրային իրավունքից, ուստի չի պահանջում համապատասխան ներկայացուցչության կամ գույքային իրավունքի առկայություն: Երկրորդ, պարտապանի մոտ որևէ իրավունք չի ծագում ո՛չ սակարկությունների արդյունքում, ինչպես, օրինակ, պայմանագրի կնքում (արձանագրության ստորագրում) պահանջելու իրավունք, ոչ էլ պայմանագրի կնքման արդյունքում, ինչպես, օրինակ, վճարման պահանջի իրավունք: Երրորդ, առուվաճառքի պայմանագրում վաճառողի հիմնական՝ գույքը գնորդին փոխանցելու պարտականությունը ծագում է հարկադիր կատարման ծառայության մոտ, ինչի կատարման նպատակով էլ նա իրավազոր է գույքն առգրավել ցանկացած անձից, ում մոտ այն կհայտնաբերվի: Իսկ պարտապանի համար նման պարտականություն չի ծագում, և ո՛չ օրենքը, ո՛չ էլ պրակտիկան առուվաճառքի պայմանագրից բխող՝ գնորդի կողմից պարտապանին պահանջ ներկայացնելու հնարավորություն չեն նախատեսում, ինչի դեպքում, ի դեպ, գնորդը կհայտնվեր իր համար բավական ոչ շահավետ՝ պահանջատերերից մեկի կարգավիճակում:

Մենք համաձայն ենք Սկլովսկու փաստարկների հետ՝ հարկադիր կատարողին (հարկադիր կատարման ծառայությանը)՝ որպես արգելադրված գույքի առուվաճառքի պայմանագրում վաճառող դիտարկելու օգտին ավելացնելով այլ փաստարկներ ևս: Նախ, ներկայացուցչությունը ենթադրում է նաև ներկայացուցչի գործունեություն՝ ներկայացվողի շահերից ելնելով: Ակնհայտ է, սակայն, որ արգելադրված գույքն իրացնելիս հարկադիր կատարողը գործում է ոչ թե պարտապանի, այլ պահանջատիրոջ շահերից ելնելով: Երկրորդ, հարկադիր կատարման միջոցներն ընդհանրապես, ուստիև արգելադրված գույքի իրացումը՝ որպես հարկադիր կատարման միջոցի տարր, բխում են մասնավոր նյութաիրավական նորմերից, իսկ դրանք պարտապանի կամքին հակառակ կամ առանց այդ կամքը հաշվի առնելու իրագործելը թույլատրվում է հանրային-իրավական երևույթի՝ դատական ակտի կատարելիության հատկանիշի ուժով: Հետևաբար, հարկադիր կատարողը պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու, և մասնավորապես՝ այն հարկադիր իրացնելու լիազորություն ստանում է հանրային-իրավական նորմերի ուժով: Երրորդ, եթե արգելադրված գույքի իրացումը, այդ թվում` առուվաճառքի պայմանագիրը, անվավեր է ճանաչվում, ապա գործարքների անվավերության կանոնների համաձայն՝ պետք է տեղի ունենա երկկողմանի ռեստիտուցիա (ՀՀ քաղ. օր., հոդված 304): Տվյալ դեպքում, եթե որպես վաճառող ճանաչվի պարտապանը, ապա գնորդը պահանջի իրավունք պետք է ձեռք բերի պարտապանի նկատմամբ: Սակայն եթե արգելադրված գույքի առուվաճառքն անվավեր է ճանաչվում, ապա դրանից բխում է իրացմանը հաջորդող բոլոր վարչական ակտերի անվավերությունը, այդ թվում` բռնագանձված գումարների բաշխման վերաբերյալ վարչական ակտի[16]: Իսկ դա նշանակում է, որ վերադառնում է նախկին իրավիճակը, երբ պարտավորությունը կատարված չէ, իսկ գումարները ստացած պահանջատերն էլ դրանք պետք է վերադարձնի հարկադիր կատարողին: Այդ իրավիճակում ակնհայտ է, որ այն գումարը, որը պետք է վերադարձվի գնորդին, հարկադիր կատարողի մոտ է, հետևաբար, նա էլ պարտավոր է գումարը վերադարձնել գնորդին: Միևնույն ժամանակ, նախկին իրավիճակը ենթադրում է, որ գույքը պարտապանի սեփականությունն է, և նա պարտականություն ունի պահանջատիրոջ նկատմամբ: Ուստի չի կարող պարտապանի վրա դրվել նաև գնորդին հատուցելու պարտականություն: Այդպիսով, երկկողմանի ռեստիտուցիայի կողմ է հարկադիր կատարողը, որպիսին նա կարող է լինել միայն որպես արգելադրված գույքի վաճառող ճանաչվելու դեպքում:

Բացի այդ, այստեղ պետք է նկատի ունենալ, որ անգամ իրացված գույքը պարտապանի սեփականությանը վերադառնալու դեպքում ռիսկ կա, որ պարտապանից հնարավոր չի լինի ստանալ գնորդի վճարած գումարը, ուստի, եթե որպես վաճառող համարում ենք պարտապանին, ապա այդ ռիսկը ընկնում է գնորդի վրա, ինչն արդարացի չէ, քանի որ գնորդի պատճառով արգելադրված գույքի առուվաճառքի անվավերությունը բացառվում է: Այդ ռիսկը պետք է կրի հարկադիր կատարողը: Իսկ այդ ռիսկը հարկադիր կատարողը կարող է կրել միայն այն ժամանակ, երբ ինքն է երկկողմանի ռեստիտուցիայի կողմ, այսինքն` վաճառող:

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև հարկադիր (էլեկտրոնային) աճուրդի անվավերության և դրա հետևանքների հարցերը: ՀՀ քաղ. օր. 465 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքով սահմանված կանոնների խախտմամբ անցկացված սակարկությունները շահագրգիռ անձի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր: Նույն կանոնի մասնավոր դրսևորումներն են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 3-րդ մասի և 35.3 հոդվածի 2-րդ մասի դրույթները, որոնց համաձայն՝ նշված օրենքով սահմանված կանոնների խախտմամբ անցկացված հարկադիր (էլեկտրոնային) աճուրդները շահագրգիռ անձի հայցով կարող են ճանաչվել անվավեր: Ինչպես տեսնում ենք, օրենսդրական ձևակերպումն ընդհանուր է և տեղ է թողնում դատական պրակտիկային որոշելու, թե ովքեր և ինչ պայմաններում կարող են ունենալ աճուրդն անվավեր ճանաչելու հայցի իրավունք՝ նյութաիրավական իմաստով:

Գրականության մեջ նշվում է, որ սակարկությունները վիճարկվում են գործարքների անվավերության կանոններով, սակայն օրենսդիրը չի նշել այն կոնկրետ անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն վիճարկել սակարկությունները, թեև ՀՀ քաղ. օր. 303 հոդվածի 2-րդ մասի համաձայն` այդպիսի անձինք պետք է նշվեն օրենսգրքում: Սակարկություններն անվավեր ճանաչելու հարցում շահագրգռվածության, հետևաբար և` հայցի իրավունքի առկայությունը, յուրաքանչյուր դեպքում պետք է որոշի դատարանը[17]: Այդպիսի անձինք կարող են լինել կատարողական վարույթի կողմերը, գնորդը, աճուրդի չհաղթած մասնակիցը և այլն:

Տեսության մեջ միասնական է դիրքորոշումը նաև այն հարցի շուրջ, որ աճուրդի անվավերության հիմք է ոչ թե աճուրդի անցկացման կանոնների խախտումն ինքնին, այլ նաև այդ խախտման հետևանքով հայցվորի իրավունքների և օրինական շահերի խախտումը[18]: Հենց այս հանգամանքով է պայմանավորված օրենսդրի այն ձևակերպումը, ըստ որի` օրենքով սահմանված կանոնների խախտմամբ անցկացված սակարկությունները դատարանը ոչ թե անվերապահորեն ճանաչում է, այլ կարող է ճանաչել անվավեր: Այդ ձևակերպումը համադրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի հետ, համաձայն որի` շահագրգիռ անձն իրավունք ունի … դիմել դատարան` … իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար (ընդգծումը մերն է)` կարող ենք պնդել, որ այս հարցում տեսությունն ու օրենսդրությունը համահունչ են. հայցվորը պետք է ապացուցի ոչ միայն աճուրդի անցկացման կանոնների խախտման, այլ նաև դրա հետևանքով` իր իրավունքների խախտման փաստը: Այդպիսի կարգավորման կիրառման օրինակ է թիվ  ՎԴ/0379/05/11 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 14.06.2011թ. վճիռը, որով արձանագրվել է, որ տեղի է ունեցել աճուրդի անցկացման կարգի խախտում, սակայն այն չի հանգեցրել հայցվորի իրավունքների խախտման, և աճուրդն անվավեր ճանաչելու հայցը մերժվել է:

Հարկ է նշել նաև, որ հայցվորի իրավունքների խախտում առկա է ոչ միայն այն դեպքում, երբ աճուրդի անցկացման կարգի խախտումը տեղի է ունեցել հայցվորի մասնակցությամբ իրավահարաբերությունում, այլ նաև այն դեպքում, երբ թեկուզ այլ անձանց (օրինակ, հարկադիր կատարողի և աճուրդում հաղթած մասնակցի) իրավահարաբերություններում աճուրդի անցկացման կարգի խախտումը հայցվորի համար առաջացրել է անբարենպաստ հետևանքներ: Օրինակ, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.2 հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո՝ 3 բանկային օրվա ընթացքում, ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Նույն օրենքի 35.3 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը: Այսպես, եթե աճուրդում հաղթած մասնակիցը գնման գինը վճարի աճուրդի ավարտից հետո ոչ թե 3 բանկային օրվա ընթացքում, այլ 5-րդ բանկային օրը, իսկ հարկադիր կատարողն էլ նրա հետ կնքի առուվաճառքի պայմանագիր, ապա տեղի կունենա աճուրդի անցկացման կարգի խախտում, ինչը պարտապանի համար անբարենպաստ հետևանք կառաջացնի, քանի որ խախտումը թույլ չտրվելու դեպքում աճուրդը պետք է համարվեր չկայացած, և պետք է անցկացվեր նոր աճուրդ:

Պրակտիկայում արդիական է նաև այն հարցը, թե արդյոք աճուրդը կարող է անվավեր ճանաչվել ոչ միայն բուն սակարկությունների անցկացման կարգի, այլ նաև կատարողական վարույթում արգելադրված գույքի իրացմանը նախորդող խախտումների հիմքով: Գրականության մեջ հանդիպում է այդ հարցի դրական պատասխան, ըստ որի` սակարկությունները կարող են վիճարկվել նաև այն դեպքում, երբ խախտումներ են հայտնաբերվում գույքի վրա բռնագանձում տարածելու, այդ թվում` արգելանք դնելու հետ կապված[19]: Այդ մոտեցումը հանդիպում է նաև դատական պրակտիկայում: Այսպես, թիվ ՎԴ3/0135/05/12 վարչական գործով ՀՀ վարչական դատարանը բավարարել է հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցն այն հիմքով, որ հարկադիր կատարողը պարտավոր էր «Սնանկության մասին» ՀՀ օրենքի[20] 6-րդ հոդվածի 2-րդ մասի և ԴԱՀԿ մասին ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի ուժով 60-օրյա ժամկետով կասեցնել կատարողական վարույթը և առաջարկել կողմերին պարտապանի սնանկության հայց ներկայացնել դատարան, սակայն չի կատարել այդ պարտականությունը:

Կարծում ենք, սակայն, որ կատարողական վարույթի ընթացքում` մինչև աճուրդի գործընթացն սկսելը, տեղի ունեցած խախտումներն անմիջականորեն չեն կարող հանգեցնել աճուրդի անվավերության` մի քանի պատճառով: Նախ, այդ դեպքում կասկածի տակ է դրվում չվիճարկված և անվավեր չճանաչված վարչական ակտի` արգելադրված գույքն իրացնելու մասին որոշման իրավաչափությունը, որը հաջորդում է կատարողական վարույթում թույլ տրված խախտումներին: ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ վարչական ակտն ընդունված է վարչական մարմնի լիազորությունների շրջանակներում, իրավաչափ է, և ոչ ոք, այդ թվում` պետական մարմինները չեն կարող կասկածի տակ դնել վարչական ակտի իրավաչափությունը, քանի դեռ այն օրենքով սահմանված կարգով անվավեր ճանաչված չէ[21]: Հետևաբար, այն դեպքերում, երբ հայցվորը վիճարկում է հարկադիր կատարողի` աճուրդին նախորդող գործողությունների իրավաչափությունը և այդ հիմքով ցանկանում է հասնել կայացած աճուրդի անվավերությանը, նա պետք է ներկայացնի ոչ թե աճուրդի անվավերության, այլ աճուրդին նախորդող համապատասխան վարչական ակտի, այդ թվում` արգելադրված գույքն իրացնելու մասին որոշման վիճարկման հայց, ինչի դեպքում աճուրդի անվավերության պահանջը կարող է ներկայացվել որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք[22], հոդված 71): Իսկ աճուրդին նախորդող վարչական ակտի վիճարկման հայց կարող է ներկայացնել միայն այդ ակտի հասցեատերը, այլ ոչ թե ցանկացած շահագրգիռ անձ, ինչպես աճուրդի անվավերության հայցի դեպքում է: Ընդ որում, վարչական ակտի հասցեատիրոջ կողմից վարչական ակտի վիճարկման, և որպես հետևանք` աճուրդի անվավերության հայցի նկատմամբ կիրառելի են ոչ թե գործարքների անվավերության հայցերի կանոնները, այլ վարչական ակտի վիճարկման հայցի կանոնները, այդ թվում` հայց ներկայացնելու ժամկետների մասով: Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ դատարանը պետք է մերժի աճուրդին նախորդող խախտումների հիմքով աճուրդն անվավեր ճանաչելու հայցը, եթե աճուրդին նախորդող և աճուրդը պայմանավորող վարչական ակտը չի վիճարկվում:

Մեծ նշանակություն ունի հարկադիր (էլեկտրոնային) աճուրդի անվավերության հետևանքների որոշումը: «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի և 35.3 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկադիր (էլեկտրոնային) աճուրդն անվավեր ճանաչելու դեպքում կազմակերպվում է նոր հարկադիր (էլեկտրոնային) աճուրդ: Կատարողական վարույթի մասին օրենսդրությունը աճուրդի անվավերության հետևանքները կարգավորելիս սահմանափակվում է միայն այդ դրույթով, ուստի խնդրի լուծման համար հարկ է դիմել նյութական իրավունքի օգնությանը: Այսպես, ՀՀ քաղ. օր. 465 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սակարկություններն անվավեր ճանաչելը հանգեցնում է սակարկություններում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության: Իսկ գործարքի անվավերության հետևանքը երկկողմանի ռեստիտուցիան է՝ սահմանված ՀՀ քաղ. օր. 304 հոդվածի 2-րդ մասով: Արդեն նշել ենք, որ արգելադրված գույքի օտարման պայմանագրում վաճառողը հարկադիր կատարողն է (հարկադիր կատարման ծառայությունը), հետևաբար՝ վերջինս էլ դառնում է երկկողմանի ռեստիտուցիայի կողմ, և գնորդը նրանից պետք է պահանջի իր վճարած գումարի վերադարձը: Մյուս կողմից, գնորդին վերադարձվելիք գումարը հարկադիր կատարողին պետք է վերադարձվի այն աղբյուրներից, որոնց միջև բաշխվել են գույքի օտարումից ստացված դրամական միջոցները, մասնավորապես՝ պահանջատիրոջից (պահանջատերերից), հարկադիր կատարման ծառայությունից (կատարողական ծախսերի մասով) և պարտապանից (այն դեպքում, երբ օտարումից ստացված հասույթը գերազանցել է պահանջների չափը, և մնացորդ գումարը վերադարձվել է պարտապանին): Օտարված գույքն, իր հերթին, պետք է վերադարձվի պարտապանի սեփականության ներքո, նրա նկատմամբ պետք է վերականգնվի արգելանքը, և այն կրկին պետք է իրացվի՝ պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջների բավարարման նպատակով, եթե, իհարկե, վերջիններս չեն դադարում պահանջել կատարում: Վերջին դեպքը, այնուամենայնիվ, քիչ հավանական է, քանի որ պահանջատերերն ամեն դեպքում պարտավոր են վերադարձնել անվավեր ճանաչված իրացումից իրենց ստացած գումարը, ուստի շահագրգռված պետք է լինեն նոր իրացման հարցում: Բոլոր այս հետևանքները, այդ թվում՝ արդեն իսկ ավարտված կամ կարճված կատարողական վարույթի վերսկսումը, ցավոք, կարգավորված չեն կատարողական օրենսդրությամբ, այլ բխում են ինչպես գործարքի անվավերության հետևանքների մասին կանոններից, այնպես էլ՝ ՀՀ քաղ. օր. 14 հոդվածի 2-րդ կետից, որը, որպես խախտված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակ, սահմանում է մինչև իրավունքի խախտումը եղած դրության վերականգնումը: Բացի այդ, նշված հետևանքները հարկադիր կատարողի ընդունած վարչական ակտերի մասով բխում է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքից[23] (հոդված 63), քանի որ աճուրդն անվավեր ճանաչելը, որպես հետևանք, առաջացնում է նաև աճուրդից բխող վարչական ակտերի, այդ թվում՝ բռնագանձված գումարների բաշխման մասին, կատարողական վարույթն ավարտելու կամ կարճելու մասին որոշումների անվավերության:

Հարկ է նկատել նաև, որ օրենքն անվավերության հիմք է համարում միայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-33 (հարկադիր աճուրդների դեպքում) և 35.1-35.2 (հարկադիր էլեկտրոնային աճուրդների դեպքում) հոդվածներով սահմանված կանոնների խախտումները: Արդյունքում, շահագրգիռ անձինք պաշտպանություն չեն ստանում օրենքի 35 և 35.4 հոդվածների խախտումներից, որոնք սահմանում են չկայացած աճուրդից հետո երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աճուրդին անցման, ինչպես նաև պահանջատիրոջ կողմից գույքը պարտքի դիմաց ընդունելու կանոնները: Այդպիսի հնարավոր խախտում կարող է լինել չկայացած աճուրդից հետո լոտի մեկնարկային գնի իջեցման կանոնները չպահպանելը, մասնավորապես՝ գինն իջեցնելն այն դեպքում, երբ այդպիսի իջեցում օրենքով չի նախատեսվում (աճուրդի հաղթած մասնակցի կողմից գնման գինը չվճարելու կամ պայմանագիր չստորագրելու դեպքերում):  Ուստի, կարծում ենք, որ հարկադիր (էլեկտրոնային) աճուրդի անվավերության հիմքերի շարքում պետք է ներառել նաև այդ կանոնների խախտումը:

Այդպիսի լրացումը, սակայն, շահագրգիռ անձանց պաշտպանություն կտա չկայացած աճուրդից հետո երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աճուրդին անցնելու կանոնների խախտումից, սակայն ոչ օրենքի խախտմամբ գույքը պահանջատիրոջը հանձնելուց, քանի որ այդ դեպքում գույքի իրացումը սակարկությունների միջոցով չի կատարվում, և սակարկություններն անվավեր ճանաչելու հայցն այս դեպքում կիրառելի չէ: Բացի այդ, սակարկություններն անվավեր ճանաչելը հանգեցնում է դրանցում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության, իսկ պահանջատերն այդպիսի անձ չէ: Խնդրի լուծումը մենք տեսնում ենք պարտքի դիմաց գույքը պահանջատիրոջը հանձնելու կառուցակարգի վերացման մեջ՝ պահանջատիրոջը թողնելով ընդհանուր հիմունքներով սակարկություններին մասնակցելու հնարավորություն: Այդ դեպքում, սակայն, եթե պահանջատերը միակն է, կամ նրա պահանջը մյուսների նկատմամբ ենթակա է առաջնահերթ բավարարման, նա պետք է հնարավորություն ունենա աճուրդին մասնակցելու համար նախավճարը, հետագայում նաև՝ գնման գինը վճարելու ոչ թե (ոչ միայն) դրամով, այլ իր պահանջի հաշվանցով: Արդյունքում, պահանջատերը կունենա գույքը պարտքը դիմաց ընդունելու նույն հնարավորությունը, ինչ գործող կարգավորման պարագայում, սակայն շահագրգիռ անձինք այդ կանոնների խախտումից իրավական պաշտպանության կստանան:

Վ. Դալլաքյան, Կատարողական վարույթում արգելադրված գույքի իրացման որոշ հարցեր // Պետություն և իրավունք, Եր., 2014, N 1 (63), էջեր 114-123



[1] Տե՛ս Исполнительное производство:  учебник / Гуреев В. А., Гущин В. В. – Москва, Эксмо, 2009, էջ 187:

[2] Ընդունվել է 05.05.1998թ., ՀՕ-221, սկզբնաղբյուրը՝ ՀՀՊՏ 1998.06.15/12(45), այսուհետ՝ ԴԱՀԿ մասին ՀՀ օրենք:

[3] Ընդունվել է 05.05.1998թ., ՀՕ-239, սկզբնաղբյուրը՝ ՀՀՊՏ 1998.08.10/17(50), այսուհետ՝ ՀՀ քաղ. օր.:

[4] Ընդունվել է 08.10.2003թ., ՀՕ-15-Ն, սկզբնաղբյուրը՝ ՀՀՊՏ 2003.11.12/56(291) Հոդ.1047:

[5] Սկզբնաղբյուրը՝ ՀՀՊՏ 2006.11.15/58(513) Հոդ.1182:

[6] Տե՛ս, օրինակ, Насонов A.M. Уступка прав требования должника в процессе принудительного исполнения судебного акта: Автореф. дисс. ... канд. юрид. наук. - Москва, 2003, էջ 17; Захаров Ю. Режим сделок, заключаемых в исполнительном производстве // АКДИ - 2003. - № 17. – էջ 25:

[7] Տե՛ս Костюшин Е. К., Гражданско-правовые сделки в исполнительном производстве, дисс. … кандидата юрид. наук, Казань, 2005, էջ 35:

[8] Տե՛ս Костюшин Е. К., Гражданско-правовые сделки в исполнительном производстве, дисс. … кандидата юрид. наук, Казань, 2005, էջ 12:

[9] Տե՛ս Ливень А. Когда переходит при публичной продаже с торгов недвижимости право собственности на проданное недвижимое имущество от прежнего собственника его на покупателя // Юридический вестник. - Москва: Издательство Московского юридического общества. - 1876., кв. 8-9. –էջ 23:

[10] Տե՛ս Мейер Д. И. Русское гражданское право: в 2-х частях. Москва: Статут, 2000, էջեր 575-576:

[11] Տե՛ս Авдюков М. Г. Исполнение судебных решений. Москва: Госюриздат, 1960, էջ 53:

[12] Տե՛ս Мейер Д. И. Русское гражданское право: в 2-х частях. Москва: Статут, 2000, էջեր 309, 576:

[13] Տե՛ս Костюшин Е. К., Гражданско-правовые сделки в исполнительном производстве, дисс. … кандидата юрид. наук, Казань, 2005, էջեր 80-81:

[14] Տե՛ս Голубева А.Р. К вопросу о правовых отношениях, возникающих в исполнительном производстве: материально-правовые аспекты // Бюллетень службы судебных приставов Минюста РФ - 2003. - №2 [а], июнь. – էջ 54.

[15] Տե՛ս Скловский К.И. Некоторые проблемы оспаривания в суде реализации имущества на торгах // Вестник ВАС РФ, 2001, №9, էջեր 103-104, О защите прав собственника и владельца имущества, реализованного на публичных торгах // Хозяйство и право - 2001. - №1.- էջեր 70-71:

[16] Այդ մասին առավել մանրամասն կխոսվի հետագա շարադրանքում:

[17] Տե՛ս Скловский К.И. Некоторые проблемы оспаривания в суде реализации имущества на торгах // Вестник ВАС РФ, 2001, №9, էջեր 106:

[18] Տե՛ս, օրինակ, Исполнительное производство: учебное пособие, 2-е изд., Вставская И. М., Савченко С. А. – Москва, Проспект, 2010, էջ 163, Беляева О. А., Торги: теоретические основы и проблемы правового регулирвоания: Автореф. дисс…доктора юрид. наук, Москва, 2012, էջ 45:

[19] Տե՛ս Ендовин С.Ю. К вопросу о публичных торгах // ЭЖ-Юрист. 2000. N 51. էջեր 10-11:

[20] Ընդունվել է 25.12.2006թ., ՀՕ-51-Ն, սկզբնաղբյուրը՝ ՀՀՊՏ 2007.01.31/7(531) Հոդ.139:

[21] Տե՛ս, օրինակ, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները թիվ ՎԴ/2068/05/08 և ՎԴ/0562/05/09 վարչական գործերով:

[22] Ընդունվել է 05.12.2013թ., ՀՕ-139-Ն, սկզբնաղբյուրը՝ ՀՀՊՏ 2013.12.28/73(1013).1 Հոդ.1186.1:

[23] Ընդունվել է 18.02.2004թ., ՀՕ-41-Ն, ՀՀՊՏ 2004.03.31/18(317) Հոդ.413:

Վահագն Դալլաքյան,

AM իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան 

տպագրված` Կատարողական վարույթում արգելադրված գույքի իրացման որոշ հարցեր // Պետություն և իրավունք, Եր., 2014, N 1 (63), էջեր 114-123

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ