Միայն բոլոր հարցերի պարզաբանումը կօգնի պաշտպանել դերասան Կարեն Մկրտչյանի իրավունքները. AM իրավաբանական ընկերություն

18 Հուլիս, 2014www.panorama.am

«Կարեն Մկրտչյանը որևէ թաքցնելու բան չունի: Վստահ ենք, որ ոստիկանության քննությունից հետո ամեն ինչ կպարզվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց AM իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Վահագն Դալլաքյանը:

Հիշեցնենք, որ դերասան Կարեն Մկրտչյանը նախորդ տարվա դեկտեմբերին իր տան մուտքում անհայտ անձանց կողմից ծեծի էր ենթարկվել: Դրանից հետո Կարեն Մկրտչյանի առողջական վիճակը վատթարացել էր: Նա պետք է բուժում ստանար Գերմանիայում: Կարենի ընկերները սոցցանցերում ակցիա էին կազմակերպել: Մի քանի ամիս նա բուժում էր ստացել Գերմանիայում: Դերասանն արդեն կարողանում է ինքնուրույն քայլել, նորմալ խոսել: Հուլիսի 6-ին վերադարձել է հայրենիք: Վերադառնալուց հետո ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տարածել էր հայտարարություն այն մասին, որ Կարեն Մկրտչյանը շառլատան է, ով «խաբեությամբ կերել է» իրեն հանգանակած 80.000 եվրոն:

«Կարենը իր ուրախ ընկերոջ հետ ժամանում է Գերմանիա ու հետազոտվելուց հետո պարզվում է, որ արի ու տես՝ ոչ մի վիրահատություն էլ անհրաժեշտ չէր: Նրան ինչ-որ դեղեր են նշանակել, մասաժներ են արել ու հաշված շաբաթներում Կարենը վերականգնվել է: Ընթացքում ազատամարտիկ և հերոս Կարենը, իհարկե, չէր մոռանում հուզախառն նկարներ նկարվել ու նամակներ ուղարկել Գերմանիայից»,-գրել է օգատերը՝ պահանջելով հրապարակել այնտեղ արված ծախսերը:

Կարեն Մկրտչյանն էլ ի պատասխան այդ մեղադրանքների, ասել էր, որ ունի բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են իր տարած վիրահատության մասին: Նա նաև նշել էր, որ հավաքված 80 հազար եվրոյից շուրջ 13 հազար եվրոն մնում է, այն կծախսվի հոկտեմբեր ամսին, երբ ինքը բուժման նպատակով կրկին կմեկնի Գերմանիա: Տարածված լուրերի հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում՝ պարզելու, արդյոք խաբեություն կա, թե ոչ:

Վ. Դալլաքյանը նշեց, որ ոստիկանությունը կարող է դիմել համապատասխան բժշկական հաստատություններ՝ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար, ի տարբերություն մասնավոր անձանց:

AM իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Դավիթ Հունանյանը էլ ասաց, որ Կարենի ներկայացրած բոլոր փաստաթղթերը որևէ կասկածի տեղիք չեն տալիս: Նրա խոսքով, օգտատիրոջ կողմից ներկայացված տեղեկատվությունը միայն ենթադրությունների վրա է հիմնված, որևէ փաստ չկա:

Ասուլիսին ներկա Կարեն Մկրտչյանն ասաց, որ մասնագետները զննել են փաստաթղթերը, մի քանի հարցեր են ունեցել, որոնց ինքը պատասխանել է. «Փաստաղթղթերից մեկը, որը սկանով ուղարկվել է, նախնական մուծման գումարն է: Դա կարող էի նույնիսկ չներկայացնել: Ինձ մոտ կար այդ փաստաթղթից՝ օրինական կնիքով: Էլեկտրոնային տարբերակով ուղարկվածի վրա ուշադրություն են դարձնում, իսկ իմ մոտ եղած փաստաթղթի մուծման շտրիխ կոդի վրա ուշադրություն չեն դարձնում: Մարդկանց չիմացությունից է»:

«Ոստիկանությանն էլ կասկածի տեղի է տվել մի մարդու գրություն, որին ես, իմ շրջապատի մարդիկ, չեն ճանաչում: Նա գրել էր ինչ-որ մի բան առանց ապացույցների, փաստերի: Շատ վիրավորված եմ, ահավոր»,- ասաց դերասանը՝ հավելելով, որ նրա ոչ մի հարցադրումներին չի ցանկանում պատասխանել, թեև սկզբում ընկավ այդ չար ծուղակը:

Նշեց, որ այս պահին իր առողջությունը բավարար վիճակում է. «Ոչ լիարժեք է, դեռ պետք է շարունակվի բուժումը: Շնորհակալություն ժողովրդին, որ հնարավորություն տվեց բուժվեմ»: 

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է գրված ձեր վերջնական էպիկրիզում, Կարենն ասաց. «Դա չափազանց անձնական է: Վիրավորված եմ ու ստորացած եմ զգում: Ի՞նչ է, պետք է շորերս բարձրացնեմ ու ցույց տամ վիրահատությունս»: 

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք որևէ կապ տեսնում է ամիսներ առաջ իրեն հարվածողին ու այդ գրության հեղինակի միջև, դերասանն ասաց. «Վստահ եմ, որ եթե նույն մարդիկ չեն, նույն խելիք մարդիկ են, նույն արյունն ունեցող մարդիկ են, չար»:

Իսկ թե ինչո՞ւ իրեն հարվածողին նա դատի չտվեց հարցին ի պատասխան, Կարեն Մկրտչյանն ասաց. «Ես քրիստոնյա եմ, ներում եմ: Իսկ եթե դա համարվում է սխալ բան, չեմ պատրաստվում արդարանալ: Ես ներում եմ այդ մարդուն, թող Աստված նրան պատժի»:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ