«AM»իրավաբանական ընկերությունը կարևորել է սահմանադրական բարեփոխումների քննարկմանը երիտասարդության մասնակցությունը

8 Հոկտեմբեր, 2014www.panorama.am

Ի՞նչ հարցեր են մտահոգում Հայաստանի ապագա իրավաբան մասնագետներին. օրենքների սահմանադրական հսկողություն, Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակների ընդլայնում, սահմանադրորեն ամրագրել տեղական հանրաքվեի ինստիտուտը, ապագա Սահմանադրության մեջ ամրագրել աշխատանքի իրավունքը, շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պարտադիր պահանաջը և այլն: Ահա հենց այս հարցերն են բարձրացրել հայաստանյան բուհերի ուսանողները`  «AM» իրավաբանական ընկերության կողմից հայտարարված «Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով մրցույթի մասնակիցները:

Նշենք, որ մեկ ամիս առաջ «AM» իրավաբանական ընկերությունը հայտարարել էր մրցույթ՝ երիտասարդ իրավագետներին մրցութային կարգով ներկայացնելու սեփական դիտարկումներն ու առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ: Այսօր ամփոփվեցին մրցույթի արդյունքները, տրվեցին մրցանակները: 

«Մեր ընկերությունը մշտապես առաջնորդվել է հանրային կարևոր իրադարձություններին բարձր մասնակցություն ապահովելու սկզբունքով: Այդ տեսանկյունից կարևոր է իրավական համայնքի ներգրավածությունն այնպիսի կարևոր գործընթացին, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների քննարկումն է: Անկախ քաղաքական դիրքորոշումից, պետք է իրավական ոլորտի մասնագետները խնդիրները ձևակերպեն ու ներկայացնեն հանրությանը: Այդ նպատակով կարևոր ենք համարում լսելի դարձնել ուսանողների ձայնը»,- մրցույթի ամփոփման ժամանակ ասաց «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը:

Նա նշեց, որ նման մրցույթ հայտարարելու նպատակն էր հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը, որ երկրի կյանքը լինի բարեկեցիկ, օրենքերը պաշտպանված, երկրի կառավարումը, քաղաքական գործընթացները դառնան ավելի արդյունավետ: 

Գ. Մինասյանի խոսքով, մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է եղել, մասնակցել են գրեթե բոլոր համալսարանների մի քանի տասնյակ ուսանողներ:

«Ուսանողները ներկայացրել են բավականին հետաքրքիր առաջարկներ: Այդպիսով` նրանք իրենց լուման կունենան մեր պետականության զարգացման գործում»,- ասաց «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետերը: 

Մրցույթի հաղթող է ճանաչվել հինգ ուսանող: Նախատեսված է եղել երեք մրցանակ, սակայն, ըստ Գ. Մինասյանի, աշխատանքները հետաքրքիր են եղել, այդ իսկ պատճառով հինգ մրցանակ են սահմանել: Հաղթողներն արժանացան համակարգիչների և այլ նվերների, նաև հնարավորություն ընձեռվեց երեք ամիս աշխատել առաջատար իրավաբանական ընկերությունում: 

Մրցույթի ամփոփմանը ներկա էր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: 

«Հաճելի է, որ նման կարևոր գործընթացին իրենց մասնակցությունն են ունենում նաև ուսանողները: Դուք մեր երկրի ապագան ենք: Կարճ ժամանակ անց ամեն ինչ ձեզ ենք հանձնելու: Ձեր ներգրավվածությունն այս գործընթացին կարևորում եմ, ու այս գործընթացը կարող է շահել ձեր ակտիվությամբ»,- ասաց նախարարը:

Հ. Մանուկյանը կարևորեց նաև այն փաստը, որ այս գործընթացին իր ակտիվ մասնակցությունն է ունենում մասնավոր սեկտորը: ««AM» իրավաբական գրասենյակը, որը մասնավոր կառույց է, նրա ծրագրում ուղղակիորեն չի մտնում նման գործընթաց ծավալել: Բայց ընկերությունը հարկ է համարել, կարևորել է կազմակերպել այս միջոցառումը: Սա խոսում է նրա մասին, որ հանրային ներգրավածությունն այս պրոցեսին կա ու դա տալու է շատ ավելի բարձր որակ»,- ասաց արդարադատության նախարարը:

Միջոցառմանը ներկա Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանն էլ ողջունեց ընկերության նախաձեռնությունը: 

«Ողջունելի է այն իմաստով, որ աստիճանաբար իրավաբան մասնագետների ներգրավվածությունը իրավական փաստաթղթերի մշակմանը մեծանում է, որը շատ ավելի արդյունավետ է դարձնում գործընթացները»,- ասաց նա:

Ուսանողները շնորհակալություն հայտնեցին «AM» իրավաբանական ընկերությանը՝ երիտասարդ իրավաբանների համար նման կարևոր մրցույթ անցկացնելու ու երկրի համար կարևորագույն այս հարցում արտահայտվելու հնարավորություն ընձեռելու համար:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ