Այսուհետ Հայաստանում ներդրումներ իրականացնող ֆրանսիական ընկերությունները կարող են ավելի արդյունավետ լուծել իրենց իրավական անվտանգության խնդիրը՝ օգտվելով «АМ» ընկերության իրավաբանական տարաբնույթ ծառայություններից: Հայկական բիզնես միջավայրում ֆրանսիական ընկերությունների ապահով գործունեության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ աշխատանքի կոնկրետ ծրագրեր են քննարկել Հայ-Ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCI France Arménie) և «AM» իրավաբանական ընկերության ներկայացուցիչները:
Այդ նպատակով Հայաստանում ֆրանսիական ներդրողներին միավորող և նրանց գործունեությանն աջակցող CCI France Arménie գործադիր տնօրեն Էլոդի Բիոլեն հյուրընկալվել է «AM» իրավաբանական ընկերության գլխամասային գրասենյակում և հանդիպել իրավաբանական ընկերության բաժնետեր Եվա Առաքելյանի և գլխավոր իրավախորհրդատու Նարինե Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական կազմակերպությունների գործունեության աշխուժացման հնարավորությունները:
Այդ առումով կարևորվել է ներդրողներին իրավական աջակցությունը, մասնավորապես «AM» իրավաբանական ընկերության կողմից որակյալ իրավաբանական ծառայությունների մատուցման հնարավորությունները և ծառայությունների շրջանակը: Քննարկվել են Հայ-ֆրանսիական ԱԱՊ և «AM» իրավաբանական ընկերության համագործակցության հետագա գործողությունների ծրագիրը ու նախանշվել են համատեղ աշխատանքի հետագա քայլերը:
Նշենք, որ Հայ-Ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը հանդիսանում է Միջազգային Ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի անդամ, որը համախմբում է 113 առևտրաարդյունաբերական պալատ 83 երկրից և հանդիսանում է «Բիզնես Ֆրանս»-ի արտոնյալ գործընկեր:
Առավել մանրամասն՝ www.ccifrance-armenie.com