Վերջերս սննդամթերք ներմուծող հայկական ընկերության նկատմամբ հարկային մարմինների կողմից 1.000.000 դրամի չափով տուգանք էր նշանակվել: Ընկերությունը նման իրավիճակում էր հայտնվել, քանի որ հարկային մարմինը գտել էր, որ տվյալ ընկերությունն իր ապրանքներն առաքել էր առանց ուղեկցող փաստաթղթերի՝ համարելով, որ ՀԴՄ կտրոնները չեն կարող համարվել ուղեկցող փաստաթուղթ, և դրանց հետ պարտադիր պետք է առկա լինի հարկային հաշիվ:
Նշված տուգանքը չեղարկելու նպատակով «AM» իրավաբանական ընկերությունը մինչև դատարան դիմելը նպատակահարմար գտավ հարկային տարածքային մարմնի որոշումը բողոքարկել Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գանգատարկման հանձնաժողով:
Ներկայացված դիմումի քննարկման ընթացքում «AM» իրավաբանական ընկերության հարկային օրենսդրության ոլորտի մասնագետները կարողացան հիմնավորել, որ այն դեպքերում, երբ ապրանքները վաճառվել են ֆիզիկական անձանց և այնուհետև առաքվել են վերջիններիս՝ ապրանքներին համապատասխանող ՀԴՄ կտրոնների ուղեկցմամբ, նշված կտրոնը հանդիսանում է օրենքի իմաստով ուղեկցող փաստաթուղթ, և որևէ այլ լրացուցիչ փաստաթղթի առկայություն պարտադիր չէ: Գանգատարկման հանձնաժողովը որոշեց, որ տվյալ դեպքում հիմնավորված չէ ապրանքները հարկային հաշվով ուղեկցվելու պարտադիրությունը, ուստի նշանակված տուգանքն իրավաչափ չէ:
Այսպիսով, հետևողական և սկզբունքային տնտեսվարողի, «AM» իրավաբանական ընկերության արագ ու որակյալ աշխատանքի և Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի էապես բարելավված ու արդյունավետ դարձած բողոքարկման համակարգի շնորհիվ բավարարվեց տնտեսվարող սուբյեկտի դիմումը և օրենքի սխալ մեկնաբանմամբ կիրառված տուգանքը չեղարկվեց: