Մաքսային միությանը անդամակցելը ինքնին չի հակասում Սահմանադրությանը:

1 Նոյեմբեր, 2013www.1in.am

«Առաջին լրատվական»-ը զրուցել է «AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու Վանիկ Մարգարյանի հետ:


- Պարոն Մարգարյան, Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը ենթադրում է միասնական մաքսային դրույքաչափեր և ընթացակարգեր երրորդ երկրների նկատմամբ: Այսինքն՝ եթե մենք մտնենք Մաքսային միություն, զրկվելու ենք այդ միությունից դուրս գտնվող երկրների հետ առևտրի պայմանները ինքնուրույն՝  մեր հայեցողությամբ կարգավորելու հնարավորությունից: Չի՞ հակասում արդյոք սա մեր Սահմանադրությանը:

- Նախ նշեմ, որ Հայաստանի անդամակցության հետ կապված փաստաթղթերի փաթեթը դեռ առկա չէ, ուստի վերջնական եզրակացություններ անել հնարավոր չէ: Սակայն զուգահեռներ անցկացնելով Եվրոպական միության հետ և ուսումնասիրելով, օրինակ, Ֆրանսիայի և Գերմանիայի փորձը՝ տեսնում ենք, որ նրանք Սահմանադրությամբ հատուկ կարգավորումներ են նախատեսում Եվրամիության հետ կապված՝ հնարավոր դարձնելով վերպետական մարմնի կողմից որոշակի լիազորությունների իրականացումը: Մեր Սահմանադրությունը նման բան չի նախատեսում, հետևաբար ինչ-որ վերպետական կառույց ուղղակիորեն չի կարող պարտադիր նորմեր սահմանել, այդ թվում՝ մաքսային կարգավորումների վերաբերյալ: Ուստի այս առումով Սահմանադրության հետ կարող է առաջանալ հակասություն:

Սակայն այլ է իրավիճակը, եթե բոլոր այդ կարգավորումները ոչ թե վերպետական մարմնի կողմից են սահմանվում, այլ հաստատվում են պետությունների միջև միջազգային պայմանագրի կնքմամբ, որոնք մեր Սահմանադրության համաձայն՝  Հայաստանի իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Որքանով ես եմ տեղյակ՝ Մաքսային միության շրջանակներում բոլոր այդ դրույքաչափերի սահմանումը, մաքսային հայտարարագրման ստանդարտացումը և մաքսային ռեժիմները միջազգային պայմանագրերի միջոցով են հաստատվում: Այսինքն՝ ինքնին Մաքսային միությանն անդամակցելը Սահմանադրությանը չի հակասում: Իսկ եթե այդ Միության շրջանակներում կնքված ինչ-ինչ պայմանագրեր հակասեն Սահմանադրությանը, Սահմանադրական դատարանը համապատասխան որոշում կկայացնի, և դրանք չեն վավերացվի մեր երկրում:

Ընդհանրապես՝ ինչքանո՞վ է վտանգվում պետությունների ինքնիշխանությունը վերպետական մարմիններին լիազորություններ փոխանցելիս:

- Ես հեռու եմ այն մտքից, որ Ֆրանսիան կամ Գերմանիան զրկվել են ինքնիշխանությունից՝ փոխանցելով որոշ իրավունքներ վերպետական կառույցի՝ ԵՄ-ին: Երբ պետությունը որոշում է միանալ նմանատիպ միավորման, դա ևս ինքնիշխանության դրսևորում է: Պարզապես նման հարցերը պետք է սահմանադրական կարգավորում ստանան և հակասության մեջ չլինեն Սահմանադրության հետ, քանի որ մեր երկրի Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել:

Եթե Հայաստանը երրորդ երկրների նկատմամբ միասնական մաքսային դրույքաչափեր է սահմանելու, ապա ի՞նչ հնարավորություններ կան ԼՂՀ-ի պարագայում: Հայաստանը ստիպված է լինելու բարձրացնե՞լ ԼՂՀ-ից ներմուծվող ապրանքների մաքսային դրույքաչափերը, թե՞ ԼՂՀ տարածքը ևս ներառվելու է Մաքսային միության մեջ:

- Ինչպես գիտենք, Արցախի Հանրապետությունը հռչակել է անկախություն, և ես այն տեսակետի կողմնակիցն եմ, որ միջազգային իրավունքում պետությունը, որպես սուբյեկտ, կարող է ձևավորված լինել՝ անկախ ճանաչումից: Այսինքն՝ պետությունը ձևավորվում է, հռչակվում, կայանում և այդ հիմքերի վրա՝ ճանաչվում: Նման պայմաններում Հայաստանի միացումը Մաքսային միությանը ինքնին չի կարող տարածվել Արցախի վրա, քանի որ միայն Արցախի Հանրապետությունը կարող է նման որոշում կայացնել: Լուծման տարբերակ կարող է լինել Հայաստանի կողմից միջազգային պայմանագրի վերապահում կատարելը, այսինքն՝ Արցախի հարցում կարող է սահմանվել պայմանագրով նախատեսվող մաքսային կարգավորումները չկիրառելու դրույթ:  Ամեն դեպքում Արցախի հարցի բարձրացումը Մաքսային միության հետ կապված կարող է նաև օգտակար լինել այն առումով, որ ևս մեկ միջազգային հարթակում Արցախը կարող է դիտվել որպես սուբյեկտ: Կարծում եմ՝ լավագույն տարբերակը կլիներ, եթե Արցախն ինքը միանար Մաքսային միությանը՝ Հայաստանից առանձին: Սա արդեն ուղղակիորեն կարող է դիտվել որպես ճանաչում և վկայել Արցախի ինքնիշխանության մասին: 

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ