Հետաքննիչի ապօրինի որոշումը վերացվեց. ապահովագրականից խաբեությամբ գումար կորզելու գործը նորմալ քննության կենթարկվի
Ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մեքենայի ուղևորը ստացել էր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց: Մեքենայի վարորդի պատասխանատվությունն ապահովագրած հայաստանյան խոշորագույն ապահովագրական ընկերությանը հիվանդանոցը ներկայացրել էր հաշիվ՝ տուժողին մատուցված բժշկական ծառայության դիմաց վճարի փոխհատուցում ստանալու նպատակով:
Ապահովագրական ընկերությունը, ունենալով բավարար կասկածներ, որ ներկայացված հաշիվը ուռճացված է և ամենայն հավանականությամբ փորձ է արվում ընկերությունից խաբեությամբ ստանալ ավել գումար, դիմել էր ոստիկանություն: Սակայն ոստիկանությունը գործի հարուցումը մերժել էր՝ անբավարար հիմքերի պատճառաբանությամբ: Հետաքննիչի որոշումը բողոքարկվել էր ՀՀ դատախազություն, իսկ այնուհետև՝առաջին ատյանի դատարան, սակայն երկու դեպքում էլ մնացել էր անփոփոխ:
Իր իրավունքների պատշաճ պաշտպանության նպատակով ապահովագրական ընկերությունը դիմել է AM իրավաբանական ընկերություն, որի փորձառու փաստաբան Դավիթ Հունանյանը դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան: Վերջինս, ստուգելով դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, գտել է, որ հետաքննիչը ուներ հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ և չուներ դրանք հերքող որևէ նյութ, հետևաբար պարտավոր էր քրեական գործ հարուցել, ինչը չէր կատարել:
Այսպիսով, AM-ի մասնագետների կողմից ներկայացված հիմնավոր փաստարկների շնորհիվ Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է հետաքննիչի ապօրինի որոշումը, որի արդյունքում դատախազը պարտավոր է հարուցել քրեական գործ: