«AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու Ռոզա Ստեփանյանը պարզաբանում է կնոջ՝ երեխայի կյանքի արհեստական ընդհատման իրավունքը:

10 Հունվար, 2014www.aravot.am

Աշխարհում արական սեռի նորածինների գերակշռությամբ Հայաստանն ունի ամենաբարձր ցուցանիշը՝ Չինաստանից եւ Ադրբեջանից հետո:

«Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ, Ահա այսպես հաչում եմ ես,Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ. Ու տունն այսպես պահում եմ ես»: Այս տողերը Հ. Թումանյանի «Շուն» բանաստեղծությունից են: Արտասանում է 5-ամյա Ռուբենը: Գրել-կարդալ չգիտի, բայց անգիր արտասանում է հայ անվանի գրողների բանաստեղծությունները: Երազում է համալրել նրանց շարքերը: «Որ մեծանամ՝ երեխաների համար շատ լավ հեքիաթներ ու ոտանավորներ եմ գրելու: Ուզում եմ Հովհաննես Թումանյանի նման մարդ դառնալ»,- ասում է 5-ամյա երեխան: Ռուբենը չէր ծնվի, եթե մայրը ժամանակին չպարզեր, որ տղա է ունենալու. «Երկու աղջիկ արդեն ունեի, վաղուց էի երազում որդի ունենալ, հույսս կորցրել էի, ուզում էի աբորտ անել, հարեւանուհիս ասաց, թե գնա տես, հնարավոր է` տղա է»: Տիկին Գայանեի որդին այժմ 5 տարեկան է, որքան էլ տարօրինակ է հնչում, տղան իր կյանքով պարտական է իր սեռային պատկանելությանը:

Աշխարհում արական սեռի նորածինների գերակշռությամբ Հայաստանն ունի ամենաբարձր ցուցանիշը՝ Չինաստանից եւ Ադրբեջանից հետո: Սա նշված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի անցկացրած հետազոտությունում: Ըստ դրա` 1990-ականներից ի վեր Հայաստանում շեղվել է նորածինների սեռերի հարաբերակցությունը. 2012 թ.-ին եղել է հետեւյալ հարաբերակցությունը. 114 տղա՝ 100 աղջկա դիմաց (իսկ Չինաստանում 2011 թվականի տարեկան գնահատման տվյալներով՝ տղա-աղջիկ հարաբերակցությունը 117-100 է): Մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա` 100 աղջկա դիմաց հարաբերակցությունը: Հայաստանը պոտենցիալ կերպով տարեկան կորցնում է մոտ 1400 ապագա մայր: Եթե հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երեւույթը շարունակվի, ապա ըստ հիմնադրամի կանխատեսումների, մինչեւ 2060թ. Հայաստանը կկորցնի գրեթե 93. 000 կին կամ պոտենցիալ ապագա մայր:

Ընդունված կարծիք է, որ տղան տոհմը շարունակողն է: Այս եւ մի շարք այլ պատճառներով էլ պայմանավորված է մեր երկրում տղա երեխա ունենալու նախապատվությունը, հաճախ սեռով է պայմանավորված աբորտների թվի աճը: Վարազդատ սարկավագ Քոչարյանը հղիության արհեստական ընդհատումները, ներառյալ սեռով պայմանավորված, համարում է սիրո դեմ ուղղված հարված. «Եթե սերը կատարյալ է, ուրեմն սիրո պտուղը ցանկալի է՝ կապ չունի նրա սեռը: Հղիության արհեստական ընդհատումների դիմելով՝ մարդիկ վնասում են իրար նկատմամբ ունեցած սերը, որի հետեւանքներն օրերից մի օր արտահայտվում են ընտանեկան հարաբերություններում»: Սարկավագը հավելում է՝ երեխան Աստծո պարգեւն է, ընտանիքի անդամները՝ այդ թվում սկեսուրը, տալը եւ այլք, իրավունք չունեն որոշել՝ նա ծնվի, թե ոչ:

Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսուցանվող «Բիոէթիկա» դասագրքում աբորտների վերաբերյալ կա երկու տեսակետ՝ լիբերալ եւ պահպանողական: «Պահպանողականներն այն կարծիքին են, որ պտղին զրկելով կյանքից՝ մենք սպանում ենք այն, ինչը հետագայում կարող է դառնալ անձնավորություն: Լիբերալ մոտեցման կողմնակիցները պնդում են, որ կինն իր մարմինն ինքնակամ տնօրինելու իրավունք ունի, հետեւաբար ազատ է կատարել հղիութjան արհեստական ընդհատումներ: Նրանք հենվում են այն կարծիքի վրա, որ պտուղը դեռեւս անձ չէ, որովհետեւ օժտված չէ անձը բնութագրող հատկանիշներով, ինչպիսիք են հաղորդակցվելու, շփվելու ունակությունը, հարաբերականորեն բարդ խնդիրներ լուծելու զարգացած ունակությունը»,- գրված է գրքում: «Սա բնորոշ է ֆեմինիստներին, որոնց կարծիքով իրենք բացարձակ իրավունք ունեն տնօրինելու իրենց մարմինը, մինչդեռ սաղմը արդեն մոր մարմին չէ: Նրանց համար երեխա սպանելը նույնն է, ինչ ատամ հեռացնելը»,-ասում է Վարազդատ սարկավագ Քոչարյանը:

Հղիության 12-ից 16 շաբաթների միջակայքում մայրն առաջին անգամ զգում է երեխայի մարմնի շարժը, երեխան նույնպես զգում է, երբ շոյում են մոր փորը: Հղիության 12-րդ շաբաթում՝ այն ժամանակահատվածում, երբ մոր դիմումի համաձայն հնարավոր է կատարել հղիության արհեստական ընդհատում, պտուղն արդեն լինում է 28 գրամ: Նրա աչքերն ու ականջները եւս իրենց տեղում են լինում, իսկ երիկամները սկսում են արտադրել մեզ:

Կնոջ՝ հղիության արհեստական ընդհատման իրավունքը

Իրավական տեսակետից յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման` հղիության արհեստական ընդհատումը մինչեւ 12 շաբաթական հղիության դեպքում կատարվում է կնոջ դիմումի համաձայն եւ սահմանված բժշկական հակացուցումների բացակայության դեպքում (օրինակ՝ սուր վարակիչ հիվանդություններ, կնոջը վտանգ սպառնացող հիվանդություններ եւ այլն, այսինքն՝ անցանկալի աղջիկ երեխայի դեպքում կինը կարող է դիմել աբորտի), իսկ մինչեւ 22 շաբաթական ժամկետը՝ բժշկական եւ սոցիալական ցուցումների պարագայում (օրինակ, եթե կինն ունի սրտի արատ, նրա ամուսինը մահացել է, կամ եթե երեխան բռնաբարության արդյունք է):

Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում նշված է. «Երեխան ունի կյանքի իրավունք»: Ինչպես են հավասարակշռվում կյանքի եւ արհեստական վիժման իրավունքը: «AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու Ռոզա Ստեփանյանն ասում է. «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում գրված է՝ յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, սակայն հստակ չի սահմանվում, թե կյանքի իրավունքը որ պահից է սկսվում եւ որ պահից դադարում, եւ արդյոք «յուրաքանչյուր ոք»-ի մեջ մտնում է նաեւ պտուղը: Հոդվածի մեկնաբանություններում գրված է՝ պտղի իրավունքը բացարձակ իրավունք չէ, ինչպես ծնված անձանց իրավունքը, քանի որ պտղի կյանքը կապված է մոր կյանքի հետ: Այս իմաստով Եվրադատարանը թողել է բաց, եւ նրան անդամակցող ամեն երկիր ինքն է որոշում, թե երեխայի իրավունքները երբ են սահմանվում»:

Ստացվում է՝ մեր օրենսդրությունը երեխայի կարգավիճակ է տալիս միայն ծնվածներին եւ նրանց համար է սահմանում կյանքի իրավունքը: Չկա օրենսդրական ակտ, ըստ որի երեխան ունի ծնվելու իրավունք, այդ իրավունքը կարծես թե վերապահված է ծնողներին. նրանց խղճից է կախված երեխայի ծնունդը:

Բավական ժամանակ քննարկվում էր, որ գոնե սելեկտիվ աբորտների վերաբերյալ խստացումներ կմտցվեն օրենսդրական դաշտում՝ մասնավորապես կարգելվի երեխայի սեռի մասին ծնողներին տեղեկատվություն տրամադրելը: Ռոզա Ստեփանյանը պատասխանում է՝ խոսակցություններ կային, բայց ոչ մի փոփոխություն չկա իրավական դաշտում: Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն էլ ասում է. «Մենք ուզում էինք արգելել սեռի մասին տեղեկություն տալը, բայց հակասություններ առաջացան, դրանով մենք սահմանափակում ենք անձի մասին լիովին տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը, ամեն դեպքում մենք փորձում ենք որոշակի լուծումներ գտնել»:

Վարազդատ սարկավագ Քոչարյանը նշում է՝ թե՛ իրավաբանությունը եւ թե՛ բժշկությունը գիտություններ են, որոնք Աստված է մեզ շնորհել մեր բարօրության համար, եթե մենք դրանք օգտագործում ենք Աստծո դեմ, նշանակում է դրանք իրենց ճշմարտությանը չեն ծառայում, թերի են: «Ձեւավորված պտուղը՝ նույնիսկ ձեւավորված սաղմը արդեն մարդկային կյանք է, ոտնձգությունը սաղմի նկատմամբ նշանակում է ոտնձգություն կյանքի նկատմամբ: Եթե երեխան չի շարժում, չի նշանակում, որ նա մարդ չէ եւ նրան կարելի է հեռացնել եւ դրանից հետո էլ հանգիստ զգալ, որ մարդ չեն սպանել»,- ասում է սարկավագը: Այս առումով նա հիշում է մի պատմություն: «Մի մարդ գալիս է քահանայի մոտ եւ ասում է. «Տե՛ր հայր, 2 զավակ ունեմ, կինս հղի է, բայց մենք հնարավորություն չունենք այդքանին պահելու, խնդրում եմ օրհնիր, որ գնանք աբորտ անենք»: Տեր հայրն ասում է՝ օրհնում եմ: Էս մարդը գոհունակություն է հայտնում ու շտապում հեռանալ, մինչդեռ քահանան հարցնում է. «Մյուս զավակդ քանի՞ տարեկան է», «12»,-լսվում է պատասխանը. «Ես օրհնում եմ, որ ոչ թե չծնված զավակին սպանեք, այլ նրան, այդ երեխան գոնե 12 տարի տեսել է, թե ինչ կա Աստծո ստեղծագործության մեջ, վայելել է այդ ամենը, իսկ այն մեկը դեռ ոչինչ չի տեսել»: Քահանայի մոտ եկած մարդը տխուր հեռանում է՝ հասկանալով, որ ոչ մի տարբերություն չկա ծնված եւ դեռ չծնված երեխաների սպանության միջեւ»,- պատմում է Վարազդատ սարկավագ Քոչարյանը: 

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ 
«Առավոտ» օրաթերթ 


Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ