Երևանի մետրոպոլիտենի փոխտնօրենը դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն՝ հայտնելով, որ իրեն ազատել են աշխատանքից և կիրառել ևս երկու կարգապահական տույժ՝ նկատողության և խիստ նկատողության տեսքով:
Մեր իրավաբանների թիմը հայց ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` կիրառված կարգապահական տույժերն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների վերաբերյալ: Հիմնավորման մեջ նշված էր, որ գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծելիս թույլ է տվել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կանոնների էական խախտումներ: Գործատուն, մասնավորապես, աշխատողից բացատրություն չէր պահանջել թույլ տրված ենթադրյալ խախտումների վերաբերյալ, ինչպես նաև մեկ խախտման համար կիրառվել էր միանգամից մի քանի կարգապահական տույժ: Բացի այդ, կարգապահական տույժերի կիրառման վերաբերյալ որոշումները կայացվել էին «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ:
Դատավարության ընթացքում պատասխանող կողմը չներկայացրեց հիմնավոր փաստեր և ապացույցներ առ այն, որ աշխատողի հետ պայմանագիրը լուծվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան և դրա կանոնների պահպանմամբ:
Արդյունքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց բավարարել «AM» իրավաբանական ընկերության փաստաբանի հայցը: Դատարանի կողմից որոշվեց աշխատողին վերականգնել նախկին պաշտոնում և մինչև վճռի փաստացի կատարման օրը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գործատուից բռնագանձել գումար՝ աշխատողի միջին աշխատավարձի չափով: