Գյումրի քաղաքի բնակիչը դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն՝ հայտնելով, որ ինքն ու իր ընտանիքը տուժել են երկրաշարժից:
Վերջինս տարիների ընթացքում վերակառուցել էր իրենց հատկացված վագոն-տնակը՝ դարձնելով բնակելի տուն և գրանցելով իր իրավունքները այդ գույքի նկատմամբ: Օգտվելով ՀՀ կառավարության կողմից բնակարանի հատկացման ծրագրից՝ «AM» իրավաբանական ընկերության վստահորդի հայրը 2014 թվականին ստացել էր բնակարանի գնման վկայագիր, որտեղ բնակարանի ձեռքբերման վերջնաժամկետ էր սահմանվել 2015 թվականը: Վկայագրի առկայության պարագայում շահառուները պարտավոր էին ձեռք բերել բնակարան և պետական մարմնին ներկայացնել բնակարանի նկատմամբ իրենց իրավունքները հավաստող համապատասխան փաստաթուղթ:
Ընտանիքի անդամները քաղաքացուն առաջարկում են իրենց վաճառել սեփականության իրավունքով պատկանող բնակարանը:
Վերջինս, խնդիր չտեսնելով, որոշում է օգնել իր ընտանիքին:
Նրանց միջև կնքվում է անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, որից բխող իրավունքները ենթարկվում են պետական գրանցման: Պայմանագիրը կնքելուց առաջ նրանք նախապես համաձայնության են գալիս, որ Կառավարության կողմից բնակարանի գնման գումարը տրամադրելուց հետո նրանց է վերադարձնելու գումարը, իսկ նրանք կնքելու են բնակարանի նվիրատվության գործարք՝ AM իրավաբանական ընկերության վստահորդին վերադարձնելով անշարժ գույքի նկատմամբ ունեցած իրավունքները:
Երկար ժամանակ քաղաքացին հորդորում է իրեն վերադարձնել իր գույքը և կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, սակայն, ընտանիքի անդամների մի մասը կտրականապես հրաժարվում է՝ այդկերպ խախտելով նախնական պայմանավորվածությունը:
Ի դեպ նշենք, որ գույքի նկատմամբ մի քանի բանկային և վարկային կազմակերպությունների հայցերի հիման վրա դատարանների որոշմամբ կիրառվել էին արգելանքներ, ինչն էլ ավելի էր դժվարեցնում աշխատանքը: Քաղաքացին շուրջ երկու տարի տևած ապարդյուն բանակցություններից հետո որոշում է դիմել «AM» իրավաբանական ընկերություն:
Ուսումնասիրելով գործը՝ «AM» իրավաբանական ընկերության փաստաբանները գալիս են եզրակացության, որ իրականում առկա է առոչինչ՝ կեղծ գործարք, քանի որ կողմերի իրական նպատակն ամենևին էլ բնակարանի օտարումը չի եղել: Պայմանագիրը կնքման պահից հանդիսացել է կեղծ գործարք, քանի որ այն կնքող անձինք ի սկզբանե նպատակ են հետապնդել դիտավորյալ կերպով խեղաթյուրելու իրականությունը: Կողմերին անհրաժեշտ էր ստեղծել իրավահարաբերության առկայության պատրանք և ցույց տալ պետական մարմնին, որ նրա պահանջները լիովին կատարվել են՝ քողարկելով գործարքի կնքման իրական շարժառիթները:
Դատավարության ընթացքում «AM»-ի փաստաբանները ներկայացրել են բազմաթիվ ապացույցներ և փաստարկներով հիմնավորել են, որ բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը չի հանդիսանում գործարքի կողմերի այնպիսի նպատակադրված կամային ակտ, որը կարտահայտեր նրանց իրական կամքը՝ ուղղված բնակարանի օտարմամբ դրա նկատմամբ իրավունքների ձեռքբերմանը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահող դատավոր Տաթևիկ Ստեփանյանը, ուսումնասիրելով գործը, որոշում կայացրեց կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել իրականացված պետական գրանցումը և վերականգնել «AM» իրավաբանական ընկերության վստահորդի՝ որպես սեփականատիրոջ բացառիկ իրավունքները: Այսպիսով, Գյումրիի բնակիչը կարողացավ ստանալ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը: