Գյումրու բնակիչը ստացավ առևտրային գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը. «AM»-ի հերթական հաղթանակը դատարանում

17 Հուլիս, 2019

Գյումրու քաղաքացին դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն՝ հայտնելով, որ ցանկացել է զբաղվել առևտրային գործունեությամբ, սակայն քաղաքապետարանն ապօրինի կերպով հրաժարվել է տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք։

«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Ռիմա Կոշտոյանը դիմում է ներկայացրել Գյումրու քաղաքապետարան՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու վերաբերյալ հայտը քննարկելու խնդրանքով: Դիմումին ի պատասխան քաղաքապետարանից հայտնել են, որ հայտը մերժվել է, քանի որ Գյումրու քաղաքապետարան մուտքագրված է եղել հարևան հասցեում գործող առևտրի և սպասարկման օբյեկտի սեփականատիրոջ կողմից դիմում-բողոքը:

Այնուհետև փաստաբանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան այն պատճառաբանությամբ, որ Գյումրիում քաղաքապետարանը օրենքով չսահմանված հիմքերով հրաժարվում է համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր տրամադրելուց: ՀՀ վարչական դատարանը բավարարել է հայցը` հանգելով այն եզրահանգման, որ Գյումրի համայնքի ղեկավարը իրավասու չէր ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու հայտը մերժել հարևան հողամասի սեփականատիրոջ դիմում-բողոքի առկայության հիմքով, քանի որ հայտը մերժելու նման հիմք ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված չէ: 
Բացի այդ, հայտին կից ներկայացվել են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այն ներկայացվել է որոշմամբ սահմանված ձևաթղթով և պարունակում է հայտին առաջադրվող բոլոր վավերապայմանները: Դատարանը փաստել է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու համար որևէ իրավական արգելք առկա չէ:

Հաշվի առնելով վերոնշյալ հիմքերը՝ ՀՀ վարչական դատարանը բավարարել է հայտը և որպես հետևանք անվավեր է ճանաչել Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի գրությունը՝ քաղաքապետին պարտավորեցնելով մեր վստահորդին առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:


Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ