Քաղաքացին երկար տարիներ աշխատել էր մի շարք բուժհաստատություններում՝ կատարելով ռենտգեն-լաբորանտի պարտականություններ: Նա դիմել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը՝ նշանակելու արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ:
Բուժհաստատության աշխատողի դիմումը, սակայն, մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ աշխատանքային գրքույկում նշված ռենտգեն-տեխնիկ աշխատելու տարիները չեն կարող համարվել արտոնություն տվող աշխատանքային ստաժ, քանի որ նշված մասնագիտությունն ընդգրկված չէ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների ցանկում և, որ նրա՝ այդ ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը չի կարող հաշվարկվել օրենքով պահանջվող 15 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Դավիթ Հունանյանը դիմել էր դատարան՝ պահանջելով իր վստահորդին նշանակել արտոնյալ պայմաններով կենսաթոշակ՝ հիմք ընդունելով նրա աշխատանքը որպես ռենտգեն-լաբորանտ: Մեր փաստաբանի կողմից ներկայացված անվիճելի փաստարկների և իրավական նորմերի հիմնավոր վերլուծության արդյունքում դատարանը բավարարել էր հայցը: Գործում ներգրավված երրրոդ անձի կողմից վճռի դեմ բերվել էր վերաքննիչ բողոք, որի արդյունքում վճիռը թողնվել էր անփոփոխ, իսկ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Այսպիսով «AM»-ի փաստաբանի ջանքերով մեր վստահորդն այժմ կարող է իրացնել օրենքով սահմանված իր իրավունքը, մասնավորապես՝ ստանալ արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակ: