Ավելի քան 20 միլիոն դրամ պարտքի բռնագանձման գործընթացը չի խոչընդոտվի քննիչի որոշման պատճառով

26 Օգոստոս, 2019

70-ամյա տղամարդը դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն՝ հայտնելով, որ պարտքով գումար էր տվել իր ծանոթին և տարիներ շարունակ ձգձգվող դատական գործընթացի արդյունքում չէր կարողանում ստանալ իր գումարը. գործը գտնվում էր դատարանում: «AM»-ի փաստաբան Լևոն Սահակյանի ջանքերով դատարանը բավարարեց ներկայացված հայցադիմումը, ավելին՝ շուրջ 20 միլիոն (ներառյալ հաշվարկված տոկոսներ) դրամի բռնագանձումը տարածվելու էր պարտապանին պատկանող գրավի առարկայի նկատմամբ:

Վճռի հարկադիր կատարման փուլում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կայացվել էր որոշում արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին: Այդ որոշումը, սակայն, վերադասության կարգով վերացվել էր, քանի որ կատարողական գործողությունների ընթացքում պարզ էր դարձել, որ պարտապանին պատկանող գույքի նկատմամբ արգելանք է կիրառված նախաքննական մարմնի կողմից՝ պարտապանի կնոջ նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Կայացված վճռի կատարումն ապահովելու, վստահորդի՝ տարիներ շարունակվող իրավունքի խախտումները վերացնելու նպատակով փաստաբան Լևոն Սահակյանը միջնորդություն ներկայացրեց վարույթն իրականացնող մարմնին՝  գրավի առարկա հանդիսացող բնակելի տունն իրացնելու նպատակով անհապաղ կալանքից ազատելու մասին, ինչը, սակայն, մերժվեց:

Քննիչի ոչ իրավաչափ որոշումը փաստաբանի կողմից բողոքարկվեց վերահսկող դատախազին, ով էլ գրությամբ հայտնեց, որ բողոքաբերը չի հանդիսանում դատավարության մասնակից, ուստի և բողոքի վերաբերյալ որոշում չի կայացվելու:

Համաձայն չլինելով դատախազի կողմից ներկայացվող փաստարկներին և հիմնավորումներին՝ մեր կողմից Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին ներկայացվեց բողոք, որը բավարարվեց: Դատարանը որոշում կայացրեց վարույթն իրականացնող մարմնին  պարտավորեցնել վերացնել մեր վստահորդի իրավունքների խախտումը:

Այսպիսով, նշված սահմանափակումների վերացմամբ և գրավի առարկայի իրացմամբ մեր վստահորդը կստանա դատական ակտով բռնագանձվելիք ամբողջ գումարը՝ անկախ այլ պարտատերերի գոյության հանգամանքից:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ