«Արարատցեմենտ»-ի մի խումբ աշխատակիցներ դիմել են դատարան. նրանց շահերը պաշտպանում է «AM» ընկերությունը

31 Հուլիս, 2020
«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը սույն թվականի մայիսի 4-ին ընկերության մի շարք ակտիվ աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ ծանուցում էր ուղարկել, ինչի հետ կապված մի շարք հրապարակումներ եղան նաև մամուլում: Պայմանագրերի լուծումը որակվեց որպես քաղաքական հայացքների համար աշխատանքից հեռացում, հարցը նույնիսկ քննարկման առարկա դարձավ Ազգային ժողովում:
Նշված աշխատակիցներն իրենց իրավունքների պաշտպանության նպատակով դիմել են «AM» իրավաբանական ընկերություն: Պարզվել է, որ աշխատանքային պայմանագրերը կնքված են եղել որոշակի ժամկետով, բազմաթիվ անգամ երկարաձգվել են և լուծվել են ժամկետը լրանալու հիմքով։ Նշված իրավիճակը առերևույթ վկայում է այն մասին, որ գործ ունենք իրականում ոչ թե որոշակի ժամկետով որոշվող աշխատանքի հետ, այլ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95–րդ հոդվածի 2.1 մասի համաձայն աշխատանքային պայմանագիրը պետք է համարվի անորոշ ժամկետով կնքված պայմանագիր, հետևապես աշխատակիցների ազատումը ժամկետը լրանալու հիմքով չէր կարող իրավաչափ լինել։
Վերը նշվածի հիմքով «AM» իրավաբանական ընկերության փաստաբաններ Վանիկ Մարգարյանի և Հայկ Բարսեղյանի աշխատանքի շնորհիվ աշխատանքային պայմանագրերն անորոշ ժամկետով կնքված ճանաչելու, դրանք լուծելու մասին հրամանները անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը բռնագանձելու և նախկին աշխատանքում վերականգնելու պահանջների մասին հայցադիմում է ներկայացվել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այն ընդունվել է վարույթ, և առաջին դատական նիստը նշանակվել է 2020թ. օգոստոսի 28-ին:
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ