6 Օգոստոս, 2020
Հոնդուրասի Հանրապետության քաղաքացիներ Մատամորոս Մաուրիսիոյին և Տոլեդո Տեինորիին Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով դեռ նախորդ տարվա սեպտեմբերի 17-ին մեղադրանք էր առաջադրվել` կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախության հանցափորձի համար: Ըստ մեղադրանքի` նշված անձինք իբրև թե տուժողին կեղծ թղթադրամներ պատրաստելու բիզնեսով զբաղվելու առաջարկ են արել՝ նրա աչքերի առաջ թղթադրամներ պատրաստելով, և հայտնել են, որ համապատասխան նյութեր գնելու համար իրենց անհրաժեշտ է 1.000.000 ԱՄՆ դոլար գումար:
Հոնդուրասի քաղաքացիները դիմել էին «AM» իրավաբանական ընկերություն՝ խնդրելով պաշտպանել իրենց շահերը: Ընկերության փաստաբան Ալբերտ Սիմոնյանի կարծիքով առաջադրված մեղադրանքն ի սկզբանե պարզապես զավեշտալի էր: Գործի քննության ամբողջ ընթացքում ձեռք էին բերվում նշված մեղադրանքը հերքող ապացույցներ: Այս զավեշտի արդյունքում մեր երկիր ժամանած զբոսաշրջիկները հայտնվել էին ծայրահեղ ծանր ֆինանսական և բարոյահոգեբանական վիճակում: Նրանց կարծիքով սա պարզապես ռասայական խտրականություն էր, և նման շինծու մեղադրանքը նրանց առաջադրվել էր սևամորթ լինելու պատճառով:
Նշված իրավիճակի առնչությամբ պաշտպան Ալբերտ Սիմոնյանը միջնորդություններ և բողոքներ է ներկայացրել Արմավիրի քննչական վարչություն, ՀՀ Գլխավոր դատախազություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և նույնիսկ Արտաքին գործերի նախարարություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հոնդուրասի Հանրապետությունը ՀՀ-ում պաշտոնական ներկայացուցչություն չունի: Նախաքննական գաղտնիքի առկայության պայմաններում պաշտպանի կողմից բազմիցս հիմնավորվել է մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու անհրաժեշտությունը, հերքվել են առաջին հայացքից հաստատված թվացող հանգամանքներ:
Պաշտպանի ջանքերով սույն թվականի հուլիսի 27-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ ի վերջո մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց թե´ առանձնապես խոշոր չափերի խարդախության հանցափորձի, թե՛ կեղծ փողեր պատրաստելու մասով: Այսպիսով, քրեական գործով վարույթը կարճվեց արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Արդյունքում՝ մեր երկրի իրավական համակարգից հիասթափություն ապրած հյուրերը արդարության վերականգնման ականատեսը դարձան և կարող են իրենց բարի համբավը վերականգնած վերադառնալ հայրենիք: