Դատարանը «Ժամանակ» օրաթերթին պարտավորեցրեց հերքել ՊՎԾ պաշտոնյային զրպարտող հոդվածը. «AM»-ի հերթական հաղթանակը

13 Օգոստոս, 2020
«AM» իրավաբանական ընկերություն էր դիմել ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը, ում վերաբերյալ «Ժամանակ» օրաթերթի առաջին էջում զետեղվել էր հոդված՝ «Հին ու նոր Հայաստանի «գելը»» վերնագրով (https://www.1in.am/2556548.html): Նրա պնդմամբ հրապարակման մեջ տեղ գտած փաստացի տվյալները չէին համապատասխանում իրականությանը և արատավորում էին իր պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը:
«AM»-ի բաժնետեր, փաստաբան Լևոն Սահակյանի թիմը հայց ներկայացրեց դատարան՝ խնդրելով պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին հերքել «Ժամանակ» օրաթերթի` «Հին ու նոր Հայաստանի «գելը» խորագրով հրապարակման մեջ տեղ գտած զրպարտչական բնույթի տեղեկատվությունը՝ հիմնավորելով, որ օրաթերթն այս հրապարակմամբ փորձ է կատարել անմիջականորեն կապ հաստատել Դավիթ Սանասարյանի հետ կատարվող դեպքերի և հայցվորի ենթադրյալ գործողությունների միջև` նախ Դավիթ Սանասարյանի շուրջ ծավալած դեպքերը, հարուցված քրեական գործի ծագումը կապելով նրա անձի հետ, ապա ներկայացնելով նրան որպես իր ղեկավարի դեմ ցուցմունք տվող և դրա շնորհիվ պատասխանատվությունից ազատված անձի: Փաստաբանների կարծիքով հրապարկման այս հատվածը ցանկացած ընթերցողի մոտ տպավորություն էր ստեղծում, որ հայցվորն ազատվել էր պատասխանատվությունից, չէր ձերբակալվել, քանի որ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք էր տվել: Տպավորություն էր ստեղծվում, որ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործով անմիջականորեն մեղավոր էր Դավիթ Ադյանը, և սա այն պարագայում, երբ նա այդ գործի հետ կապված երբևէ չէր հրավիրվել հարցաքննության, նրա կողմից որևէ ցուցմունք չի տրվել: Որևէ կապ առկա չէր Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործի և Դավիթ Ադյանի միջև:
Դատավարության ընթացքում մեր փաստաբանների կողմից կատարվեցին հարցումներ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին: Երկու ծառայության կողմից էլ տրվեցին պատասխաններ այն մասին, որ Դավիթ Ադյան անուն-ազգանունով կասկածյալ կամ մեղադրյալ չի հարցաքննվել:
Դատարանը, հետազոտելով գործում առկա ապացույցները, եկավ եզրահանգման, որ «Ժամանակ» օրաթերթի` «Հին ու նոր Հայաստանի «գելը» խորագրով հրապարակման մեջ տեղ գտած փաստացի տվյալները/տեղեկություններն անհիմն են և ոչ հավաստի, ուղղակիորեն վերաբերում են Դավիթ Ադյանին և միևնույն ժամանակ զրպարտչական բնույթի են և արատավորում են վերջինիս պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը:
Այսպիսով, քաղաքացիական գործով կայացված վճռով դատարանը «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությանը պարտավորեցրեց «Հերքում» խորագրի ներքո հրապարակայնորեն հերքել «Ժամանակ» օրաթերթի` «Հին ու նոր Հայաստանի «գելը» խորագրով հրապարակման մեջ տեղ գտած՝ զրպարտություն համարվող և Դավիթ Ադյանին վերաբերող փաստացի տվյալները:
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ