Հայոց ցեղասպանությունը որպես միջազգային հանցագործություն

21 Մարտ, 2014www.genocide.am

Նկարագրություն/Обзор/Review

Սույն հոդվածի շրջանականերում անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը վերաբերող որոշ միջազգային-իրավական հարցերի. մասնավորապես՝ հանդիսանու՞մ է արդյոք Հայոց ցեղասպանությունը հանցագործություն միջազգային իրավունքի համաձայն, Թուրքիայի պատասխանատվությունը կատարված հանցագործության համար և ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմելու հնարավորությունը:

 

Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն է, որի նպատակը ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացումն է: Դրանով բացառվում է մարդկանց մի ամբողջ խմբի հիմնարար և բնական իրավունքներից կարևորագույնը` կյանքի իրավունքը:

1948թ. ՄԱԿ-ի հովանու ներքո կնքվել և 1951թ-ի հունվարի 12-ին ուժի մեջ է մտել «Ցեղասպանության հանցագործության կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա), որտեղ ցեղասպանություն հանցագործությունն իր հստակ գնահատականը և ձևակերպումն է ստացել: 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը (այսուհետ`  Հայոց ցեղասպանություն) ամբողջովին համապատասխանում է Կոնվենցիայում նկարագրված հանցագործությանը և պարունակում է հանցակազմի բոլոր տարրերը: Գոյություն ունեն Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորող հազարավոր փաստաղթեր, ականատեսների վկայություններ և բազմաթիվ այլ ապացույցներ:

Հասկանալով պատմական հակափաստարկների սնանկությունը` ցեղասպանության կազմակերպիչներին մերօրյա արդարացնողներից և պաշտպաններից ոմանք իրենց դիրքորոշումը պատմական հարթությունից փորձում են տեղափոխել իրավական` բերելով ցեղասպանության գնահատականի դեմ իրավական բնույթի ձևական փաստարկներ: Վերջիններս պնդում են, թե հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունը չի կարող որակվել որպես ցեղասպանություն, քանի որ դրա իրագործման ժամանակ գոյություն չուներ ցեղասպանություն հասկացությունը, և դրա պատժելիությունը ձևավորվեց միայն Ցեղասպանության մասին կոնվենցիայով: Նրանք հիմնավորում են իրենց տեսակետը այն հանրահայտ իրավաբանական սկզբունքով, որ «օրենքը հետադարձ ուժ չունի»` նշելով, որ Կոնվենցիան չի կարող տարածվել դրանից վաղ կատարված իրադարձությունների վրա: Հետևավաբար` «Nullum crimen sine lege» (չկա օրենք, չկա հանցագործություն):

Կասկածի տակ չդնելով «չկա օրենք, չկա հանցագործություն» սկզբունքը` անհրաժեշտ է նշել, որ միջազգային իրավունքի հիմնական աղբյուրներից է միջազգային սովորույթը , որը իրավունքի նորմերի ոչ գրավոր գոյության ձև է: Վերը նշված մոտեցման հեղինակները մոռանում են, որ եթե ներպետական իրավունքում հանցագործության առկայության համար պարտադիր է հանցակազմի` գրավոր ակտով (օրենքով) սահմանված լինելը, ապա միջազգային իրավունքում հանցագործության որակման և դրա համար պատասխանատվության համար իրավական հիմք է ոչ միայն գրավոր ակտը, այլև սովորույթը: Միջազգային սովորույթի առկայության համար պարտադիր է, որ սովորույթը ճանաչված լինի որպես իրավաբանական նորմ («Opinio juris»):

Այս առումով «Opinio juris»-ի առկայության հստակ վկայություն է հանդիսանում և որպես միջազգային հանցագործություն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում առանձնահատուկ նշանակություն ունի 1915թ. մայիսի 24-ին Անտանտի  պետությունների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից հրապարակված համատեղ պաշտոնական հռչակագիրը, որով նրանք Հայոց ցեղասպանությունը որակում էին որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն և հայտարարում, որ Թուրքական կառավարությունը պատասխանատու է իրականացված հանցագործության համար: Հռչկագրի համաձայն.

«...Ողջ անցած ամսվա ընթացքում Հայաստանում տեղի են ունենում հայերի կոտորածներ քրդերի և թուրքերի կողմից օսմանյան իշխանությունների ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն նաև դրանց ուղղակի աջակցությամբ...

Ելնելով Թուրքիայի կողմից մարդկության և քաղաքակրթության դեմ կատարվող այդ նոր հանցագործություններից` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի դաշնային կառավարությունները սույնով հրապարակայնորեն հայտարարում են Բարձր Դռանը, որ նրանք այդ հանցագործությունների համար անձնական պատասխանատվությունը դնում են թուրքական կառավարության բոլոր անդամների, ինչպես նաև նրա այն տեղական ներկայացուցիչների վրա, որոնք առնչված կլինեն տվյալ կոտորածին»:

Այսպիսով, հռչակագրի ընդունումը ճակատագրական նշանակություն ունի, քանի որ դրանով միջազգային հանրությունը հաստատեց, որ Հայոց ցեղասպանությունը հանդիսանում է միջազգային հանցագործություն այդ ժամանակաշրջանի միջազգային իրավունքին համապատասխան և դրանով իսկ իրավական հիմք ստեղծեց Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար: Դրա պատմական և իրավական նշանակությունը ճիշտ գնահատելու համար տեղին է այն համեմատել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած պետությունների` ԽՍՀՄ, Անգլիայի և ԱՄՆ կողմից 1943թ. Մոսկվայում հրապարակած նույնատիպ հռչակագրի հետ, որը իրավական հիմնաքարը դարձավ այն բոլոր գործընթացների համար, որոնց արդյունքում նացիստական Գերմանիան պատասխանատվության ենթարկվեց «Հոլոքոստի» համար:

Ավելին, հենց թուրքերը ժամանակին ընդունել են ցեղասպանության փաստը. 1919թ. Ստամբուլում ձևավորվեց ռազմական դատարան` պատժելու համար հայերի նկատմամբ իրականացված հանցագործության պատասխանատուներին: Այդ ժամանակ թուրքական իշխանությունները գրում էին. «...Թուրք ժողովուրդը խոնարհում է իր գլուխը. նա դա անում է հայ ժողովրդի համար տխրությամբ, իր համար` ամոթով»: 1919թ. հուլիսին դատարանը հեռակա կարգով մահվան դատապարտեց երիտթուրքերի ղեկավարներին` նրանց մեղավոր ճանաչելով հայերի բնաջնջման քաղաքականության իրականացման համար: Չնայած այդ դատավճիռը այդպես էլ չիրագործվեց` իրավական առումով թուրքական դատարանը ևս հաստատեց հանցագործության առկայությունը և միջազգային հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկեց ցեղասպանության կազմակերպիչներին:

Ցեղասպանության մասին կոնվենցիան չի ձևավորել նոր հանցագործություն, այլ միջազգային իրավունքին արդեն հայտնի մարդկության դեմ ուղղված հանցագործությանը տվել է կոնկրետ տերմին և բնորոշում: Կոնվենցիան ոչ այլ ինչ է, եթե ոչ գործող միջազգային իրավական սովորույթի կոդիֆիկացում:

Պնդելով, թե Կոնվենցիայից առաջ ցեղասպանությունը չի համարվել միջազգային հանցագործություն` կասկածի տակ է դրվում ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստը, այլև նացիստական Գերմանիայի կողմից միլիոնավոր հրեաների և սլավոնների ոչնչացումը որպես ցեղասպանություն որակելը, որի համար նացիստական Գերմանիան և նրա ղեկավարները ենթարկվել են պատասխանատվության: Նման դիրքորոշման դեպքում փաստորեն կասկածի տակ է դրվում 1945-1946թթ. Նյուրբերգյան դատավարությունների իրավական հիմնավորվածությունը, նացիստական Գերմանիայի նկատմամբ պատասխանատվության իրավաչափությունը, որը ճանաչված և ընդունված է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, այդ թվում նաև պատասխանատվության ենթարկված պետության` Գերմանիայի կողմից, և մի շարք երկրներում դրա հերքումը քրեական պատասխանատվություն է առաջացնում:

Ցեղասպանություն տերմինի հեղինակ հրեական արմատներով լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը չի հայտնագործել ցեղասպանության հանցագործությունը, այլ պարզապես այն բնորոշող հստակ տերմին է ձևավորել, որը անվանում էր տալիս մարդկության դեմ ուղղված հանցագործությունը և առանձնացնում այն:

«Գենոցիդը» ժամանակակից միջազգային տերմին է: Այն բաղկացած է երկու բառերից` հուներեն «genos», որը նշանակում է տոհմ, ցեղ, և լատիներեն «cedere»` սպանություն: Առաջին անգամ տերմինը գործածվեց Ռ. Լեմկինի «Առանցքի ղեկավարումը բռնազավթված Եվրոպայում» հայտնի աշխատության մեջ: Վերջինիս պնդմամբ ցեղասպանությունը հանցագործություն էր առանց անվանման: Առաջին պաշտոնական փաստաթուղթը, որում օգտագործվեց այս տերմինը, Նյուրնբերգյան ռազմական տրիբունալի առջև կանգնած գերմանական զինվորական հանցագործների դեմ 1945թ. հոկտեմբերի 18-ին ներկայացված մեղադրական եզրակացությունն էր, որի համաձայն մեղադրյալները մեղադրվում էին ցեղասպանության իրագործման մեջ, այն է` «ռասայական և ազգային խմբերի, օկուպացված տարածքների քաղաքացիական բնակչության ոչնչացումը, որը նպատակ էր հետապնդում ոչնչացնել որոշակի ազգեր և դասակարգեր, որոշակի ազգային, էթնիկ և կրոնական խմբեր»: Սակայն ոչ Նյուրնբերգյան ռազմական տրիբունալի կանոնադրության, ոչ էլ նրա դատավճռի մեջ ցեղասպանություն տերմինը չօգտագործվեց` նախապատվությունը տալով մարդկության դեմ ուղղված հանցագործություն լայն հասկացությանը: Փաստորեն տրվեց այն նույն որակումը, ինչը 1915թ. տրվել էր Հայոց ցեղասպանությանը: Այնուհետև տերմինը ամրագրվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1946թ. դեկտեմբերի 11-ի 96/1 բանաձևում և Ցեղասպանության մասին կոնվենցիայում:

Այսպիսով, Կոնվենցիայի միջոցով ցեղասպանության հանցակազմը, որը մինչ այդ ներառում էր մարդկության դեմ ուղղված հանցագործություն հասկացությունը, առանձնացվեց և հատուկ իրավական տերմին ստացավ: Կոնվենցիայի նախաբանում հստակ նշված է, որ այն կնքվում է «ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը»: Սրանից հետևում է, որ տերմինը կիրառելի է նաև մինչև Կոնվենցիայի կնքումը կատարված հանցագործությունների համար: Այս հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովն իր հատուկ հետազոտության մեջ նշում է. «ցեղասպանություն բառը առաջացել է վերջերս որպես նեոլոգիզմ, որը բնորոշում է հին հանցագործությունը»:

Այսպիսով, հաստատելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն, իրավաչափ է դառնում ներկայիս Թուրքիայի` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի պատասխանատվության հարցի բարձրացումը: Պատասխանատվությունը միջազգային իրավունքի նորմերի պահպանման, խախտված իրավունքների վերականգման անհրաժեշտ իրավաբանական միջոց է և հանդիսանում է միջազգային իրավունքի գործողության երաշխիք: Միջազգային իրավունքով միջազգային հանցագործությունների համար սահմանվում է երկու տեսակի պատասխանատվություն` միջազգային իրավական պատասխանատվություն և քրեական պատասխանատվություն: Քրեական պատասխանատվությունը վերաբերում է միջազգային հանցագործությունների համար ֆիզիկական անձանց պատասխանատվությանը: Ինչպես արդեն նշվեց, հենց Թուրքիայի կողմից 1919թ. Ստամբուլում ձևավորված ռազմական դատարանը քրեական պատասխանատվության ենթարկեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին` նրանց դատապարտելով մահապատժի:

Միջազգային իրավական պատասխանատվությունը միջազգային իրավունքի նորմերը և իր պարտավորությունները խախտելու դեպքում միջազգային իրավունքի սուբյեկտի համար վրա հասնող անբարենպաստ իրավաբանական հետևանքներն են: Թուրքիայի Հանրապետությունը «Օսմանյան պարտքի արբիտրաժի» վճռի համաձայն ճանաչվել է Օսմանյան կայսրության իրավահաջորդ, ուստի և հանդիսանում է Հայոց ցեղասպանության համար միջազգային պատասխանատվության սուբյեկտ   :

Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունը պետք է հանգեցնի մինչև կատարված հանցագործությունը իրավական վիճակի վերականգմանը, այդ թվում` պատասխանատու պետության ինքնիշխանությունը սահմանափակելու միջոցով: Չնայած նրան, որ միջագային իրավունքում որպես այդպիսին չկա տարածքային պատասխանատվության ինստիտուտ, սակայն տարածքային պահանջները ունեն իրավական հիմքեր: 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով, նաև ի կատարումն դրա նույն թվականին ստորագրված Կարսի պայմանագրով ճանաչվել է Թուրքիայի իրավունքները բոլոր թուրքաբնակ տարածքներում: Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, որոնք Ցեղասպանության իրագործման ժամանակ Թուրքիայի տարածքները չէին, թուրքաբնակ դարձան հենց Ցեղասպանության հետևանքով: Այսպիսով, ճանաչելով, որ Օսմանյան կայսրությունը իրականացրել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ապա, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, Թուրքիան պարտավոր կլինի պատասխանատվությունը ստանձնել և վերականգնել մինչև հանցագործությունը առկա իրավական վիճակը, հնարավորինս վերացնել Ցեղասպանության հետևանքները, այդ թվում Կարսի մարզի և Սուրմալուի գավառի հայաթափման հետևանքով դրանց անցումը Թուրքիային:

ՄԱԿ-ի Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից մշակված պետությունների պատասխանատվության մասին հոդվածներում նշվում է, որ միջազգային հակաիրավական արարքի համար պատասխանատվություն կրող պետությունը պարտավոր է միջազգային հակաիրավական արարքով պատճառված վնասի համար լիարժեք հատուցում տրամադրել: Վնասը ներառում է պետության հակաիրավական արարքով պատճառված ցանկացած կորուստ, ինչպես նյութական, այնպես էլ բարոյական : Պատասխանատվության մասին հոդվածների հոդված 34-ի համաձայն` «Միջազգային հակաիրավական արարքով պատճառված վնասի լիարժեք հատուցումն իրականացվում է ռեստիտուցիայի, կոմպենսացիայի և սատիսֆակցիայի ձևով` կամ առանձին, կամ դրանց համադրությամբ…»:

Ռեստիտուցիան վնասների հատուցումն է բնեղենով, երբ պատասխանատու պետությունը պարտավոր է վերականգնել մինչև իրավախախտումը եղած վիճակը: Կոմպենսացիայի դեպքում վնասները, որոնք չեն կարող հատուցվել Ռեստիտուցիայի ձևով հատուցվում են դրամական արտահայտությամբ: Սատիսֆակցիան, իր հերթին, իրենից ներկայացնում է բարոյական պատասխանատվություն, որը կարող է դրսևորվել իրավախախտման ընդունման, զղջման, պաշտոնական ներողություն խնդրելու կամ այլ նմանատիպ ձևով:  Թուրքիայի Հանրապետությունը, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պարտավոր կլինի փոխհատուցել հասցված բոլոր նյութական վնասները, ինչպես մինչ օրս անում է Գերմանիան` հրեաների ցեղասպանության համար փոխհատուցում վճարելով հրեաներին:

Այսօր իրական հնարավորություն կա հայկական կողմի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Թուրքիայի պատասխանատվության հարցի բարձրացման համար: ՄԱԿ-ի միջազգային դատարանի կանոնակարգի 36-րդ հոդվածի համաձայն ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավասությանն են վերաբերում այն գործերը, որոնք կողմերը կհանձնեն դատարանին, ինչպես նաև բոլոր այն հարցերը, որոնք նախատեսված են ՄԱԿ-ի Կանոնադրությամբ կամ գործող միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով: Կոնվենցիայի 9-րդ հոդվածով սահմանված է, որ պետությունները կարող են միակողմանի ցեղասպանության համար պատասխանատվության վերաբերյալ վեճը հանձնել ՄԱԿ-ի միջազգային դատարան: Կոնվենցիան վավերացվել է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության կողմից առանց որևէ վերապահման: ՄԱԿ-ի միջազգային դատարանը, ելնելով ներկայացված պահանջներից և առարկություններից, ինչպես նաև դրանց իրավական և փաստական հիմնավորումներից, կորոշի Թուրքիայի պատասխանատվության հարցը:

Հայազգի գիտնական, իրավագիտության դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության հետազոտող Յուրի Բարսեղովը, ով եղել է ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի անդամ, այս հնարավորության մասին գրում է. «Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետություն, եզակի հնարավորություն ունի Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետության պատասխանատվության մասին գործ հարուցել ՄԱԿ-ի միջազգային դատարանում միակողմանիորեն, Կոնվենցիայի` Ցեղասպանության նախազգուշացման եւ դրա համար պատժելու մասին IX հոդվածի հիման վրա» :

Մյուս տարբերակը այն է, որ Թուրքիան ինքը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որից հետո պատասխանատվության վերաբերող հարցերը պետք է լուծվեն թուրքական և հայկական պետությունների միջև անմիջական բանակցությունների միջոցով` հաշվի առնելով կողմերի օրինական իրավունքները և շահերը: Բանակցությունների արդյունքում պատասխանատվության հարցը կարող է լուծվել կողմերի կամարտահայտության համաձայնեցման (կոմպրոմիս) արդյունքում հաստատված միջազգային պայմանագրի միջոցով, որով պետք է կարգավորվեն պատասխանատվությանը վերաբերող բոլոր հարցերը, այդ թվում` պատասխանատվության ձևը և չափը: Հենց այս եղանակով հրեաների ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի և Իսրայելի միջև կնքվեցին պայմանագրեր, որոնք էլ իրավական հիմք հանդիսացան Գերմանիայի պատասխանատվության և մինչ օրս վճարվող հատուցման համար:

Բոլոր դեպքերում պետք է գիտակցել, որ նույնիսկ Թուրքիայից բացի աշխարհի բոլոր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որևէ իրավական հետևանք ունենալ չի կարող:  Նման ճանաչումների հետևանքը կլինի բացառապես քաղաքական: Դրանք պարզապես կարող են  նպաստել Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի ընդունմանը:

Ըստ իս անհրաժեշտ է դասեր քաղել պատմությունից և հույսը չդնել երրորդ երկրների վրա, այլ օգտագործել եղած հնարավորությունը` սեփական ուժերով հասնելով արդարության վերականգմանը: ՄԱԿ-ի միջագային դատարանում Հայոց ցեղասպանության հարցի բարձրացման համար անհրաժեշտ է իրավաբանների և պատմաբանների համատեղ լուրջ աշխատանք կատարել, ինչը ցավոք ներկայումս չենք տեսնում: Այսօր այս հարցը ավելի շատ պատմաբանների ուշադրության կենտրոնում է, մինչդեռ պատմաբանների բերած փաստերը պետք է օգտագործվեն որպես ապացույց իրավաբանների  կողմից տրվող որակումներին և գնահատականներին:

Վանիկ Մարգարյան

"AM" իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան

ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ. Տպագրված` Պատմություն և մշակույթ. հայագիտական հանդես Ա, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2011, էջ 331-339.

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ