Գյումրիում հարևանների միջև առաջացած վեճը լուծվեց ի օգուտ «AM»-ի վստահորդի. անձի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր չի ճանաչվի

24 Մարտ, 2021

«AM» իրավաբանական ընկերության Գյումրիի մասնաճյուղ էր դիմել քաղաքացին՝ ներկայացնելով՝ իր և հարևանի միջև առաջացած վեճի հանգամանքները:

Վիճող կողմերը հանդիսանում են բազմաբնակարան շենքի նույն հարկում բնակվող բնակիչներ: Հարևանը ցանկանում էր «AM»-ի վստահորդի բնակարանի հատվածը օգտագործելով մուտք գործել իր բնակարան՝ խախտելով անձի սեփականության իրավունքը։

Հարկ ենք համարում նշել, որ վիճող հարևանը նախկինում ունեցել էր այլ մուտք, բայց այն փակելով՝  երկար տարիներ օգտվել էր մեր վստահորդին սեփականության իրավունքով պատկանող տարածքից:

Անշարժ գույքի նկատմամբ  մեր ընկերության վստահորդներին սեփականության իրավունքը փոխանցվել էր Գյումրի համայնքի կողմից՝ դեռևս 09.12.2010 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով:  

Հարևանը դիմել էր  ՀՀ վարչական դատարան ու խնդրել սեփականության իրավունքի պետական գրանցումն  անվավեր  ճանաչել՝ պատճառաբանելով, որ վիճարկվող որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ և ենթակա է վերացման, քանի որ բնակարան մուտք գործելու միակ ճանապարհը, որն անցնում է միջանցքով, նվիրատվության արդյունքում դարձել է հարևանների սեփականությունը, ու արդեն 4 տարի է, ինչ վերջիններիս արգելում են մուտք գործել բնակարան՝ խոչընդոտ ստեղծելով իրենց սեփականության իրավունքի իրացմանը: Բացի այդ, նշել էին, որ  Գյումրի համայնքը 2010 թվականի դրությամբ չէր հանդիսացել նշված անշարժ գույքի սեփականատեր, հետևաբար անշարժ գույքը չէր կարող նվիրատվությամբ օտարվել։

«AM»  իրավաբանական ընկերության փաստաբան Ռիմա Կոշտոյանը դատարանում հանդես էր եկել առարկություններով ներկայացված պահանջի դեմ՝ հայտնելով, որ հարևանը բաց է թողել դատավարական ժամկետները, և վերոնշյալ հիմքերից  որևէ մեկը չի կարող հիմք հանդիսանալ վարչական ակտի վիճարկման համար, առավել ևս՝ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու համար։   

Դատարանի կողմից կայացված վճռով հաստատվեց, որ միջանցքի նկատմամբ գրանցված է անձանց սեփականության իրավունքը, որն անօտարելի իրավունք է, և յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք, և ոչ ոք չի կարող խախտել անձի՝ օրենքով պաշտպանվող բնակարանի անձեռնմխելիության իրավունքը: Դատարանը փաստել է նաև, որ վիճարկվող  որոշման իրավաչափության ստուգման տեսանկյունից ներկայացված ապացույցները չէին կարող հիմք հանդիսանալ վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար, քանզի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորման համաձայն՝ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը որոշում է կայացրել «AM»  իրավաբանական ընկերության վստահորդի սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր չճանաչել:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ