ՓԱՍՏԱԲԱՆԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒ- ԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԿԱՍԿԱԾՅԱԼԻ (ՄԵՂԱԴՐՅԱԼԻ) ՀԵՏ

25 Մարտ, 2014

Յուվենալ արդարադատությանը փաստաբանի մասնակցությունը, եթե հայ օրենսդրի կողմից կարևորվում է անչափահասի իրավունքների ու շահերի պաշտպանության տեսանկյունից, ապա գիտական շրջանակներում, ինչպես նաև եվրոպական որոշ երկրների օրեքներով դրան գումարվում է նաև անչափահասի դաստիարակությունն ու ուղղումը: Այսպես, գերմանական օրենսդրի կարծիքով «գործին մասնակցող փաստաբանի հիմնական խնդիրը ոչ թե արդարացման դատավճռի հասնելն է, այլ յուվենալ արդարադատության դաստիարակչական ֆունկցիայի իրականացմանն ու անչափահասի նկատմամբ ճիշտ ներգործության միջոցի ընտրությանն աջակցելն է»[1]։

Յուվենալ արդարադատությանը փաստաբանի մասնակցության հոգեբանական խնդիրներից մեկը անչափահասին քաջալերելն է, համոզելը, որ դեռ ոչինչ ավարտված չէ, հնարավոր է ամեն ինչ վերսկսել: Իր առջև դրված այս ու մյուս խնդիրներին հասնելու համար նախ և առաջ փաստաբանը պետք է կարողանա «լեզու գտնել» անչափահասի հետ, մտնել հոգեբանական կոնտակտի, փոխներգործության մեջ: Պաշտպանի և պաշտպանյալի փոխներգործությունը օրենքի վրա հիմնված, միմյանց չենթարկվող անձանց համագործակցությունն է, որն ուղղված է միևնույն դատավարական նպատակների իրականացմանը: Այն իր մեջ ներառում է դիրքորոշումների ճշտում, պաշտպանության միջոցների ու հնարքների համաձայնեցված կիրառում, ինչպես նաև գործով ապացույցների և օպերատիվ ինֆորմացիայի գնահատման հետ կապված համատեղ գործունեությունը[2]։ Անչափահաս կասկածյալի, մեղադրյալի հետ հոգեբանական կոնտակտի հաստատման համար փաստաբանը պետք է որքան հնարավոր է շատ տեղեկություններ հավաքի վերջինիս նախասիրությունների, ընտանիքի, դպրոցի, ընկերների, ժամանցի, բնավորության, խռնվածքի, սիրելի գրականության, ֆիլմերի ու խաղերի մասին, ծանոթանա նրա կյանքի, մանկության պատմությանը, տեղեկություններ հավաքի հանցանքի կատարումից առաջ ու հետո նրա վարքագծի, տրամադրության փոփխությունների, անչափահասի բարոյական սկզբունքների ու «կյանքի գաղափարախոսության» վերաբերյալ, ուսումնասիրի գրականություն անչափահասի նախասիրությունների ու հետաքրքրությունների օբյեկտի մասին: Իհարկե, կախված գործի հանգամանքներից ու անչափահասի անձից, այս տեղեկությունների շրջանակը ենթակա է փոփոխման: Այս խնդիրների հաղթահարման համար փաստաբանը պետք է օժտված լինի որոշակի հատկանիշներով` ունակ լինի ներթափանցել անչափահասի ներաշխարհ, լինի հոգեբանորեն հետևողական, որը նրան հնարավորություն կտա ավելի լավ ուսումնասիրել անչափահասի անձն ու հասկանալ նրա ժամանակավոր հոգեկան վիճակը, փաստաբանը պետք է ունենա անչափահասի վրա անմիջական էմոցիոնալ-կամային ազդեցություն գործելու հմտություն և կարողանա նրա աչքերում ձեռք բերել հեղինակություն[3]։ Սա իրականում դժվար իրագործելի է, եթե հատկապես հաշվի առնենք, որ անչափահասի, հատկապես դեռահասի համար բնութագրական է անվստահությունը մեծահասակների հանդեպ: Նրանց մեծ մասին համար «մեծահասակի հեղինակությունը, նրա փորձն ու սոցիալական դիրքը գոյություն չունեն, նրանք չեն հավատում մեծահասակի արդար կամ բարոյական լինելուն»[4]։

Անչափահասի անձի ուսումնասիրության համար Յու.Վ. Չուֆարովսկին առաջարկում է 4 խումբ հանգամանքներ, որոնք պետք է պարզաբանվեն` ժառանգական-կենսաբանական ազդակները, անչափահասի մոտ սոցիալական շրջապատը, նրա անձի բնութագրական հատկանիշները և անչափահասի իրավագիտակցության մակարդակը[5]։ Փաստաբանը պետք է կարողանա վերացնել անջրպետը, հասնել նրան, որ «ես» և «նա» հասկացությունները անչափահասի համար վեր ածվեն «մենք»-ի, որի համար փատաբանը պետք է հետևի որոշ տակտիկական կանոնների[6]։ Նախ անչափահասի հետ հարաբերություններում փաստաբանը չպետք է անցնի պաշտոնականի, գործնականի որոշակի սահմանը, անթույլատրելի է ժարգոնային բառապաշարի օգտագործումը, միևնույն ժամանակ անչափահասի հետ հանդիպումը չպետք է նմանվի հարցաքննության, այլ պետք է անցնի ավելի հանգիստ, մտերիմ մթնոլորտոմ, զրույցի տեսքով[7], իսկ այն դեպքերում, երբ փաստաբանին հրավիրել է այլ անձ, պաշտպանյալի վստահությունը շահելու համար խորհուրդ է տրվում անչափահասին ներկայացնել փաստաբանին հրավիրած անձի նամակը` ուղղված անչափահասին[8]։ Իր վստահորդի հետ առաջին հանդիպման պահից փաստաբանը պետք է կարողանա անչափահասին բացատրել, որ իր առաքելությունը նրան պաշտպանելն է, որ ինքը պետական համակարգի աշխատակից չէ, որ գոյություն ունի փաստաբանական գաղտնիք և այլն[9]։ Եթե անչափահասն անազատության մեջ է, փաստաբանը պետք է պարբերաբար անչափահասին տեղեկություններ հաղորդի նրա ընտանիքի, ծնողների, նրանց առողջական վիճակի վերաբերյալ, դպրոցում, ընկերների շրջանում կատարված փոփոխությունների ու նորությունների մասին: Սա հոգեբանական մեծ ազդեցություն է ունենում, քանի որ, մարդն իր բնույթով հասարակական էակ է[10], և փաստաբանը նրա համար դառնում է այն կամուրջը, որն իրեն միացնում է արտաքին աշխարհին: Փաստաբանը պետք է միշտ ունենա անչափահասի հետ ընդհանուր խոսակցության թեմա` պայմանավորված անչափահասի առանձնահատկություննորով ու նախասիրություններով. կլինի դա կոնկրետ սպորտաձև, ֆիլմեր, գրքեր, որոշակի գաղափարական շարժումներ, հոբբի և այլն: Սա հաճախ հանդիսանում է այն միակ կամուրջը, որը փաստաբանին տանում է դեպի անչափահասի ինքնամփոփ ամրոց:

Անչափահասի հետ հանդիպումների, զրույցի ժամանակ հոգեբաններն առաջարկում են հետևել սեփական դիրքին, նստելու, կանգնելու ձևին: Մասնավորապես, խորհուրդ չի տրվում զբաղեցնել «փակ դիրք»` նստած ձևի միջոցով ծածկել մարմնի մեծ մասը, «նապոլեոնյան դիրք»՝ կանգնած դիրքում կրծքավանդակի մոտ խաչել ձեռքերը, կամ նստած ժամանակ ձեռքերը պահել կզակի շրջանում և այլն: Նման փակ դիրքերը դիմացինի մոտ ենթագիտակցորեն առաջացնում են անվստահություն, հակադրվելու ցանկություն: Եվ ընդհակառակը, բաց դիրքերը, երբ դիմացինին պարզ երևում են ձեռքերի ափերը, թևերը խաչված չեն, նստած դիրքը պաշտոնական ու ձիգ չէ, անչափահասի կողմից ենթագիտակցորեն ընկալվում են որպես վստահության, համաձայնության, կամեցողության, օգնելու ցանկության ժեստեր։[11] Փաստաբանը պետք է հետևի իր ձայնային ինտոնացիային, չպետք է ընտրել բարձր, պարտադրող, հոխորտացող ձայն, միևնույն ժամանակ փաստաբանի խոսքը պետք է լինի վստահ, հասկանալի, ոչ շատ դանդաղ, բնական։[12] Անչափահասից որոշակի տեղեկություններ ստանալու ժամանակ փաստաբանը չպետք է ընդհատի վերջինիս, հնարավորինս թույլ տա ազատ արտահայտվել, քանի որ նախ առաջին հայացքից գործի համար նշանակություն չունեցող տեղեկությունները հետագայում կարող են վեր ածվել առանցքային նշանակության տեղեկությունների, երկրորդ, առաջին հանդիպումների ժամանակ դժվար է տարրանջատեկ, թե որ տեղեկությունն է կարևոր, և որը առնչություն չունի տվյալ գործին, և երրորդ, դա կարող է անչափահասի վրա կտրուկ բացասական ազդեցություն գործել, դառնալ նրա լռության, անվստահության, հանդիպումը դադարեցնելու պահանջի պատճառ: Հետագայում հարցեր ունենալու դեպքում դրանք պետք է լինեն պարզ ձևակերպված, առանց մասնագիտական բառապաշարի կիրառության, համապատասխանեն անչափահասի զարգացվածության մակարդակին, չունենան բարդ շարադասական կառուցվածք: Ճշտող բնույթ ունեցող հարցերը հնարավորության դեպքում պետք է հիմնված լինեն անչափահասի նախորդ խոսքի վրա, չլինեն ուղղորդող, չպարունակեն լրացուցիչ ինֆորմացիա[13]։ Չպետք է մոռանալ նաև, որ անչափահասը երևույթները, իրադարձությունները հիշելիս, գնահատելիս ու վերարտադրելիս  շեշտադրումները կատարում է երկրորդական, երբեմն աննշան, հաճախ մեծահասակների կողմից չնկատվող հանգամանքների վրա, և ինչպես Գ. Բոչկարևան է նշում, դրա արդյունքում անչափահասն, օրինակ, կարող է մանրամասն պատմել հանցանքի կատարման ընթացքում գույքային վնասի պատճառաման հանգամանքները` մոռացության մատնելով տուժողի մահը[14]։

16-ից բարձր տարիք ունեող անչափահաս կասկածյալին ¥մեղադրյալին¤ հատկապես սկզբնական շրջանում ցանկալի է, որ փաստաբանը դիմի «Դուք»-ով, քանի որ նշված տարիքում անչափահասն ինքնահաստատման կարիք ունի, ցանկանում է ընդգծել իր անհատականությունն ու կարևորությունը, այն հանգամանքը, որ ինքն արդեն երեխա չէ և պահանջում է իր նկատմամբ համապատասխան վերաբերմունք:[15] Այս առանձնահատկություններից էլ ելնելով` անչափահասը հաճախ փորձում է ցույց չտալ, որ իրականում չի հասկանում դատավարական այս կամ այն եզրույթի, գործողության իմաստը, նշանակությունը կամ կարևորությունն իր համար, իրեն առաջադրված մեղադրանքի բուն էությունը և այլն:[16] Նման դեպքերում փաստաբանը պետք է ցուցաբերի նրբանկատություն, իր խոսքի մեջ, առանց հատուկ շեշտադրումներ կատարելու, «ձեռքի հետ» փորձի բացատրել, պազաբանել անչափահասին իր իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև այն ամենը, ինչն իր կարծիքով անչափահասի համար անհասկանալի է մնացել, կամ ինչի իմացությունը նրան անհրաժեշտ է իր պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար:

Փաստաբանի կողմից անչափահասի հետ հոգեբանական կոնտակտի հաստատումը դեռևս չի նշանակում բոլոր խոչընդոտների հաղթահարում, այլ ընդամենը մի քայլ է դեպի նրա վստահության ձեռքբերումը:[17] Փաստաբանը կարող է նաև հանդիպել անչափահասի այնպիսի հանտկանիշի, ինչպիսին ստախոսությունն է, որը զուգորդվում է համառության հետ: Սուտը կարող է պայմանավորված լինել վախով քրեական պատասխանատվությունից, ընկերների, ծնողների, հանցակիցների կամ այլ անձանկց կողմից սպառնալիքներով, ընկերության, «եղբայրության» գաղափարների թելադրանքով կամ «դավաճան» չդառնալու ցանկությամբ, կատարած այլ հանցանքը թաքցնելու ցանկությամբ,[18] ինչպես նաև պարծենկոտության, ուշադրություն գրավելու, դիմացինի զարմանքը առաջացնելու ներքին մղմամբ: Սսակայն այն կարող է ավելի խորքային պատճառներ ունենալ, դարձած լինի անչափահասի բնավորության գիծը, որը հաճախ լինում է սխալ դաստիարակության արդյունք: Նման դեպքերում սուտը դառնում է անձի կենցաղի մի մասը, նա ինքն է սկսում հավատալ իր ստին այն աստիճան, որ իրականությունն ու սուտը այլևս չի կարողանում տարբերակել:[19] Փաստաբանը պետք է կարողանա սուտը տարբերել մոլորությունից, որի դեպքում անչափահասը չի կարողանում ճիշտ գնահատել իրավիճակը, դեպքերն ու երևույթները, արդյունքում, կատարում է սխալ եզրահանգումներ:[20] Ա. Նալչաջյանը, անդրադառնալով մարդու կողմից երևույթների ընկալման ճշտությանը, նշում է. «Հաճախ մենք ավելի շատ տեսնում ենք այն, ինչ ցանկալի է, քան այն, ինչ կա իրականում: Որքան ավելի մեծ է մեր շահագրգռվածությունը, որպեսզի ինչ-որ բան կատարվի այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, այնքան ավելի մեծ չափով ենք աղճտում իրականությունը»[21]։ Անչափահասի դեպքում այս հանգամանքը հատկապես պետք է հաշվի առնել, քանի որ, ինչպես նշել ենք, այս տարիքում մարդկային երևակայությունն ու իրականությունը այլ անկյունով տեսնելու հմտությունն ավելի զարգացած է: Անչափահասի փոփոխական, իր տարիքին ոչ հատուկ վարքագծի պատճառ կարող է լինել նաև իր նախընտրած «հերոսին» նմանվելու ձգտումը` սկսած ֆիլմերի ու գրականության հերոսներից մինչև «թաղային» հեղինակություններ, «գողական», հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ[22]։ Անչափահասի համար հանցագործությունը, սովորականից շեղվող վարքագիծն ու բռնությունը կարող են դիտվել որպես տղամարդկայնության, հերոսության, ճկունության դրսևորման ձևեր:[23] Փաստաբանը պետք է համապատասխան գիտելիքների պաշար ու հոգեբանական պատրաստվածություն, կամքի ուժ ու համբերություն ունենա այս խոչընդոտների հաղթահարման,  անչափահասին ճիշտ ճանապարհի բերելու, նրա վրա դաստիարակչական ներգործություն ունենալու և, վերջապես, նրա հետ աշխատելու ու պաշտպանելու համար:

Երբեմն փաստաբանը կարող է գործ ունենալ պաշտպանյալի ինքնազրպարտության հետ:[24] Անձի ինքնազրպարտությունը տարբեր պատճառներ կարող է ունենալ. իրական հանցագործին չբացահայտելու ցանկությունը` բարեկամական, ընկերական, խմբակային շահերից, սպառնալիքներից կամ շահագրգիր անձանց ճնշման ազդեցությամբ, իր մասին վարկաբեկող տեղեկատվություն տիրապետողներին «զսպելու», ավելի ծանր հանցագորխության համար պատասխատանվությունից խուսափելու, քննությունը խճճելու, ձգձգելու, հանցավոր շրջանում հեղինակություն ձեռք բերելու, գործի քննությունն արագացնելու ձգտմամբ կամ բարեխիղճ մոլորության կամ վախի ազդեցության արդյունքում:[25] Փաստաբանը պետք է փորձի հասկանալ ինքնազրպարտության բուն պատճառը, բացատրել անչափահասին, որ ստեղծված իրավիճակից կարելի  է ավելի ճիշտ ելք գտնել, փորձել բերել նմանատի իրավիճակներում հարցի բարեհաջող լուծման պրատկտիկ օրինակներ, և հաջողության չհասնելուց հետո միայն ընտրել անչափահասի դիրքորոշմանը հակասող դիրքորոշում: Պետք է միայն ավելացնել, որ նման դիրքորոշումը չպետք է հանգեցնի փաստաբանական գաղտնիքի հրապարկմանը: Եթե վստահորդի ինքնազրպարտությունն ուղղված է այլ անձի կողմից տվյալ արարքի կատարումը թաքցնելուն կամ նրա մեղքը փոքրացնելուն, ապա փաստաբանն իրավունք չունի այդ մասին բարձրաձայնել: Նրա խնդիրը իր պաշտպանյալին արդարացնելն է, իսկ մնացածը մեղադրնքի կողմի խնդիրն է:

Ամփոփելով վերոշարադրյալը` կարող ենք մեջբերել հետևյալ խոսքերը.    «Պետք է հիշել, որ այն բոլոր դժվարություններով հանդերձ, որ շրջապատում են փաստաբանին, զսպվածությունը պետք է լինի նրա լավագույն ուղեկիցը, և խելամտությունը` վստահելի ղեկավարը»[26]։ Դեռևս 20-րդ դարի սկզբին ասված այս խոսքերը հատկապես բնութագրական են անչափահասների պաշտպանությանը, որի կազմակերպման ու իրականացման ողջ ընթացքում կարմիր թելի պես պետք է անցնի անչափահասի շահերի առաջնայնության սկզբունքը: Եթե քրեադատավարական պաշտպանության մասին Ն.Ն. Պոլյանսկին նշում է. «Ինչպես կողմնացույցի սլաքն է միշտ ցույց տալիս դեպի հյուսիս, այնպես էլ պաշտպանի միակ պարտականությունը պետք է լինի վստահորդին պաշտպանելը»[27], ապա անչափահասների պաշտպանության դեպքում փաստաբանը միայն քրեադատավարական պաշտպանությամբ չպետք է բավարարվի: Փաստաբանն իր բարոյական բարձր հատկանիշներով ու վարքագծով պետք է օրինակ ու անչափահասի համար ընդօրինակման օբյեկտ դառնա:[28] Նա, պաշտպանելով անձին մեղադրանքից, չպտք է պայքարի մեղադրողի, այլ վերջինիս ներկայացրած փաստարկների դեմ,[29] անչաթահասի աչքերում վարույթն իրականացնող մարմնին, դատախազին ու դատավորին չպետք է դարձնի թշնամիներ: «Մեր մասնագիտության իրական մեծությունը կայանում է ոչ այնքան նրա փայլի, որքան բարձր բարոյականության մեջ»[30]։ Փաստաբանի գործունեությունը հրապարակային բնույթ է կրում, նրա յուրաքանչյուր քայլ պարզ երևում է, ինչպես Էդմ. Պիկարն է նշել. «Փաստաբանությունը ստեղծվել է հասարակական ծառայության համար, դժվար, խիստ ու լուրջ ծառայության համար: Վստահորդի դիմումը նրան ուղղված պահանջ է և ոչ թե խնդրանք, որից հրաժարվել չի կարելի»[31]։


[1] Տե՛ս Соколов А., Предеина И. Ювенальное уголовное судопроизводство Германии // Российская юстиция. 2004. N 3. С. 67: Մեջբերումն ըստ Макарова З.В. Профессиональная защита подозреваемых, обвиняемых, Санкт-Петербург, 2008,  էջ 66:

[2] Տե՛ս Ղուկասյան Հ. Քրեական գործերով պաշտպանության իրականացման տակտիկան և մեթոդիկան (դասախոսություն), ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2007, էջ 40:

[3] Каневский Л..Л. Проблемы методики расследования преступлений несовершеннолетних, Уфа, 1976, էջ 77:

[4] Տե՛ս Невский И.А. Педагогическая запушенность подтостков /”Дети с отклонениями в поведении”/, М., 1968, стр. 70: Մեջբերումն ըստ Каневский Л..Л. Проблемы методики расследования преступлений несовершеннолетних, Уфа, 1976, էջ 81:

[5] Մանրամասն տես Чуфаровский Ю.В. Психология оперативни-розыскной и следственной деятельности, Учебное пособие, Москва,2003, էջեր 188-189:

[6] Վերը նշված բոլոր հանգամանքնորը հաշվի առնելով` մի շարք հեղինակներ հիմնավորում են յուվենալ արդարադատության գծով մասնագիտացված փաստաբաններ ունենալու անհրաժեշտությունը, փաստաբաններ, որոնք կանցնեն հատուկ մասնագիտական պատրաստվածություն, կստանան գիտելիքնր անչափահասների հոգեբանության, վարքագծային առանձնահատկությունների, նրանց հետ վարվելու կանոնների վերաբերյալ: Տե՛ս, օրինակ, Калмикова Л.Л.  Защита по делам несовершеннолетних, Минск, 1981, էջ 24, Тетюев С.В. Допрос несовершеннолетного обвиняемого в стадии предварительного расследования, Москва, 2010, էջեր 65-66:

[7] Цубин А.И. Особенности ведения защиты по делам несовершеннолетних // Правоведение N 2, 1978, էջեր 131-133:

[8] Адвокатская деятельность, Учебно-проктическое пособие, под общ. Ред. В.Н. Буробина, Москва, 2003, էջ 375:

[9] Ազարյան Ե.Ռ. Փաստաբանության հիմունքները, Երևան, 2006, էջ 155:

[10] Ратинов А.Р., Ефимова Н.И. Психология допроса обвиняемого, Москва, 1988, էջ 18:

[11]Подласый И.П. Педагогика: Новый курс: Учебник: в 2 кн. М.: ВЛАДОС, 2001. Кн. 1. С 83-88: Մեջբերումն ըստ Тетюев С.В. Допрос несовершеннолетного обвиняемого в стадии предварительного расследования, Москва,2010, էջեր 156-157:

[12] Каневский Л.Л. Проблемы методики расследования преступлений несовершеннолетних, Учебное пособие, Уфа,1976, էջեր 85-86:

[13] Соловьев А.Б. О психологических приемах допроса, Актуальные проблемы досудебных стадий уголовного судопроизводства, Москва, 2006, էջեր 54-55:

[14] Бочкарева Г. Вопросы психологии в судопроизводстве по делам несовершеннолетних //Советская юстиция, N 2, 1971, էջ 11:

[15] Тетюев С.В. Допрос несовершеннолетного обвиняемого в стадии предварительного расследования, Москва, 2010, էջ 158:

[16] Миньковский Г. Особенности судебного расследования дел о несовершеннолетних // Советская юстиция, N 22, 1974, էջեր 13-15:

[17]Тетюев С.В. Допрос несовершеннолетного обвиняемого в стадии предворительного расследования /Процессуальный и криминалистический аспекти/, Москва, 2010, էջ 154:

[18]Ратинов А.Р., Ефимова Н.И. Психология дороса обвиняемого, Москва, 1988, ¿з»с 27-28, Кобликов А.С Юридическая этика. Учебник для вузов, Москва, 1999, էջ 71:

[19] Նալչաջյան Ա. Սոցիալական հոգեբանություն, Երևան, 2004, էջ 325:

[20] Ратинов А.Р., Ефимова Н.И. Психология допроса обвиняемого, Москва, 1988, էջեր 71-73:

[21] Տե՛ս Նալչաջյան Ա. Սոցիալական հոգեբանություն, Երևան, 2004, էջեր 19-20:

[22]Անչափահասների տարբեր տիպային խմբերի հոգեբանական առանձնահատկությունների նկարագիրն ու դրանց դասակարգումը մասնրամասն տե°ս Արզումանյան Ս.,Գրին Է. Իրավաբանական հոգեբանություն, Երևան, 2004, էջեր  368-376:

[23] Մանրամասն տե՛ս Каневский Л.Л. Проблемы методики расследования преступлений несовершеннолетних, Учебное пособие, Уфа, 1976,  էջեր 69-71:

[24] Կանոնագրքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Փաստաբանը, համոզվելով, որ պաշտպանյալին մեղսագրվող արարքը հիմնավորված չէ կամ գործով ձեռք բերված ապացույցները վկայում են ավելի թեթև հանցագործության մասին, իսկ պաշտպանյալն ընդունում է իրեն ներկայացված մեղադրանքը, պարտավոր է քննարկել այդ հարցը իր պաշտպանյալի հետ և համաձայնեցնել ըստ այդմ նոր դիրքորոշում ընդունելու հարցը: Եթե նոր դիրքորոշման կապակցությամբ համաձայնություն ձեռք չի բերվում, ապա փաստաբանն իրավունք ունի զբաղեցնել իր պաշտպանյալից անկախ, ինքնուրույն դիրքորոշում»։

[25]Ավելի մանրամասն տե՛ս Макарова З.В. Профессиональная защита подозреваемых, обвиняемых, Санкы-Петербург,2008,  էջեր 255-256:

[26] Տե՛ս Гаррис Р. Школа адвокатуры: Руководство к ведению гражданских и уголовных дел / Пер. с англ. П. Сергеича. –СПб., 1911, с.7: Մեջբերումն ըստ Адвокатская деятельность, Учебно-проктическое пособие, под общ. Ред. В.Н. Буробина, Москва,2003, էջ 31։

[27] Տե՛ս Полянский Н.Н. Правда и лож в уголовной защите, Москва, 1927,  էջ 14:

[28] Бойков А.Д. Этика профессиональной защиты по уголовным делам, москва, 1978, էջեր 104-105:

[29] Плевако Ф.Н. Избранные речи, Москва, 2008, էջ 28:

[30] Տե՛ս Жюль Фавр Адвокатские идеалы, перевод с французского, Москва, 1880. Традиции адвокатской этики. Избранные труди поссийских и французских адвокатов (XIX- начало XX в.), санкт-Петербург, 2004, էջ 121:

[31]Տե՛ս Пикар Эдм. Об адвокате /парадокс/, Москва, 2000,  էջ 44:

Գոհար Գևորգյան

"AM" իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան

տպագրված Դատական իշխանություն. գիտամեթոդական ամսագիր, հոկտեմբեր-նոյեմբեր 10-11 /172-173, 2013, Երևան, էջեր՝ 98-101

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ