Հոլանդական «Ingosur B.V» ապահովագրական ընկերությունը դիմել էր «AM» իրավաբանական ընկերությանը՝ խնդրելով տրամադրել իրավական աջակցություն: Խնդիրը կայանում էր նրանում, որ ընկերության կողմից ապահովագրված ապրանքը գողացվել էր, ինչի հետևանքով «Ingosur B.V» -ն ստիպված էր եղել հատուցել ապահովագրական պատահարի հետևանքով կողմին պատճառված վնասը:
Վնասի վճարելուց հետո, ապահովագրական ընկերությունը փոխադրողից հատուցում ստանալու պահանջի իրավունք էր ստացել և ցանկություն հայտնել գումարի բռնագանձման ուղղությամբ սկսել դատական գործընթաց:
«AM»-ի բաժնետեր, փաստաբան Վանիկ Մարգարյանը և գլխավոր իրավախորհրդատու Հայկ Բարսեղյանը սկսեցին փաստաթղթային փաթեթի ուսումնասիրությունը: Գործում առկա նյութերը համադրեցին Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին (CMR) կոնվենցիայի դրույթների ու ՀՀ օրենսդրության պահանջների հետ, որից հետո գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայց ներկայացվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հայցադիմումում ներկայացրել էին ապահովագրական ընկերության համար ծագած հատուցման պահանջի իրավունքը իրեն փոխանցվելու ու այդպիսով փոխադրողին պահանջ ներկայացնելու վերաբերյալ թե ներպետական, թե միջազգային իրավական հիմքերը:
Դատարանը, քննելով գործում առկա բոլոր ապացույցները, ինչպես նաև կողմերի բերված հակափաստարկները, որոշեց բավարարել «AM»-ի փաստաբանների հայցը ու փոխադրող ընկերությունից հօգուտ ապահովագրական ընկերության բռնագանձել ապահովագրական ընկերության կողմից հատուցված գումարը, ինչպես նաև դատական ծախսերը ընդհանուր 5 846 882 դրամի չափով: