2019թ. նոյեմբերին Facebook սոցիալական ցանցում որպես օգտատեր գրանցված Սերգեյ Չամանյանն իր անձնական էջում կատարել էր հրապարակում՝ արատավորելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատիվն ու արժանապատվությունը:
Արսեն Թորոսյանի շահերի պաշտպան, «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը դիմել էր դատարան՝ պահանջելով Սերգեյ Չամանյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել Առողջապահության նախարար Ա. Թորոսյանից:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր «AM»-ի փաստաբան Դավիթ Հունանյանի պահանջը և պարտավորեցրել Սերգեյ Չամանյանին Facebook սոցիալական ցանցի անձնական էջով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել Առողջապահության նախարարից վիրավորանք պարունակող արտահայտությունների համար, ինչպես նաև նախատեսել է փոխհատուցում վիրավորանքի համար:
Չհամաձայնելով վճռի հետ՝ Ս. Չամանյանի փաստաբանը բողոքարկել էր դատարանի վճիռը: «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանի կողմից նույնպես ներկայացվել էր բողոք՝ հատուցման չափի ավելացման վերաբերյալ: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը վերահաստատեց առաջին ատյանի դիրքորոշումը, ինչպես նաև ավելացրեց Արսեն Թորոսյանին հասցրած վիրավորանքի համար հատուցման չափը: