Խախտվել էին հղիության արձակուրդում գտնվողի իրավունքները. «AM»-ի հերթական դատական հաղթանակը

30 Մարտ, 2022

2021 թվականի հունվարին «AM» իրավաբանական ընկերության վստահորդը, որն այդ պահին գտնվում էր հղիության և ծննդաբերության արձակուրդում և զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կենտրոնի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալի պաշտոնը, ծանուցվում է այն մասին, որ 2021թ. ապրիլի 1-ից ազատվելու է զբաղեցրած պաշտոնից՝ հաստիքների կրճատման կապակցությամբ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վստահորդը գտնվում էր հղիության և ծննդաբերության արձակուրդում, և իր հետ կնքված պայմանագիրը չէր կարող լուծվել այդ հիմքով՝ «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Նարինե Սարգսյանի կողմից դիմումներ ներկայացվեցին Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով չեղարկել հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից ազատելու մասին ծանուցումը:

Չընդառաջելով վերոնշյալ դիմումներին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դ. Համբարյանը 2021 թվականի ապրիլի 1-ից «AM» իրավաբանական ըկերության վստահորդին ազատում է իր զբաղեցրած պաշտոնից՝ ազատման հիմքում դնելով ոչ թե ծանուցումներում ներկայացված հիմքը, այլ բոլորովին ուրիշ՝ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունեցող հիմք:

Վստահորդի խախտված իրավունքները վերականգնելու նպատակով «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Պայծառ Քոչարյանի կողմից հայցադիմում ներկայացվեց ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով ամբողջությամբ վերացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դ. Համբարյանի կողմից կայացված 687-Ա հրամանը:

Արդյունքում՝ ՀՀ Վարչական դատարանի կողմից որոշում կայացվեց բավարարել «AM» իրավաբանական ընկերության կողմից ներկայացված հայցը՝ անվավեր ճանաչելով վիճարկվող հրամանը, 01.04.2021 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը Երևանի քաղաքապետարանից բռնագանձել հայցվորի միջին աշխատավարձի չափով հարկադիր պարապուրդի գումար:  Եվ քանի որ հայցվորին նախկին պաշտոնում վերականգնելն անհնար էր, որովհետև տվյալ հաստիքն այլևս գոյություն չուներ, դատարանի կողմից որոշում կայացվեց  պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին հայցվորին  աշխատանքում չվերականգնելու դիմաց տրամադրել ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելագույն չափով հատուցում՝ նրա միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ