ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021թ. մարտի 1-ին Հանրապետության հրապարակում ելույթի ընթացքում անդրադարձել էր նաև Մարտի 1-ի դեպքերին ու քրեական գործին: Ելույթին հաջորդել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության:
Քոչարյանի պնդմամբ Նիկոլ Փաշինյանը զրպարտել է իրեն և, որպես ՀՀ վարչապետ, խախտել իր անմեղության կանխավարկածը: Դատարանում Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնում էր «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը:
Շուրջ 2 տարի տևած դատական քննության ընթացքում փաստաբան Հունանյանի կողմից մանրամասն վերլուծվել և հիմնավորվել է, որ Նիկոլ Փաշինյանի ելույթն ընդամենը քաղաքական խոսք է, կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի կենսագործում և չի խախտել որևէ մեկի արժանապատվության իրավունքն ու անմեղության կանխավարկածը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2023 թվականի հունվարի 10-ին կայացրած վճռով մերժել է Ռոբերտ Քոչարյանի պահանջը: