Հասարակական կազմակերպությունը եռակողմ կնքված պայմանագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել ՀՀ մարզերում գործունեություն ծավալած կոոպերատիվներին ու կազմակերպություններին, որի դիմաց վերջիններս պարտավորվել էին իրենց համայնքներում զարգացնել տնտեսական գործունեություն և պայմանագրով սահմանված ժամկետներում վերադարձնել աջակցությունը:
Սակայն ժամկետներն անցել էին, իսկ պարտավորությունները չէին կատարվել, ուստի հարկավոր էր դատական կարգով կազմակերպել պարտքերի հետգանձում:
«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Դավիթ Հունանյանն ու փաստաբան Հայկ Բարսեղյանը, մշակելով դատական պաշտպանության մարտավարություն, կազմեցին համապատասխան հայցադիմումներ:
«AM»-ի փաստաբանների կողմից ներկայացված հայցադիմումի ու ապացույցների ուսումնասիրության արդյունքում դատարանը հետևություն արեց, որ պատասխանողի կողմից ստորագրված «Ստացական» վերտառությամբ փաստաթուղթը հանդիսանում է պարտավորագիր, որով պարտավորական հարաբերություններ են ծագել հայցվորի և պատասխանողի միջև:
Պարտավորագիրը հանդիսանում է ապացույց, որով պատասխանողը պարտավորվում է հայցվորին վերադարձնել եռակողմ գործարքով ստացված գումարը: Այն պատասխանողի կողմից տրված փաստաթուղթ է, որով վերջինս ընդունել է հայցվորին 10 մլն դրամ գումար վճարելու իր պարտավորությունը: Դատարանի որոշմամբ հայցվորն իրավունք է ձեռք բերել պարտապանից պահանջել կատարելու իր ստանձնած պարտավորությունը` նշված փաստաթղթով սահմանված ժամկետում վճարելու հայցվորին 10 մլն դրամ։