Հայտնի հյուրանոցային կազմակերպությունը պայմանագրի հիման վրա տուրիստական ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունից ստացել էր 15 միլիոն դրամ, որի դիմաց, սակայն, ծառայություն չէր մատուցել։
Կազմակերպությունը փոփոխության էր ենթարկել հյուրանոցի շենքային պայմանները, որի հետևանքով ևս խոչընդոտներ էին ստեղծվել ծառայության մատուցման համար։ Արդյունքում՝ տուրիստական ընկերության տնօրենը պայմանագիրը լուծելու ցանկություն էր հայտնել՝ պահանջելով վերադարձնել ստացված գումարը, սակայն կազմակերպությունը հրաժարվել էր։
«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Պայծառ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան այն հիմնավորմամբ, որ կողմերի միջև կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով նախատեսված վճարման պարտավորությունն ուղղված է եղել կոնկրետ նպատակի` ծառայություններ ստանալուն: Սակայն ծառայություններ չմատուցելու պարագայում, ներառյալ պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարման արդյունքում, որը առկա էր սույն դեպքում, վճարված գումարի պահումը հյուրանոցային կազմակերպության կողմից դադարում էր իրավաչափ նպատակ հետապնդել։
Փաստաբանի պնդմամբ` ծագած իրավահարաբերության նկատմամբ կիրառելի էին նաև անհիմն հարստացման կառուցակարգերը։
Չընդունելով հայցապահանջը` պատասխանողը պնդում էր, որ կողմերի միջև կնքված պայմանագրի հիմքով պետք է հաշվարկվեին տույժեր և կատարվեր հաշվանց, սակայն Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը պարտավորեցրեց հյուրանոցային կազմակերպությանը վերադարձնել գործարքով ստացվածը, ինչպես նաև հաշվեգրել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսագումարները։
Արդյուքնում՝ տուրիստական ընկերությունը հնարավորություն ստացավ երեք տարի անց ստանալ հյուրանոցային կազմակերպության կողմից ապօրինաբար պահված գումարները։