Դեռևս 2020 թվականի հունիսին ընդդեմ Հայաստանի Հանրապետության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները` Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, դիմել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պնդելով, որ պետությունն ու վարչապետը զրպարտել և վիրավորել են իրենց: Դատարանը 2021 թվականի հունվարի 25֊ին կայացված վճռով բավարարել էր նրանց պահանջն ընդդեմ Վարչապետի՝ պարտավորեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել Խաչատրյաններից և հերքել զրպարտչական տեղեկությունները:
«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանը, ստանձնելով Հայաստանի Հանրապետության և ՀՀ վարչապետի շահերի ներկայացուցչությունը, սեղմ ժամկետում ուսումնասիրելով դատական գործի նյութերը, բողոքարկել էր Առաջին ատյանի դատարանի վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարան: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2021 թվականի հունիսի 7֊ի որոշմամբ մերժել էր բողոքը։
Համաձայն չլինելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հետ՝ Դավիթ Հունանյանը որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան, և 2021 թվականի դեկտեմբերի 15֊ի որոշմամբ բողոքն ընդունվել էր վարույթ: Շուրջ երկու տարի տևած քննության արդյունքում Վճռաբեկ դատարանն այս տարվա օգոստոսի 25֊ի որոշմամբ բավարարեց ներկայացված բողոքը՝ ամբողջությամբ մերժելով Խաչատրյանների հայցապահանջը: