Ի՞նչ կտա «Մարտի 1»-ի նոր հանձնաժողովը

21 Մարտ, 2013www.aravot.am

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն անցած ուրբաթ օրը կայացած նիստում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող նոր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը արժանացրեց դրական եզրակացության՝ ընդգրկելով այն ԱԺ մեծ օրակարգ ու քառօրյա նիստերի օրակարգ: Թե ընդդիմության առաջարկած նախագիծը խորհրդարանի առաջիկա ո՞ր քառօրյայում կընդգրկվի՝ մնում է նիստը վարողի, տվյալ դեպքում՝ ԱԺ նախագահի հայեցողությանը: Նախագծում որոշ փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝ քաղաքական գնահատականներն են հեռացվել: Հիշեցնենք, որ նախագծի համահեղինակ, ՀԱԿ պատգամավոր Ջհանգիրյանն ավելի վաղ ներկայացնելով նախագիծը՝ հանձնաժողովի ստեղծումը հիմնավորել էր այսպես. հանձնաժողովի խնդիրն է լինելու 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատողներին եւ զինծառայողներին հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերի, ինչպես նաեւ դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող հանգամանքները ուսումնասիրելը ու ԱԺ-ին եզրակացություն ներկայացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականության ու հիմնավորվածության վերաբերյալ: Հանձնաժողովի խնդիրներից է նաեւ պարզել այդ դեպքերին պետական պաշտոնյաների ունեցած առնչությունները: Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ հանձնաժողովի գործունեության դրական արդյունքների հարցում լավատես է, ու հավելեց. «Ակնկալում եմ, որ այս հանձնաժողովի գործունեության արդյունքում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կարող ենք տեղից շարժել առնվազն տասը սպանություններից երեք-չորսի նախաքննությունը»: Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ նկատել էր. «Եթե հանձնաժողովը կատարի իր իրական առաքելությունը, սա կլինի նոր քայլ նաեւ պառլամենտարիզմի առումով: Ես այս խնդրին չեմ նայում զուտ մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Սա նոր քաղաքական մշակույթի ձեւավորման փորձ է»: Նոր հանձնաժողովի գործունեության արդյունքների վերաբերյալ ընդդիմության եւ իշխանության ակնկալիքների տարբերությունն ակնհայտ է: Սակայն սպասենք գործունեության արդյունքներին: Թե ի՞նչ հնարավորություններ կան, որպեսզի ընդդիմության ակնկալիքներն արդարանան եւ սպանությունների բացահայտման հարցում դրական տեղաշարժեր լինեն, մանավանդ, եթե նկատի առնենք, որ հանձնաժողովը խորհրդարանական է եւ գործադիրի շատ լծակներից զուրկ, «Առավոտի» հետ զրույցում իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանը նկատեց. «Առանձին հարցեր, իրադարձություններ քննելու եւ եզրակացություններ տալու համար ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու այս փորձերը բրիտանական պառլամենտարիզմի լավագույն դրսեւորումներից են: Այս դեպքում 2008 թվականի մարտի 1-2-ին տասն անձանց սպանությունների եւ մարդկանց պատճառված մարմնական վնասվածքների գործերով դեպքերը կարող են հասնել դրական արդյունքի, որը կարող է լինել անաչառ հանձնաժողովի անաչառ եզրակացությունը: Այդ եզրակացությունը խորհրդարանին ներկայացնելով՝ կարելի է ստանալ քաղաքական մի փաստաթուղթ, որն արդեն կարող է գործադիր օղակների համար խորհրդակցությունների հիմք կամ հասարակական լսումների առարկա դառնալ՝ տվյալ բացահայտումներն օգտագործելու համար որոշակի ուղղությունների նախանշմամբ»: Մեր զրուցակիցը նկատում է, որ այնուհանդերձ՝ խորհրդարանական հանձնաժողովը բավականին լծակներ է ունենալու՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին հարցումներով դիմելու, պաշտոնատար անձանց հրավիրելու եւ պարզաբանումներ պահանջելու առումով: Գրիգոր Մինասյանը ոչ պակաս կարեւոր է համարում այն հանգամանքը, որ կարող են անկախ փորձագետների էլ ներգրավել այդ աշխատանքներում: «Այսինքն՝ ընդհանուր առմամբ կա հնարավորություն լուրջ փաստաթուղթ ստանալու: Սակայն այդ փաստաթուղթը քաղաքական փաստաթուղթ է, որը ներկայացվելու է խորհրդարանի դատին, ու, կարծում եմ, այդ եզրակացության հիմնական նպատակը պետք է լինի այդ իրադարձությունների նկատմամբ հանրային վստահության ձեւավորումը: Այստեղ է, որ պետք է քաղաքական կամք լինի, եւ եթե ինչ-որ բացահայտումներ լինեն՝ գործընթաց գնա»,- ասաց փորձագետը: Զուգահեռներ անցկացնելով մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ նախորդ՝ Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական հանձնաժողովի եւ ստեղծվելիք հանձնաժողովների միջեւ՝ մեր զրուցակիցը չափազանց էական է համարում այն հանգամանքը, որ տվյալ հանձնաժողովը զբաղվելու է կոնկրետ տասը սպանությունների եւ մարմնական վնասվածքների գործերով՝ անդրադառնալով քննչական մարմինների գործողությունների իրավաչափությանը: Փորձագետը գտնում է, որ այս դեպքում հնարավոր է ստանալ մի փաստաթուղթ, որը հանրությանն ամբողջական պատկեր կներկայացնի տեղի ունեցածի եւ մեղավորների առումով: Ունի՞ քաղաքական մեծամասնությունը քաղաքական կամք, որպեսզի ընդառաջ գնա նաեւ ընդդիմության ակնկալիքներին՝ տասը սպանություններից երեք-չորսի բացահայտման վերաբերյալ՝ «Առավոտի» հարցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց. «ՀՀԿ-ի կողմ քվեարկելը եւ որոշում ընդունելը՝ նման եւս մեկ հանձնաժողով ձեւավորելու համար, հենց խոսում է այն մասին, որ մենք ունենք այդ քաղաքական կամքը: Գնում ենք ընդդիմությանն ընդառաջ եւ պատրաստ ենք թեկուզ եւս մեկ շանս, որը մեզ հույս է տալիս, հավաստիացնում է, որ ի վիճակի ենք դրական տեղաշարժով գնալ առաջ, մենք գնում ենք ընդառաջ, եւ ինչպես որոշ քաղաքական ուժեր փորձում են շահարկել, կոծկելու կամ թաքցնելու խնդիր չունենք»: Հիշեցնելով, որ այս նախաձեռնությունը նախագահական ընտրություններից առաջ փոխադարձ պայմանավորվածությամբ հետաձգվեց՝ այն քաղաքական շահարկումների առարկա չդարձնելու համար, Սահակյանն ասում է, որ ՀՀԿ-ն ցավում է մարտիմեկյան դեպքերի համար, եւ ճիշտ չեն համարում դրանց քաղաքականացումը, որքան էլ այն քաղաքական դրսեւորում է՝ քաղաքական հետեւանքներով. «Մարտի մեկի հաշվին դիվիդենդներ հավաքելը քաղաքական ուժի կողմից առնվազն բարոյական չէ, եւ յուրաքանչյուր անգամ թեման շոշափելով՝ պետք է իմանալ, որ տասը զոհերի ընտանիքներն այդ ցավը, կսկիծը վերստին ապրում են: Դա էր պատճառը, որ մենք պարոն Ջհանգիրյանին հորդորեցինք հանել նախագծում առկա քաղաքական շեշտադրումները»: Հովհաննես Սահակյանը գտնում է, որ երեք-չորս սպանությունների բացահայտման համար գործիքակազմն առկա է. «Մենք պատրաստ ենք նստել, աշխատել եւ գնալ առաջ»: Չմանրամասնելով, թե ո՞ր քաղաքական ուժին նկատի ունի, Սահակյանն ասաց, որ ճիշտ չի համարում հարցի դարձյալ շահարկումը, ու հորդորեց խորհրդարանական ուժերին զերծ մնալ գայթակղություններից. «Վերակենդանացման ենթակա որոշ ուժեր «Մարտի մեկի» գործով նորից կփորձեն վերակենդանանալ, բայց չեմ կարծում, որ դա ճիշտ է կամ բարոյական: Գոնե մեկ անգամ փորձենք համախմբվել, իրավական հարթության մեջ աշխատել, որպեսզի ամփոփումը, վերջաբանը լինի դրական: Այն երեք-չորս սպանությունների մասին, որ խոսեց պարոն Ջհանգիրյանը, աչքի տակ ունենանք, որ գոնե այդքանը լինի բացահայտված»:

 ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 
«Առավոտ» օրաթերթ 






Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ