Երեւանում, հունիսի 20-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ‹‹Բարբրի Լիմիթեդ›› ընդդեմ ‹‹Ջազվե›› ՍՊԸ-ի առաջին դատական նիստը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում գրանցված ‹‹Բարբրի Լիմիթեդ›› ընկերությունը դեռեւս 2011 թվականին դիմել էր ‹‹Ջազվե›› ընկերությանը եւ պահանջել դադարեցնել իրենց ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը: Խոսքը վերաբերվում է ‹‹Ջազվե›› սրճարանների պատերի հարդարանքին, որը ‹‹Բարբրի Լիմիթեդ›› ընկերությունը նմանեցրել է իրեն պատկանող ապրանքային նշանին:
Առաջին նիստի ընթացքում դատարանը պարտավորեցրել է ‹‹Բարբրի Լիմիթեդ›› ընկերությանը ապացուցել իր ընկերության ապրանքային նշանի գրանցման փաստը ՀՀ-ում, ինչպես նաեւ այն, որ ‹‹Ջազվե›› ՍՊԸ-ի կողմից օգտագործվող պաստառների եւ աթոռների ծածկոցների նախշերը նույնական կամ նման են ‹‹Բարբրի Լիմիթեդ›› ընկերությանը պատկանող ապրանքային նշանին:
‹‹Ջազվե›› ընկերության շահերը ներկայացնող AM իրավաբանական ընկերության փաստաբանները նշել են, որ հայցը պետք է ամբողջությամբ մերժվի, քանի որ ‹‹Ջազվե›› ընկերության կողմից օգտագործված նախշերը չեն կիրառվել միեւնույն դասի ապրանքների համար:
Այդուհանդերձ, դատարանը առաջին իսկ նիստում կողմերին առաջարկել է հաշտության եզրեր գտնել: Իսկ թե արդյոք նրանց կհաջողվի՞ համաձայնության գալ թե` ոչ, ցույց կտա հաջորդ դատական նիստը, որը կայանալու է օգոստոսի 20-ին:
Աղբյուր՝ www.news.am