«AM» իրավաբանական ընկերությունը կդիմի Եվրոդատարան՝ 6 ամիս անհիմն կալանավորված Արմեն Լաբլաջյանի իրավունքները պաշտպանելու նպատակով

19 Փետրվար, 2015www.shamshyan.com

Դեռևս նախորդ տարվա օգոստոսի 26-ին հանրությունը ականատես եղավ, թե ինչպես իր գրասենյակում, առանց համապատասխան հիմքերի, ցուցադրական կերպով, ձերբակալվեց ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Արմեն Լաբլաջյանը՝ ապօրինի վարձատրություն ստանալու կասկածանքով: Այդ ձերբակալման գործընթացը նկարահանվեց և հասարակությանը ներկայացվեց այդ պահին Արմեն Լաբլաջյանից առգրավված 79.000 ՀՀ դրամը՝ իբրև ապօրինի ստացված վարձատրություն: Հետագայում, չհայթայթելով որևէ ապացույց առ այն, որ նշված 79.000 ՀՀ դրամը հանդիսացել է ապօրինի վարձատրության գումար, չունենալով այլ ելք, այն այդպես էլ իրեղեն ապացույց չճանաչեց և վերադարձրեց Արմեն Լաբլաջյանի ընտանիքին: Հարկ եմ համարում նշել, որ պաշտպանյալիս առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է այն փաստը , որ քրեական գործով անցնող մյուս մեղադրյալ Հենրի Մարտիրոսյանը 1000 ԱՄՆ դոլար է տվել Արմեն Լաբլաջյանին, որպես ապօրինի վարձատվություն, սակայն նախաքննությամբ պարզվել է, որ վերջիններս իրար հետ շուրջ հինգ տարի է գտնվում են ջերմ ընկերական հարաբերությունների մեջ; և Հենրի Մարտիրոսյանը Ա. Լաբլաջյանին 1000 ԱՄՆ դոլարը տվել է պարտքով, ինչը հաստատվում է վերջիններիս կողմից և այլ ապացույցներով: Այս հաստատված հիմքերի առկայության դեպքում շարունակվում է իրականացվել Արմեն Լաբլաջյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը: Չնայած վերոգրյալին՝ կալանավորումը ընտրվում է որպես խափանման միջոց, այնուհետև երկարացվում է ևս 2 ամսով՝ առանց որևէ հիմնավոր կասկածի, որ Արմեն Լաբլաջյանը կատարել է իրեն մեղսագրվող գործողությունը: Չորս երկար ու ձիգ ամիսների ընթացքում վարույթ իրականացնող մարմինը, չկարողանալով որևէ ապացույց ձեռք բերել ի հիմնավորումն առաջադրված մեղադրանքի, նորից միջնորդություն է ներկայացնում դատարան, և կալանավորման ժամկետը երկարացվում է ևս 2 ամսով: Այժմ, երբ ձերբակալման օրվանից անցել է գրեթե 6 ամիս, քննիչը նորից միջնորդություն է ներկայացրել դատարան կալանավորման ժամկետը կրկին երկարացնելու մասին: Հարց է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, առաջնորդվելով իր կողմից որդեգրած մեթոդով, նորից պարզապես կարտագրի սույն գործով կալանավորման հետ կապված նախկինում կայացրած որոշումները և դրանց ստանդարտ «հիմնավորումները», թե այս անգամ գոնե կառաջնորդվի Եվրոպական կոնվենցիայի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներով և առանց հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության չի սահմանափակի Արմեն Լաբլաջյանի ազատությունը: Արմեն Լաբլաջյանի վերջին ամիսների կենսագրության ուսումնասիրությունից առաջանում է անապահովության այնպիսի զգացում, որ ՀՀ-ում որևէ հանրային ծառայող, անկախ նրանից գործել է օրենքի սահմաններում, թե դրա սահմաններից դուրս, որևէ կերպ ապահովագրված չէ, որ այս կամ այն չինովնիկի պատվերով կարող են իրավապահ մարմինները մուտք գործել նաև իր գրասենյակ, գրպանից հանել սեփական գումարը, հանրությանը դա ներկայացնել, որպես ապօրինի վարձատրություն, ձերբակալել և կալանավորել, ինչի հետևանքով ինքը ամիսներ շարունակ անհիմն կգտնվի կալանավայրում: Արմեն Լաբլաջյանը խնամքին ունի երկու մանկահասակ երեխաներ, շաքարային դիաբետով հիվանդ 61-ամյա մայր, 72-ամյա հայր, բնութագրվում է դրական, մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, որպես ազատամարտիկ, ինչի կապակցությամբ պարգևատրվել է թվով երեք շքանշաններով, նախկինում դատապարտված չի եղել և հանդիսանում է հասարակության լիիրավ անդամ: Ցավն այն է, որ հասարակությունը այնքան է զզվել կոռուպցիոն դրսևորումներից, որ երբ նման մեղադրանք է առաջադրվում որևէ անձին, ապա միշտ, առանց մանրակրկիտ հետաքրքրվելու, կամա թե ակամա, գործում է «մեղավորության կանխավարկածի» դիրքորոշումը: Ակնհայտ է, որ Արմեն Լաբլաջյանը դարձել է ապօրինի կալանավորման անմեղ զոհ (դրա մասին գիտեն, թե քննիչը, թե դատախազը, թե դատավորը, թե համապատասխան պատվերն ուղարկած չինովնիկը), և ռեալ վտանգ կա, որ դատարանը նորից առանց որևէ հիմնավորման, կերկարացնի կալանավորման ժամկետը ևս 2 ամսով, ինչը անկասկած հանգեցնելու է նրան, որ «AM» իրավաբանական ընկերությունը ստիպված դիմելու է Եվրոպական դատարան իր վստահորդի իրավունքները պաշտպանելու նպատակով: 

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ