Պաշտպանության նախարարի կնոջ դատական հետապնդումից «Հրապարակ» օրաթերթին կպաշտպանի «AM» իրավաբանական ընկերությունը

9 Հունիս, 2015

 Այսօր «Հրապարակ» օրաթերթի դատական պաշտպանությունը ստանձնել է «AM» իրավաբանական ընկերությունը: Ընկերության փաստաբանների թիմը կղեկավարի իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանը: Փաստաբանական թիմում է ներառվել նաև տեղեկատվական իրավունքի ոլորտում մասնագիտացած «AM»-ի գլխավոր իրավախորհրդատու Վանիկ Մարգարյանը:

2015 թվականի մայիսի 5-ին և մայիսի 23-ին «Հրապարակ» օրաթերթում ու կայքում հրապարակվել են «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածները, որտեղ անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին: Մայիսի 23-ին վերջինիս փաստաբանը «Հրապարակ» օրաթերթին ներկայացրել է հերքման պահանջ և առաջարկել է մինչև մայիսի 30-ը հրապարակել պաշտպանության նախարարի կնոջ պատասխանը: Չսպասելով իրենց իսկ կողմից նշված ժամկետի լրանալուն` արդեն մայիսի 25-ին նախարարի կնոջ կողմից դատարան է ներկայացվել հայցադիմում՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և լրագրող Սյուզան Սիմոնյանի:

Հայցադիմումը մակագրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին, ով ինքնաբացարկ է հայտնել: Դրանից հետո հայցադիմումը նույն օրը մակագրվել է նույն դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին և հայցադիմումն արդեն մայիսի 29-ին ընդունվել է վարույթ:

Ներկայումս «AM» իրավաբանական ընկերության փաստաբանական թիմի կողմից նախապատրաստվում է հայցադիմումի պատասխան, որով «Հրապարակ» օրաթերթն ամբողջությամբ առարկելու է ներկայացված հայցի դեմ, քանի որ դրա համար առկա են ակնհայտ և անվիճելի իրավական հիմնավորումներ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Հետևաբար, «Հրապարակ» օրաթերթի պատասխանը դատարան կներկայացվի մինչև հունիսի 12-ը, որից հետո լրատվամիջոցը և իր փաստաբանական թիմը կհրապարակեն իրենց բովանդակային առարկություններն ու արդարացիության իրավական հիմնավորումները:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ