Բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտներից սպասվող պրոֆեսիոնալ ակնկալիքների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել միջազգային համաժողովում: Դավիթ Հունանյանը, ով որպես «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր մշտապես աշխատում է նորավարտ ուսանողների հետ և այդ աշխատանքի շնորհիվ լավատեղյակ է ծագող խնդիրներին ու այն հմտություններին, որոնք անհրաժեշտ է ստանալ բարձրագույն ուսումնական հաստատություններում, համաժողովի ընթացքում ներկայացրել և պարզաբանել է գործատուի կողմից աշխատանքի ընդունվելու հավակնորդներին ներկայացվող պահանջները: Մասնավորապես շեշտադրում է կատարվել այն պահանջներին, որոնց պետք է համապատասխանի բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտն աշխատանքի ընդունվելու համար:
Այս և ՀՀ կրթական համակարգում առկա այլ խնդիրների, դրանց լուծմանն ուղղված հետագա բարեփոխումների, Հայաստանի որակավորումների ազգային շրջանակների հեռանկարների և ուսումնական ծրագրերի ու դրանց վերջնարդյունքների վերաբերյալ հարցերը քննարկվել են ՏԵՄՊՈՒՍ «ARMENQA» նախագծի շրջանակներում կայացած «Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների իրականացման հիմնախնդիրները ՀՀ բարձրագույն կրթության համակարգում» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում:
Ծրագրի մասնակիցների թվում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար դոկտ. Կարինե Հարությունյանը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, Օսնաբուրկի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Վոլկեր Գեհմլիխը, Հայաստանում «Էռազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և կրթության ոլորտի մի շարք օտարերկրյա ներկայացուցիչներ:
«ARMENQA»-ն եռամյա ազգային ծրագիր է, որն ուղղված է Հայաստանում ազգային և սեկտորալ որակավորումների շրջանակի իրագործմանը: Ծրագրի համակարգողն է Շվեդիայի Լինշոփինգ համալսարանը: