31 ուսուցիչներ դիմել էին «АМ» իրավաբանական ընկերություն՝ երկու տարի չվճարված իրենց աշխատավարձը վերադարձնելու խնդրով

21 Մարտ, 2017

«Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության երեք տասնյակ ուսուցիչների չէին վճարել 2014 թվականի դեկտեմբեր ամսվա աշխատավարձը: Ի պատասխան ուսուցիչների աշխատավարձերը վճարելու պահանջին՝ դպրոցի տնօրինությունը հավաստիացրել էր, որ աշխատավարձը կփոխանցվի, բայց այդպես էլ չէր կատարել վճարումը: 2015 թվականի դեկտեմբերին «Գյումրու մշակույթի վարժարան»-ը կառավարության որոշմամբ միացվել էր Շիրակի պետական համալսարանին: Այդ միավորումից հետո ուսուցչները դիմել էին վերակազմավորված կրթօջախի տնօրենին՝ չվճարված աշխատավարձերը փոխհատուցելու պահանջով, սակայն վերջինից ստացել էին պատասխան, որ աշխատավարձի համար սահմանված գումարը ժամանակին փոխանցվել է դպրոցին, և համալսարանը ոչ մի պարտավորություն չի կրում:     

2016թ. նոյեմբերին «АМ» իրավաբանական ընկերությունը ստանձնեց ուսուցիչների շահերի պաշտպանությունը, և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվեց չվճարված աշխատավարձի ու աշխատավարձի վճարման կետանցված տոկոսների բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը, որտեղ հիմնավորվեց, որ ՀՀ կառավարության N 1418-Ն որոշման երկրորդ մասի համաձայն «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը Շիրակի պետական համալսարանն է, որն էլ պարտավոր է վճարել ուսուցիչների աշխատավարձը:

Առաջին իսկ դատական նիստից անմիջապես հետո պատասխանող կողմը ցանկություն հայտնեց բանակցել և հաշտության համաձայնություն կնքել: Մինչև երկրորդ դատական նիստը «Շիրակի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը կատարեց իր պարտավորությունները բոլոր ուսուցիչների նկատմամբ՝ վճարելով վերջիններիս չվճարված աշխատավարձը, ինչպես նաև  աշխատավարձի վճարման կետանցված օրվա համար սահմանված  տուժանքը:

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ