Վերացվել է 27.000.000 դրամի տուգանքը

30 Մարտ, 2017

Պետական եկամուտների կոմիտեի դեմ դատական գործով «AM» իրավաբանական ընկերությունը գրանցեց հերթական հաջողությունը: «AM» թիմի ջանքերով մաքսային մարմինների կողմից կիրառված ավելի քան 10մլն ՀՀ դրամ տուգանքը վերացվեց, որի հետևանքով վերացավ նաև մեր վստահորդ ընկերության տնօրենի նկատմամբ վարչական իրավախախտման համար կիրառված ավելի քան 17 մլն. ՀՀ դրամ տուգանքը:

Հայցի բավարարման և տուգանք սահմանող որոշման անվավեր ճանաչման հիմքում դրվել է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագիրը՝ «Կրթական Գիտական և Մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» Նյու Յորքի 22.11.1950թ-ի համաձայնագիրը, որի համաձայն գրքի տպագրության համար նախատեսված թուղթը ազատված է մաքսային վճարներից՝ առանց սահմանափակումների, ինչից էլ օգտվել էր մեր վստահորդը՝ ներմուծելով և տպարաններին վաճառելով գրքի տպագրության համար նախատեսված թուղթը:

Մաքսային մարմնի կողմից նշված համաձայնագիրը հաշվի չէր առնվել, որի արդյունքում մաքսային մարմինը եզրահանգել էր, որ վերը նշված արտոնությամբ ներմուծված թուղթը ներմուծողը պետք է անձամբ օգտագործի տպագրության համար՝ առանց վերավաճառելու: Մինչդեռ դատարանը իրավացիորեն հաստատել է, որ նման սահմանափակում միջազգային պայմանագիրը չի նախատեսում, և արտոնության նպատակը գրքի ինքնարժեքի նվազեցումն է, որը որևէ կերպ կախված չէ նրանից, թե ներմուծողը անձամբ է տպագրում թուղթը, թե՞ վերավաճառում է տպարաններին:

Վարչական դատարանի կայացրած այս վճիռը կարող է լուրջ նշանակություն ունենալ Հայաստանում գրքի ինքնարժեքի նվազման համար և կերաշխավորի գրքի տպագրության համար թուղթ ներմուծողների կողմից միջազգային պայմանագրով սահմանված արտոնությունից օգտվելու իրավունքը:

 

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ