«AM» իրավաբանական ընկերության և Հայաստանի Զարգացման Հիմնադրամի միջև վերջերս ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերության աջակցությամբ գրանցվել է ևս մեկ օտարերկրյա ընկերության մասնաճյուղ:
Ազգությամբ հայ գործարարի կողմից ստեղծված և Կանադայում գրանցված «Վի.Էյչ.Էլ Դեվելոփմենթս» ընկերությունն ավելի քան քսան տարի գործունեություն է իրականացնում անշարժ գույքի ոլորտում: Ընկերությունը ստեղծվել է Օնտարիոյի Նոր Տուն Երաշխիքային Ծրագրի շրջանակներում: «Վի.Էյչ.Էլ Դեվելոփմենթս»-ը մասնագիտացած է բազմաբնակարան շենքերի և առաձնատների կառուցապատման ոլորտում և համարվում է կանադական անշարժ գույքի շուկայում գործող առաջատար և հեղինակավոր ընկերություններից մեկը:
Ընկերության հիմնադրի որոշմամբ՝ այժմ ընկերությունը գործունեություն է իրականացնելու նաև Հայաստանում՝ «Վի.Էյչ.Էլ Դեվելոփմենթս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի միջոցով: «AM» իրավաբանական ընկերության մասնագիտացած իրավաբանները՝ փաստաբան Նարինե Սարգսյանի գլխավորությամբ, արագ կազմակերպել են մասնաճյուղի գրանցման ողջ գործընթացը՝ այդպիսով ևս մեկ անգամ աջակցելով Հայաստանում օտարերկրյա ներդրման կատարման գործընթացին:
Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին «AM» իրավաբանական ընկերության և Հայաստանի Զարգացման Հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի Հիմնադրամի կողմից ընկերությանն ուղղորդված հաճախորդներին առաջնային իրավաբանական խորհրդատվությունը և մի շարք այլ ծառայություններ տրամադրվում են անվճար, իսկ վճարովի բոլոր ծառայութունների սովորաբար կիրառվող գնի նկատմամբ հաշվարկվում է 20% զեղչ: