Զենքի օգտագործման համար մեղադրվողն արդարացվեց

25 Հունվար, 2018

Գյումրի քաղաքի բնակիչը տարիներ առաջ գնել էր «Սայգա-410Կ» տեսակի որսորդական հրացան, որը միշտ օգտագործել է օրենքով սահմանված կանոնների համաձայն: Սակայն մի օր նրա բնակարան հյուր եկած անձը, հյուրասենյակի սեղանի վրայից վերցնելով մետաղյա պահարանի բանալին, բացել է պահարանն ու հանել տանտիրոջը պատկանող որսորդական հրացանը և անփութորեն տան հյուրասենյակում արձակել է մեկ կրակոց, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական ծանր վնասվածք:

Այդ միջադեպի արդյունքում 2016 թվականին նրա դեմ հարցուցվել էր քրեական գործ տանը զենք պահելու կանոնները խախտելու, ինչպես նաև այլոց կողմից զենքի օգտագործումը չկանխելու համար, ինչի հետևանքով անփութությամբ մարմնական ծանր վնասվածք է պատճառվել այլ անձի:

Քրեական գործի դատական քննության ընթացքում գյումրեցի որսորդը դիմել էր «AM» իրավաբանական ընկերությանը՝ պաշտպանություն խնդրելով իրեն ուղղված անհիմն մեղադրանքներից:

Շիրակի մարզի դատարանը հանցավոր էր ճանաչել գյումրեցի որսորդին վերոնշյալ արարքի կատարման մեջ և միայն ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի կիրառմամբ էր նրան ազատել քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Այնուամենայնիվ, «AM»-ի փաստաբանական թիմը Լևոն Սահակյանի գլխավորությամբ, չընդունելով կայացված դատական ակտը, բողոքարկել է այն Վերաքննիչ դատարան՝ ներկայացնելով համապատասխան փաստարկներ և պահանջելով անմեղ ճանաչել իր վստահորդին: «AM»-ի մասնագետների կողմից ներկայացված հիմնավոր փաստարկների արդյունքում Վերաքննիչ դատարանը բեկանեց Շիրակի մարզի դատարանի կայացրած դատավճիռը և լիովին անմեղ ճանաչեց մեղադրյալին:

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ