«AM» իրավաբանական ընկերությունը հյուրընկալել էր «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանողներին:
Քրեական գործերով մասնագիտացած փաստաբան և «AM» ընկերության բաժնետեր Լևոն Սահակյանը ուսանողներին ներկայացրեց նրանց հետաքրքրող քրեական իրավունքի մի շարք տեսական և պրակտիկ հարցեր, ինչպիսիք են հանցակազմի տարրերի հատկանիշները, քրեական պատասխանատվությունը մեղմացնող և խստացնող հանգամանքները:
Ուսանողներին հատկապես հետաքրքրեց քրեական պատասխանատվությունը բացառող անհրաժեշտ պաշտպանության և ծայրահեղ անհրաժեշտության ինստիտուտները, որոնց շուրջ տեղի ունեցավ ինտերակտիվ քննարկում. բերվեցին բազում պրակտիկ օրինակներ, իսկ տեսական խնդիրների լուծումն օգնեց ուսանողներին առավել պատկերավոր ընկալելու իրենց հետաքրքրող հարցերի գործնական պատասխանները:
Հանդիպման շրջանակներում ճանաչված և փորձառու փաստաբան Լևոն Սահակյանը ուսանողներին ներկայացրեց նաև «AM» իրավաբանական ընկերության քրեական գործերով զբաղվող փաստաբանների աշխատանքային առօրյան և աշխատելաոճը:
Հանդիպման ավարտին ուսանողները շնորհակալություն հայտնեցին ձեռքբերած նոր գիտելիքների համար և հետաքրքրվեցին «AM»-ում ուսումնական պրակտիկա անցնելու հնարավորության մասին: