Արցախի հիմնահարցը միջազգային համաժողովում ներկայացվել է «AM» իրավաբանական ընկերության կողմից

9 Հոկտեմբեր, 2018

Արցախի հիմնահարցը միջազգային համաժողովում ներկայացվել է «AM» իրավաբանական ընկերության կողմից

«AM» իրավաբանական ընկերության պատվիրակությունը՝ ի դեմս ընկերության բաժնետերեր Վանիկ Մարգարյանի և Նարինե Սարգսյանի, մասնակցել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) տնօրենների խորհրդի հերթական նիստին և «Հանրաքվեներ և անջատում» վերտառությամբ համաժողովին, որին մասնակցել են աշխարհի ավելի քան հիսուն երկրից ժամանած հեղինակավոր իրավաբաններ, իրավապաշտպաններ և գիտնականներ:
Մեր պատվիրակության անդամները ներկայացրել են Արցախյան հիմնահարցը, ելույթ են ունեցել Հայստանում և Արցախում կայացած հանրաքվեների պատմության վերաբերյալ և պետություններից անջատման (secession) թեմայի համատեքստում հիմնավորել ղարաբաղյան հարցով ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ու Արցախի Հանրապետության անկախության հռչակման իրավաչափությունը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից: 
Համաժողովի ընթացքում Արցախի հարցը ներկայացվել է Կոսովոյի, Հարավային Սուդանի, Շոտլանդիայի, Կատալոնիայի ժողովուրդների ինքնորոշման խնդիրների հետ նույն հարթության վրա՝ քննարկելով նմանությունները և տարբերությունները: Միևնույն ժամանակ, «AM»-ի պատվիրակության անդամները ներկայացրել են մեր երկրում հանրաքվեների վերաբերյալ նոր օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև «ուղիղ ժողովրդավարության» հեռանկարները «նոր» Հայաստանում: 
Նշենք, որ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը հանրային իրավունքի ոլորտում գիտելիքի ձևավորման ու տարածման, ինչպես նաև ամբողջ աշխարհում եվրոպական արժեքների տարածման նպատակով ստեղծված միջազգային առաջատար կազմակերպություն է: Դրան անդամակցում են Եվրոպայի 14 պետություններ և միջազգային ճանաչում ունեցող 69 համալսարաններ: 
Հայաստանը Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությանն անդամակցում է 2011 թվականից, իսկ 2014թ. Երևանում գործում է կազմակերպության՝ տարածաշրջանում առաջին և միակ մասնաճյուղը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ