Օտարերկրյա ներդրողի իրավունքները վերականգնվել են. Վճռաբեկ դատարանը բավարարել է «AM» ընկերության փաստաբանի բողոքը
Օտարերկրյա կապիտալով «Հեսսար» ընկերությունը ֆինանսական միջոցներ էր ներդրել Հայաստանում՝ խաղողի մշակման գործունեություն ծավալելու նպատակով: Դժբախտաբար, ընկերությունը բախվել էր չարաշահումների հայազգի աշխատակիցների կողմից և ներկայացրել հաղորդում՝ իր աշխատակիցներին կասկածելով իրենց վստահված դրամական միջոցների յուրացումների մեջ:
ՀՀ Քննչական կոմիտեն խախտել է ընկերության իրավունքները՝ զրկելով ընկերության փաստաբան Դավիթ Հունանյանին գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից: Փաստաբանը բողոք է ներկայացրել վերահսկող դատախազին, սակայն վերջինս չի վերացրել խախտումները: Բողոքներ են ներկայացվել նաև Ընդհանուր իրավասության դատարան, այնուհետև Վերաքննիչ քրեական դատարան: Այնուամենայնիվ, երկու դատական ատյանները նույնպես չեն պարտավորեցրել քննիչին վերացնել ընկերության իրավունքների խախտումները:
Ի վերջո, «AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու Դավիթ Հունանյանը դիմել է Հայաստանի բարձրագույն դատարանին՝ Վճռաբեկ դատարան, որն էլ ներկայացված բողոքը վարույթ է ընդունել և բավարարել է այն:
Արդյունքում ընկերության իրավունքները վերականգնվել են, և թիվ ԱՐԴ1/0006/11/17 գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է նոր որոշում, որն ունի ուղղորդող նշանակություն նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: